Ասում է իտալական ներկերի «Օյկոս» ընկերության նախագահը
Այս օրերին Հայաստանում է գտնվում «Օյկոս» աշխարհահռչակ իտալական ներկերի ընկերության նախագահ Կլաուդիո Բալեստրին , որի հետ հանդիպեցինք եւ զրուցեցինք Երեւանում նոր ներկերի ներկայացման շնորհանդեսի ժամանակ: Կլաուդիո Բալեստրիի Հայաստան գալու նպատակը մեր երկրին եւ այստեղ բիզնեսի զարգացման հնարավորություններին մոտիկից ծանոթանալն է: Նշելով, որ մի քանի տարի է, ինչ աշխատում է տեղի «Նարեկ» ընկերության հետ, Կլաուդիո Բալեստրին ամփսոսանքով ասաց, որ մինչ այժմ չէր կարողանում Հայաստան այցելել:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է իտալացի գործարարը գնահատում Հայաստանի բիզնես եւ ներդրումային միջավայրը, «Օյկոսի» նախագահը պատասխանեց, որ Հայաստանի տնտեսության մասին որոշակի տեղեկություններ իր հայաստանյան գործընկերոջից ստացել է: Նա փաստեց, որ Հայաստանը զարգացող երկիր է եւ տնտեսական առաջընթացի մեջ է: «Բավականին շինարարություն տեսա Երեւանում եւ տեղեկացա, որ նոր կառույցների բավականին նախագծեր կան: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանն ավելի կմոտենա Եվրոպային եւ ունի բոլոր հնարավորություններըՙ մտնելու եվրոպական համակարգի մեջ», նշեց Կլաուդիո Բալեստրին :
Իտալացի գործարարի կարծիքովՙ Հայաստանն ամենեւին էլ փոքր շուկա չէ իրենց համար, քանի որ այստեղ երբ մարդկանց համար թեկուզ չնչին հնարավորություն է առաջանում, անպայման ձգտում են զարդարել իրենց տունը: «Երկրներ կան, որոնք Հայաստանից 10 անգամ ավելի մեծ բնակչություն եւ ավելի զարգացած տնտեսություն ունեն, բայց ավելի քիչ են մեր ներկերը վաճառվում, քան Հայաստանում: Մեր արտադրանքի համար մարդկանց քանակը որոշիչը չէ, այլՙ պատմությունը, դեկորատիվ մշակույթը եւ ճաշակը», ընդգծեց մեր զրուցակիցը: Նա նաեւ հայտնեց, որ ընկերությունը գործում է Ուկրաինայում, Ռուսաստանում: Մեր հարեւան երկրներից Վրաստանում նույնպես վաճառվում էին իտալական ներկերը, բայց հիմա այնտեղ ամեն ինչ կանգ է առել «բոլորիս հայտնի պատճառներով»: Ադրբեջանում նոր են սկսել աշխատել: «Փակ երկիր է, դժվարություններ կան մաքսային հարցերում», ասաց Կլաուդիո Բալեստրին:
«Ճգնաժամը չնվազեցրե՞ց իտալական ներկերի վաճառքի ծավալները Հայաստանում», մեր հարցին «Օյկոսի» նախագահը բացասական պատասխանեց, ասելով, թե քանի որ իրենց հիմնական շուկան Հայաստանում լայն զանգվածները չեն, ճգնաժամը շատ չազդեց ներկերի վաճառքի ծավալների վրա: «Մարդկանց հետ ենք աշխատում, որոնք արտերկրում աշխատել են, միջոցներ են ստեղծել եւ ցանկանում են Հայաստանում իրենց տունն ունենալ եւ լավագույն կերպով տան նորոգումն իրականացնել», ասաց նա:
Հայաստանում ներկերի արտադրություն բացելու մասին խոսելովՙ Կլաուդիո Բալեստրին նշեց, որ ինքն այստեղ հատկապես ձեռքի աշխատանքի մեծ ներուժ եւ լավ մասնագիտական արդյունք է տեսել: Դա, ըստ նրա, մեծ հիմք է մտածելու տեղական արտադրություն սկսելու մասին: «Ես դա հնարավոր համարում եմ: Հանդիպել եմ Հայաստանի գործարարների միության նախագահի եւ մյուս հայտնի գործարարների հետ, եւ իմ կողմից կա մտադրություն այստեղ արտադրություն բացելու, բայց ժամանակ է հարկավոր դրա մասին մտածելու համար», ասաց մեր զրուցակիցըՙ ավելացնելով, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը Հայաստանից շատ ավելի մեծ բնակչություն ունի, բնականաբար, հետաքրքրական եւ նպաստող հանգամանք էՙ տեղում արտադրություն ստեղծելու համար:
«Նարեկ» ընկերության նախագահ Ռաֆայել Հարությունյանից տեղեկացանք, որ Հայաստանում վաճառվող ներկերի մոտ 5-10 տոկոսը իտալական «Օյկոս» ընկերության ներկերն են: Նա նույնպես նշեց, որ իր ղեկավարած ընկերությունը ձգտում է տեղում իտալացիների հետ համատեղ այդ ներկերի արտադրությունը կազմակերպել: Դա, ըստ Ռաֆայել Հարությունյանի, հնարավորություն կտա նվազեցնելու տրանսպորտային ծախսերը եւ մոտ 40 տոկոսով էժանացնելու ինքնարժեքը: Այդ ժամանակ Հայաստանում արտադրվող իտալական ներկերը հասանելի կլինեն բնակչության 40-50 տոկոսինՙ ներկայիս 5-10 տոկոսի փոխարեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նկար 1. Կլաուդիո Բալեստրի եւ Ռաֆայել Հարությունյան