2008 թվականի ընթացքում Վրաստանի կառավարության հարգանքը հավատի ազատության հանդեպ մեծացել է: Այսպիսի հայտարարություն է արվել ԱՄՆ պետքարտուղարության` աշխարհում կրոնական ազատության մասին ամենամյա վերջին զեկույցում:
Հոկտեմբերի 26-ին հրատարակված զեկույցում, ի մասնավորի, նշվում է, թե Վրաստանում կրճատվել են կրոնական փոքրամասնությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դեպքերը:
«Այս միտումը ինչպես իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ կրոնական առաջնորդները բացատրում են կառավարության ակտիվ քրեական հետապնդմամբ այն անձանց նկատմամբ, որոնք ոտնձգում են կամ հարձակվում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա», ներկայացված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:
Այնուամենայնիվ, որպես հակասություններ առաջացնող հարց զեկույցում նշվում է կրոնական խմբերի իրավական կարգավիճակի ու գրանցման հարցը: Վրաստանում գործող օրենսդրության համաձայն, կրոնական խմբերը, բացի վրաց ուղղափառ եկեղեցուց, որի հատուկ դերը ընդունվել է 2002-ի կոնկորդատով, կարող են գրանցվել որպես միություններ կամ հիմնադրամներ:
Զեկույցում մանրամասնվում է. «Սակայն որոշ կրոնական խմբեր, այդ թվում` կաթոլիկ եկեղեցին եւ հայ առաքելական եկեղեցին շարունակում են դժգոհություն հայտնել այդ կարգավիճակի առնչությամբ: Նրանք նախկինի նման հանդես են գալիս որպես քաղաքացիական կազմակերպություններ գրանցման դեմ եւ հայտարարում են, որ իրենք նախընտրում են ճանաչվել որպես եկեղեցիներ, կամ որ իրենց տրվի հատուկ կարգավիճակ` որպես կրոնի հիմքով ստեղծված խմբեր»:
Միեւնույն ժամանակ ներկայացվում է Վրաստանի իշխանությունների տեսակետն այս հարցում առ այն, թե վրաց եկեղեցու եւ մյուս կրոնական խմբերի միջեւ այսօրինակ տարանջատումը խորհրդանշական է, քանի որ կրոնական խմբերը «օգտվում են իրավական նույն պաշտպանությունից ու հարգանքից այնպես, ինչպես վրաց եկեղեցին»: «Միակ աննշան տարբերությունը, ըստ Վրաստանի կառավարության հայտարարության, հարկային արտոնություններն են»:
Զեկույցը գրանցման խնդիրը ներկայացնում է պետական ֆինանսավորման օրինակով, որպիսին չի ստացել հայ առաքելական եկեղեցին հայկական եկեղեցիներից մեկի վերանորոգման համար, քանի որ չի ցանկանում գրանցվել որպես հասարակական կառույց:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ այսպես կոչված վիճահարույց եկեղեցիներին, որոնց մասին «Ազգը» բազմիցս բարձրաձայնել է: ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում, մասնավորապես, բերվում են հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների օրինակները, որոնք գտնում են, որ Վրաստանի կառավարությունը չի ցանկանում լուծել եկեղեցիների սեփականությանն առնչվող այդ վիճելի հարցերը, «քանի որ զգուշանում է վրաց եկեղեցուց»:
Զեկույցում նշվում է նաեւ, որ մի շարք կրոնական փոքրամասնություններ շարունակել են հաղորդել ԶԼՄ-ների թշնամանքի կամ արհամարհանքի մասին տվյալներ, չնայած մեծ մասամբ դա բացատրվում է կոնկրետ լրագրողների վերաբերմունքով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ