Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների շրջանում խիստ պահանջարկված անձ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը , որը բավական տեւական ժամանակ մի քանի հարցի պատասխանեց:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հարցուպատասխանին եկել էր պլակատներով:
6 օր առաջ Թեղուտի պաշտպանության խմբի հետ վարչապետի հարցազրույցի առիթով («մեր կառավարությունն ու վարչապետը պատասխանատու են ՀՀ-ում ապրող 3 մլն հայերի համար» արտահայտությունն էր բողոքի պատճառը) բողոքի ակցիա կազմակերպած պատգամավորի պլակատները պատռել էին ոստիկանները. Զ. Փոստանջյանը նրանց պատասխանատվության կանչելու էր կոչում. բողոքի պաստառները նաեւ վերաբերել են ցեղասպանությանը, հայ-թուրքական արձանագրություններին: Զ. Փոստանջյանը համարում էր, որ կառավարությունը պետք է պատախանատվություն կրի ոչ թե 3 մլն-ի, այլ 10 մլն հայերի համար:
Ի տարբերություն Զ. Փոստանջյանի բորբոքված տոնի` վարչապետը պատասխանեց հանգիստ տոնայնությամբ` նկատելով, որ երկխոսության համար պատգամավորուհին ճիշտ բառակապակցություններ չի օգտագործում.«Ի սկզբանե Ձեր հարցադրումներով ուզում եք ստեղծել կոնֆրոնտացիոն-ագրեսիվ մթնոլորտ, որի արդյունքում շատ դժվար է գալ ընդհանրական եզրահանգումների, որոնք Ձեզ համար ընդունելի կլինեն: Դուք հաճախ այս դահլիճում խոսում եք օրենքից, օրենքի տառից, եւ մենք կարող ենք մեր երկխոսությունը տեղափոխել օրենքի դաշտ», ասաց նաՙ տեղեկացնելով որ բողոքի մասին իրազեկված է, արդարադատության նախարարը տեղյակ է պահել, հարցը գտվում է ուսումնասիրման փուլում, փաստերը կուսումնասիրվեն` իրավական հարթության մեջ ընթացք կտրվի Փոստանջյանի մատնանշած միջադեպին. «Այն վիրավորական արտահայտությունները, որ Դուք կիրառում եք մեր խորհրդարանի համար, եւ Ձեզ էլ վայել չեն` հաշվի առնելով, որ մշտապես մենք բաց ենք երկխոսության համար` Ձեզ եւ Թեղուտի հարցով մտահոգ քաղաքացիների հետ մշտապես հանդիպել եմ եւ պատրաստ եմ մեկ անգամ էլ ընդունել եւ քննարկել բոլոր մտահոգող խնդիրները»: Նա ավելացրեց, որ պետք չէ աղավաղել վարչապետի հայտարարությունները. «Ես չեմ հասկանում, թե ինչ նպատակ եք դուք հետապնդում` մեղադրելով ինձ, որ ես իմ հեռուստաելույթում հիշել եմ 3 մլն այն քաղաքացիներին, որոնք մասնակցում են մեր ընտրություններին, որոնք մեր առջեւ խնդիրներ են դնում, եւ մենք մեր նախընտրական ծրագրերով այդ մարդկանց ձայներն ենք ստանում պատգամավոր կամ երկրի նախագահ ընտրվելիս, նախընտրական քարոզը տանում ենք կոնկրետ ՀՀ տարածքում: Եվ պետք չէ աղավաղել իմ ասածները, մանավանդ կարող եմ հիշատակել Հայկական աշխարհի գաղափարախոսությունը, որը մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծելու»:
Զ. Փոստանջյանին չբավարարեցին այդ պատասխանները, նա իր հարցերը կրկնեցՙ ասելով` «Ոչ թե 3, այլ 10 մլն ենք»: Վարչապետը նրան խնդրեց մի փոքր հանգստանալ, որպեսզի իր արտահայտած մտքերը մեկ անգամ եւս չաղավաղի.« 3 մլն-ի մասին արտահայտությունը պետք չէ դուրս բերել կոնտեքստից»:
Սակայն 3 մլն-ի եւ 10 մլն-ի թեման շարունակեց նաեւ ՀՅԴ-ից Արտաշես Շահբազյանը , որը հիշեց, որ ժամանակին հաճելի է եղել լսել կառավարության ղեկավարին 10 միլիոնանոց Հայոց աշխարհի մասին խոսելիս, իսկ նրա նոր արտահայտությունը, թե պատասխանատու է միայն 3 մլն-ի առաջ, համընկավ այն երեւույթների հետ, երբ 10 միլիոնանոց Հայոց աշխարհը դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին, եւ թուրք բարձր պաշտոնյաները մեզ խորհուրդներ են տալիս, թե Հայաստանը պետք է ձերբազատվի սփյուռքից, նրա խորհուրդներից եւ ինքնուրույն կողմնորոշվի:
Ըստ վարչապետի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սփյուռքի միայն մի փոքրիկ քաղաքականացված հատվածն է դեմ արձանագրություններին, որովհետեւ իրենց պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների առումով չեն համընկնում Հայաստանի Հանրապետության պատկերացումների հետ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. «Եվ դա բնական է, Հայկական աշխարհը չի կարող լինել միատարր, նա բազմազան է եւ հզոր է դրանով, որ այդ բազմազանության մեջ կան տարբեր կարծիքներ, եւ մենք հարգում ենք այդ կարծիքները: 3 մլն-ի վերաբերյալ իմ պատասխանը շատ հստակ է, որովհետեւ մենք այսօր ունենք երկու պետականություն, եւ այդ երկու պետություններն իրենց օրինական իշխանություններով ունեն օրինական սահմանադրություններով հաստատված պարտականություններ` իրենց ընտրողների հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է Հայկական աշխարհին, մեր հայեցակարգը հստակ է` մենք Ձեզ հետ միասին պարտավոր ենք հզորացնել Հայկական աշխարհը, իսկ Հայկական աշխարհի շարժիչ ուժը Հայաստանի Հանրապետությունն է, որն այդ առումով պատասխանատու է ամբողջ Հայկական աշխարհի համար: Եվ եսՙ որպես վարչապետ, միայն 3 մլն-ի համար պատասխանատու չեմ, այլ որպես այդ Հայկական աշխարհում լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ` պատասխանատու եմ նաեւ այդ 10 մլն-ի առջեւ, եւ ես խնդրում եմ, որ իմ արտահայտությունը կոնտեքստից դուրս չմեկնաբանվեն, մանավանդՙ կապելով արձանագրությունների հետ»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ