Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսեց գործել ավանդական դարձած «Պանարմենիան էքսպո-2009» ցուցահանդեսը: Մասնակից 100 եւ ավելի կազմակերպությունների թվում է նաեւ 30 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Yves Martin» ընկերությունը, որն արտադրում է տղամարդու տարբեր տեսակի ներքնազգեստներ, եւ որի մասնաճյուղըՙ նույնանուն հայ-կանադական ընկերությունը Հայաստանում հիմնադրեց կանադահայ ճանաչված գործարար Հակոբ Ամիրյանը 1997 թվականին: Երեք տարի շարունակ Հայաստանի տարբեր կարի արտադրամասերում աշխատելով, «Yves Martin» ընկերությունը 2000 թ. Գյումրի քաղաքում իր մասնաճյուղը բացեց եւ մինչեւ օրս բարեհաջող համագործակցելով Գեւորգ Գասպարյանի եւ Վահան Զիրոյանի (Գյումրիի ընկերության պատասխանատուներ) հետ, ընկերության արտադրանքը «Made in Armenia» ապրանքանիշով արտահանվում է Կանադա եւ վաճառվում ամենախոշոր խանութներում:
«Yves Martin» ընկերության դրսից ներկրված բարձրորակ հումքով եւ կատարյալ որակով արտադրանքը Կանադայում մեծ պահանջարկ ունի, հատկապես հայկական ապրանքանիշով, տեղեկացրեց պրն Հակոբ Ամիրյանը «Ազգի» հետ զրույցի ընթացքում: «Ազգը» փորձեց տեղեկանալ, թե անցած 13 տարիների ընթացքում Հակոբ Ամիրյանը Հայաստանում լուրջ դժվարությունների ու բարդությունների առաջ չի՞ կանգնել եւ եթե այո, ինչպե՞ս է կարողացել հաղթահարել, քանի որ գիտենք դեպքեր, որ սփյուռքահայ շատ գործարարներ նեղացել ու հեռացել են հայրենիքից, չդիմանալով...
«Պետք է ասեմ, որ բախտ ունեցա ծանոթանալ եւ հետո համագործակցել գյումրեցիՙ իրենց գործին քաջ տիրապետող, երկու անձանցՙ Վահան Զիրոյանի եւ Գեւորգ Գասպարյանի հետ, եւ նրանք ինձ տվեցին բոլոր այն հնարավորությունները, որ մնամ ու մայր հայրենիքում աշխատատեղեր բացեմ: Իմ հիմնական նպատակն է, որ հայկական արտադրության ապրանքները գնեն առաջին հերթին հայերը ու օգնեն հայկական ընկերություններին:
Պատրաստվո՞ւմ եք ընդլայնել ձեր ընկերությունը Հայաստանում «Ազգի» հարցին, պրն Ամիրյանն ասաց. «Առայժմ դժվար է, տնտեսական ճգնաժամի պատճառով 150 աշխատողից 100-ն է այսօր աշխատում Գյումրիում: Բոլոր դժվարություններն իմ անձնական շահին են խփում, բայց ես չեմ տրտնջում, քանի որ իմ նպատակն է հայ կանանց աշխատանքով ապահովելը, քանզի նրանց ձեռքի շնորհքը շատ հարգի է Կանադայում: Գուցե հետո ընդլայնեմ ու իմ ֆիրմայի արտադրանքը ԱՄՆ, Եվրոպա եւ այլ երկրներ ներկայացնեմ վաճառքի, քանի որ հենց այդ արտադրանքները լուրջ մրցակցության կարիք ունեն»:
Դուք Ձեր արտադրանքի հումքը Թուրքիայով եք ներկրում, ի՞նչ կարծիք ունեք ընթացող հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների բացման շուրջը, եւ դուք ի՞նչ կշահեք: «Բաց սահմանների պարագայում պետք է այնպիսի օրենքներ ընդունվեն, որ ամեն օտարերկրացի իր ուզածը չկարողանա Հայաստանում իրականացնել: Ինչպես շատ երկրներում որոշակի սահմանափակումներ պետք է մտցնել, որոշակի տոկոսներ ավելացվեն Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա, որ հայկական արտադրանքին չխփի: Լավ է, որ այդ սահմանի բացումով Ամերիկա ու Եվրոպա հեշտությամբ մուտք կունենանք: Ի դեպ, հիմա Թուրքիայում էլ շատ արտադրություններ, տեքստիլի ֆաբրիկաներ փակվել են ու նրանք էլ դժվարությունների առաջ են կանգնել: Նույնիսկ ոսկերիչները այսօր Թուրքիայում գործ չունեն: Ես միայն մեկ բան եմ ուզում, որ հայ ժողովուրդը գնի հայկական ապրանք»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ