«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որն ընդունվել է 2003-ին, գնահատվել է առաջադեմ նախագիծ ոչ միայն տեղի, այլեւ միջազգային դիտորդական հաստատություններից: Օրենքի մի շարք կետերում կային թերացումներ, որոնց շտկման անհրաժեշտություն էր զգացվում: Փոփոխությունների փաթեթը, որ մշակել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ-ի, ԱԺ-ի եւ արդարադատության նախարարության համագործակցությամբ նպատակ ունի օրենքը դարձնել ավելի մատչելի ու կիրառելի: Օրինագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ հասարակական կազմակերպություններ եւ պետական մարմիններ տարբեր առաջարկություներ են կատարել: Օրենքի նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ օրենքում սկզբունքային փոփոխությունները վերաբերում են երկու կարեւորագույն կետի: «Առաջինը էլեկտրոնային հարցումների հետ կապված հիմնախնդրի կարգավորումն էր: Երկրորդըՙ օրինագծի ընդունումից հետո կառավարությունը պարտավոր էր որոշակի կարգեր սահմանել տեղեկատվության պահպանության հետ կապված, սակայն ինչ-ինչ պատճառներով կառավարությունը թերացել էր, ինչն առաջացնում էր որոշակի դժվարություններՙ տեղեկատվություն ստանալու հետ կապված: Ուստի վերոնշյալ գործառույթների հետ կապված հարցերը կանոնակարգել ենք օրենքում: Տեղեկատվության պահպանության հետ կապված հիմնախնդիրները օրինագծից դուրս են բերվել, քանի որ դա տեղեկատվության ազատության օրինագծի խնդիրը չէ», ասաց Դալլաքյանը:

ԱԺ պատգամավորի խոսքերովՙ փոփոխությունները հիմնարար նշանակություն կունենան տեղեկատվության ազատության սահմանադրական նորմերն ապահովելու համար: Նա չբացառեց, որ փոփոխված տարբերակից հետո, երբ օրենքը կյանքի կոչվի, օրենքի հետ կապված այլ փոփոխություններ կարող են իրականացնել, մատնանշելով, որ իրականությունը քարացած չէ, եւ օրենքը կատարելագործելու անհրաժեշտություն կա:

Դալլաքյանը համաձայնեց, որ կան պաշտոնյաներ, ովքեր թերանում են իրենց գործառույթները կատարելիս, հետեւաբար փոփոխություն են կատարել նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ու սահմանել պատասխանատվություն տուգանքի ձեւով: «Կարծում եմՙ պատասխանատվությունը կարելի է խստացնել: ԶԼՄ-ները պետք է պարսավեն այն պաշտոնյաներին, ովքեր չեն կատարում մարդկանց տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների իրականացումը, եւ հասարակական կարծիք ձեւավորեն այդ պաշտոնյաների նկատմամբ»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն էլ ասաց, որ տեղեկատվության ազատությունը ժողովրդվարական եւ բազմակարծ հասարակության ձեւավորման երաշխիքներից է: «Այն նպաստում է պետական կառույցների հմուտ կառավարման, թափանցիկ ու հաշվետու համակարգի խթանմանը: Ուրախ ենք աջակցել տեղեկատվության օրենքի բարեփոխմանը եւ հույս ունենք, որ կընդունվեն բարեփոխումներ, որոնք կխթանեն պետական տեղեկատվության ավելի բարձր մատչելիություն»:

«Տեղեկատվության ազատության կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը հավաստիացրեց, որ նախաձեռնությունը կնպաստի մի շարք խնդրահարույց հարցերի լուծմանը: «Կարեւորագույն խնդիր էր տեղեկատվության տրամադրման վճարման հետ կապված հարցերի լուծումը: Օրենքում գների մասին ոչինչ չեր ասվում: Այդ նպատակով առաջարկվել է համապատասխան լրացուներ կատարել պետական տուրքի օրենքում: Գործող օրենքը խտրականություն էր դնում ՀՀ քաղաքացու եւ օտարերկրացու միջեւ: Կային որոշ տեղեկություններ, որոնք օտարերկրացուն հասանելի չէին: Փոփոխված տարբերակում այդ խտրականությունը վերացված է», ասաց Դոյդոյանը:

Սահմանվել է նաեւ հատուկ սկզբունք տարբեր լրատվամիջոցների հանդեպ խտրականության վերացման համար: Այս կամ այն լրատվամիջոցին սիրել-չսիրելը չպետք է առիթ դառնա տեղեկության թերի տրամադրման համար: Օրենքի նախագծի հեղինակները հայտարարում են, որ տեղեկությունը պետք է տրամադրել բոլորին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4