Ըստ ֆինանսների նախարարի` այժմ կայունացումից անցնում ենք վերականգնման
Տնտեսական ցուցանիշներին եւ հակաճգնաժամային միջոցառումներին երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին տնտեսական անկումը կանգ է առել եւ անգամ փոքր-ինչՙ 0,1-ական տոկոսով կրճատվել է: Ըստ ֆինանսների նախարարի` Հայաստանի համար ճգնաժամի հատակը եղել է հուլիս ամիսը, երբ տնտեսական անկումը 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էր 18,5 տոկոս: Հետո սկսվել է կայունացումը, եւ, Տիգրան Դավթյանի համոզմամբ, այժմ կայունացումից անցնում ենք վերականգնման, եւ տնտեսական անկումը տարեվերջին կկազմի 15 տոկոս: Էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ անցյալ տարի հենց հոկտեմբերից համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսեց ազդել մեր երկրի տնտեսության վրա, եւ տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազեց: Այս տարի արձանագրվող աճի միտումի համատեքստում էլ նախորդ տարվա համեմատ անկման ցուցանիշը կնվազի:
Այս տարվա բյուջեի ծախսերը հիմնականում կպահպանվեն եւ կկազմեն մոտ 900 մլրդ դրամ: Տիգրան Դավթյանը նշեց, որ կան ծախսեր, որոնք չեն արվելու, քանի որ տնտեսական զարգացման վրա ազդեցություն դրանք չունեն: Փոխարենն ավելացել են տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունեցող ծախսերըՙ աղետի գոտու համար 24 մլրդ դրամի հատկացումը, ավելացված արժեքի գերավճարների վերադարձման համար 15 մլրդ դրամի հատկացումը եւ այլն: Այսինքն` ծախսերը կառուցվածքային փոփոխություններ են կրել:
«Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տարեկան ցուցանիշը, նկատի ունենալով, որ ներկայումս հայտարարվում է 25-26 տոկոս ցուցանիշը, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ տարեկան ցուցանիշը բնականաբար կփոխվի եւ կգտնվի 17 տոկոսի սահմաններում: Տիգրան Դավթյանի կարծիքով, եկող տարի նույնպես այս ցուցանիշը կգտնվի 17 տոկոսի սահմաններում:
Գնաճի վերաբերյալ ֆինանսաների նախարարն այն կարծիքը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կպահպանվի ցածր մակարդակի վրա, իսկ հիմա 2,7 տոկոս է: Պետական ընդհանուրՙ ներքին եւ արտաքին պարտքը, ըստ նախարարի, կազմում է ՀՆԱ 47-48 տոկոսը, իսկ միայն արտաքին պարտքըՙ ՀՆԱ 32 տոկոսը: Դա, ըստ Տիգրան Դավթյանի, կառավարելի եւ վերահսկելի ցուցանիշ է: Սակայն հետագայում այդ ցուցանիշն աստիճանաբար կսկսի նվազել, ինչպես ՀՆԱ ավելացման, այնպես էլ պարտքի սպասարկման արդյունքում: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում որոշ վարկերի պայմանների վերափոխման եւ թեթեւացման վերաբերյալ: Բացի այդ, ավելի էժան ռեսուրսի հնարավորություն է առաջացել: Խոսքը Եվրոմիության աջակցության մասին է, որի զգալի մասըՙ մոտ 50 մլն դոլարը, կլինի դրամաշնորհ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ