«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Այդ մասին հոկտեմբերի 28-ի համարում տեղեկացնում է «Զաման» թերթը: Ըստ տեղեկության, 250 տարվա հայկական այս եկեղեցին գտնվում է Մալաթիայի այն թաղամասում, որտեղ ծնվել է հանգուցյալ Հրանտ Դինքը: Եկեղեցու վերականգման նախաձեռնությունը ստանձնել է մզկիթների կառուցման եւ գոյատեւության ապահովման Մալաթիայի քաղաքային վարչությունը:

Թուրքական թերթը հայկական եկեղեցու վերականգնման այս նախաձեռնությունը պայմանավորում է «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարյուրամյա վաղեմությամբ անհաշտությանը վերջ դնող» արձանագրությունների ստորագրմամբ եւ նշում է, որ վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու է նշված վարչությունը: Վարչության նախագահը վերականգնման առնչությամբ դիմել է վարչապետարան, ապա մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն, իսկ 2009-ի մարտին հարցը քննարկել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի հետ: Թեեւ 2009-ին վարչության դիմումից հետո եկեղեցու վերականգնումը ընդգրկվել է մշակույթի նախարարության ծրագրում, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել սկսել վերականգնման աշխատանքները: Այսպիսով, վարչությունը որոշել է իր միջոցներով հոգալ եկեղեցու վերականգնման ծախսերը:

Եկեղեցու «հաշտության նախագծի» շրջանակներում իրականացվող վերականգնումը, ըստ մզկիթների կառուցման քաղաքային վարչության ղեկավարների, օրինակելի նախաձեռնություն է, կնպաստի Մալաթիայում զբոսաշրջության զարգացմանը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4