«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2009-10-23 | #193, 2009-10-24 | #194, 2009-10-27


2008-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ ԷՐ, ԻՍԿ 2009-ԻՆ ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵԼ Է

Ըստ Արմեն Հարությունյանի

Չգիտեմ` ինչ է տալիս երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին նախորդ տարվա հաշվետվությունը այդ տարվա սկզբից 10 ամիս հետո Ազգային ժողովում քննարկելը, բացի մի անգամ եւս մարդու իրավունքները տարբեր եղանակներով, այդ թվում` ինստիտուցիոնալ բացերի հետեւանքով խախտելու պատկերը մեկ անգամ եւս ցուցանելուց, մանավանդ որ լրագրողներին այդ պատկերը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մի քանի անգամ արդեն տարեսկզբից ներկայացրել է, սակայն այս կարգն է գործում Հայաստանում, եւ երեկ Ազգային ժողովում այդ օրն էր` ՄԻՊ-ը ներկայացնում էր 2008-ի զեկույցը: Ընդմիջմանը, լրագրողների հարցերին պատասխանելով, Արմեն Հարությունյանն ինքը նկատել էր հաշվետվության ներկայացման ժամանակային անհամապատասխանությունն իրավիճակին. «2009-ի սկզբի զեկույցում, որ հիմա պատրաստում ենք, դրական տեղաշարժեր տեսնում ենք, բայց 2008-ին վիճակը բավականին տխուր ենք համարում, եւ մենք նաեւ հատուկ քննչական եւ դատախազական մարմիններին ռեպրեսիվ մարմիններ ենք համարել 2008-ի կտրվածքով: Իսկ 2008-ին, 2007-ի համեմատ որեւէ լուրջ տեղաշարժ չենք տեսել: Այսօր մի այլ միջավայր է` մենք խոսում ենք 2008 թվականի մասին` մի այլ միջավայր էր. այսօրվա իրավիճակը եւ այն, ինչ ես ներկայացնում եմ` իրար չեն բռնում: Դրա համար ճիշտ կլինի, որ առաջին երեք ամիսը, երբ զեկույցը ներկայացնում ենք, այդ ժամանակ Ազգային ժողովը հրավիրի ներկայացնելու` ավելի արդիական եւ ակտուալ կհնչի, եզրակացություններ էլ հնարավոր կլինի այդ զեկույցից անել»: Հիմա, ըստ Արմեն Հարությունյանի, պետական մարմինների հետ համագործակցությունը հեշտացել է, նրանք ավելի են պատրաստ. «Մեր գործն ինչպես է` քննադատում ենք համապատասխան պետական մարմնին, բայց նրա միջոցով էլ պետք է մարդու իրավունքները վերականգնենք: Կարծես այս մշակույթին այս տարի ավելի են սովորել եւ ավելի են ձեռք մեկնում` թե՛ իրենց համապատասխան ստորին օղակների պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելիս, թե՛ հարցեր լուծելիս»: Որպես օրինակ Ա. Հարությունյանը բերեց, որ սեփականության իրավունքի վերականգնման որեւէ արդյունք անցած տարի չէր տեսել, սակայն 2009-ին մոտ 39 ընտանիքի սեփականության իրավունք է վերականգնվել:

Սառույցը շաժվել է, մի խոսքով:

Մարտի 1-ին պատահածն էլ համապատասխան համակարգի թույլ եւ ուժեղ կողմերն առավել ցայտուն բացահայտեց, մարտի 1-ը դարձավ ինդիկատոր ողջ համակարգի համարՙ ըստ նրա:

Իսկ Ազգային ժողովի դահլիճում Ա. Հարությունյանը ներկայացրել էր 2008-ի տխուր վիճակագրությունը` ողջ տարվա ընթացքում ՄԻՊ-ը 5806 անձից ստացել էր 4090 դիմում-բողոք` 1227-ը գրավոր, 2863-ըՙ բանավոր: Ընդհանուր առմամբ վերակագնվել են 6526 անձանց խախտված իրավունքները:

Դիմում-բողոքներ Հայաստանի բոլոր մարզերից են ստացվել: Զեկույցը հիմնականում սեւեռվել է երկու` օրինաստեղծ իրավական եւ ինստիտուցիոնալ մամինների հետ կապված աշխատանքի ուղղություններով: Մյուս խնդիրը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին է վերաբերել, որը բավական ոտնահարվել է հենց օրենսդրության պատճառով: ՄԻՊ գրասենյակը կարողացել է կանխել տեղեկատվության ազատության վիճակը վատթարացնող օրենսդրության ընդունումը:

Ապա կոնկրետ մարմինների` ոստիկանության, դատախազական եւ այլ մարմինների աշխատանքը վերլուծեց, մասնավոր օրինակներ բերեց: Օրինակՙ դատախազության վերաբերյալ դիմումներից շատերը նախաքննական մարմիններում մարդու իրավունքների խախտումներին են վերաբերում: Գլխավոր դատախազին ուղղված դիմումներին պատշաճ պատասխան չի տրվել, բողոքարկելու դիմումները ուղարկվել են նրանց, ում դեմ բողոքում են մարդիկ: Արդյունավետ պաշպանության ինստիտուտը, այդպիսով, դարձել է անիմաստ, քաղաքացիների վստահությունն է կորչում այդ կառույցի նկատմամբ: 2008-ին` ոչ բավարար է եղել հատուկ քննչական ծառայության, դատախազության եւ ՄԻՊ-ի համագործակցությունը: Ընդհանրապես, Ա. Հարությունյանի կարծիքով, մեր գերատեսչությունների չինովնիկները մոռանում են, որ ծառայում են ժողովրդին եւ մարդկանց հարցերը լուծում են այնպես, կարծես լավություն են անում նրանց: Պատգամավորներից Ռաֆիկ Գրիգորյանը տեղում առաջարկեց մարդու իրավունքների առումով վատ աշխատող չինովնիկների ցանկ կազմել եւ ուղարկել իրավասուներին, Ա. Հարությունյանը համաձայն էր այդպիսի աշխատանքի հայեցակարգ ստեղծել: Չծանրանանք` անդրադարձների բազմաթիվ առիթներ են եղել:

ՍԴՀԿ նոր պատգամավորը

«Ժառանգությունից» հեռացված պատգամավոր Վարդան խաչատրյանը, ըստ ՍԴՀԿ մամլո դիվանի հաղորդագրության, անդամակցել է այս կուսակցությանը:

ՀՀԿ նոր պատգամավորը

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ՀՀԿ նոր գրանցված պատգամավորի` Արտակ Զաքարյանի մասին, ով խորհրդարան է մուտք գործել ՀՀԿ համամասնական ցուցակով, կյանքից հեռացած Մելիք Գասպարյանի փոխարեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4