Հարեւանները ձեռք ձեռքի՞ են ելել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման դեմ
Ադրբեջանցիները, ի դեմս որոշ լրատվամիջոցների, այնպիսի համառությամբ են աշխատում Վրաստանում հակահայկական «իրողություններ» բացահայտելու ուղղությամբ, կարծես ադրբեջանական լրատվական գործակալությունները մտադիր են փոխարինել հատուկ ծառայություններին, որոնց կարող է հանձնարարված լինել պղտորել առանց այն էլ ոչ մի բանի չնմանվող հայ-վրացական հարաբերությունները:
Ադրբեջանական լրատվամիջոցները ման գալիս, չնայած հանուն ճշմարտության պիտի ասել, որ առանձնակի ման գալ էլ պետք չէ, գտնում են այնպիսի վրացի «մասնագետների», որոնք առանց այլեւայլության հակահայկական տրամադրություններով «բացահայտումներ» են անում:
Թարմ օրինակը, թեեւ ոչ ադրբեջանական լրատվամիջոցների, բայց հայության հանդեպ տրամադրվածության առումով առանձնակի չտարբերվող վրացական ԶԼՄ-ների միջոցով տարածված լրատվությունն էր, թե ոմն քաղաքագետ Համլետ Չիպաշվիլին ինչ է մտածում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետեւանքների մասին:
«Ազգը» տեղեկացրել է Չիպաշվիլու «նախազգուշացնող դիտարկումներին», թե Թուրքիայի հետ սահմանի բացմանը կարող է հետեւել պաշտոնական Երեւանի կողմից Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի համար ինքնավարության պահանջը:
Իսկ ընդհանրական առումով, Չիպաշվիլին հայտարարել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության վերականգնումը կտրուկ ու բացասական ազդեցություն կունենա Վրաստանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կտրվածքով, ինչը լիովին կարելի է համարել բնական հետեւանք, քանի որ Վրաստանը առանց այդ էլ բավականին երկար «օգտվում է» Հայաստանի հանդեպ յուրօրինակ դիրքի ընձեռած հնարավորություններից:
Հակահայկական թեմատիկան հայ-թուրքական զարգացումների ֆոնին վրացական լրատվամիջոցներում բնավ էլ չի սահմանափակվում նման օրինակով: Պատահական չէ, որ հենց այս օրերին են հայտնվում այնպիսի հրապարակումներ, որոնցում վրացական կողմից անհանգստություն է հնչում հայկական ատոմակայանի գործունեության առնչությամբ:
Կամ ակտիվորեն շրջանառվում է Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Մամուկա Արեշիձեի տրամադրած «տեղեկությունը», թե «հայ սահմանապահները եւ տարբեր քրեական խմբեր Հայաստանից ժամանակ առ ժամանակ գողանում են ադրբեջանցիների, որոնք ապրում են Վրաստանի սահմանամերձ գյուղերում, ու աշխատեցնում»:
Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման գործընթացը անհրաժեշտ է դիտարկել որպես տարածաշրջանային, քանի որ կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում: Այսպիսին է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի առնչությամբ Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պապավայի գնահատականը: Վատ չէ, սակայն միայն սկզբի համար:
«Չեմ կարծում, թե տարածաշրջանի (նկատի ունի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանը - Ա.Հ.) շահերից է բխում Հայաստան-Թուրքիա մերձեցումը: Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումից հետո Վրաստանում հնարավոր չի լինի փաստարկել, թե թուրք-մեսխեթցիները էթնիկական նոր խնդիրներ կառաջացնեն Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում», ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Պապավան:
Հասկանալի է, թե ինչու է ի հայտ եկել հիմա էլ թուրք-մեսխեթցիների հարցը, որ արդեն շահարկվում է Վրաստանում այն մոտեցմամբ, որ մեսխեթցիներն էլ առանձնակի մոմ չեն վառում Վրաստան վերադառնալու համար, այն էլ այնպիսի մի տարածք, որ ունի Ջավախքի ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանները:
Այնուամենայնիվ, Պապավան, հուսանք, Ջավախքի բավարար իմացությամբ, հայտարարել է, թե իրականում Ջավախքում ապրող հայերը «չեն ցանկանում ու վախենում են թուրքերի վերադարձից»: 1944 թվականին Ստալինի ձեռքով Հարավային Վրաստանից աքսորված թուրք-մեսխեթցիները հիմնականում, ըստ վրացական իշխանությունների տարածած վիճակագրության, ապրում են Ռուսաստանում եւ Ադրբեջանում:
Պապավան նաեւ «Թրենդին» հայտարարել է, որ եթե Հայաստանը զգա Լեռնային Ղարաբաղի` իր օգտին լուծվելու հեռանկարը, ապա «երկրում որոշ ուժեր կսկսեն բախում սադրել նաեւ Սամցխե-Ջավախեթիում»:
Մի խոսքով, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ վրացի որոշ մասնագետների ու իրենց քաղաքագետ ներկայացնողների հայտարարություններով տարածում են հիմնականում այն, ինչ իրենց ավելի նախընտրելի է, այլապես մեծագույն ուշադրությամբ չէին մեջբերի նույն Պապավայի խոսքերը, թե հայերը ընդդիմանում են Ջավախք թուրքերի վերաբնակեցման, ու դրա իրագործման դեպքում կարող են նոր բախումներ բռնկվել:
Սա էլ, Պապավայի մատուցմամբ, լրիվ ընդունելի ու հասկանալի է, քանի որ «ստատուս քվոն Կովկասում չէր կարող երկար պահպանվել, եւ տարածաշրջանի հակամարտությունները պետք է լուծվեն»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ