«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ՓՈՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ( «Ազգ» , 28 հոկտեմբերի, 2009) 2009-ի հունվար-սեպտեմբերին առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ցանկի առաջատարն «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունն է, որի վճարած հարկերը կազմել են 12,7 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում առաջատարը պարբերաբար փոխվել է: Առաջին եռամսյակի արդյունքներով, առաջատարը «Ալեքս գրիգն» էր, կիսամյակի տվյալներով` «Հայռուսգազարդը» եւ ահա 9 ամսվա տվյալներով` «Ղ-Տելեկոմը»: Նշենք նաեւ, որ բջջային կապի օպերատոր այս ընկերությունը 2008-ի ընթացքում անփոփոխ գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը:

300 խոշորների ցանկում «Արմենտելը» («Բիլայն») այս անգամ եւս, ինչպես կիսամյակային ցուցանիշներով, երկրորդ տեղում է: Նրա վճարած հարկերը կազմել են 10,7 մլրդ դրամ: Սակայն հեռահաղորդակցության ոլորտի այս երկու ընկերությունների շրջանառությունները, բնականաբար նաեւ հարկային վճարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակիորեն նվազել են:

3-րդ տեղում մի շարք ոլորտներում մենաշնորհներ ունեցող խոշորագույն ներմուծող ընկերությունն էՙ «Ալեքս գրիգը», որը վճարել է 10,7 մլրդ դրամ: Սա թեեւ փոքր-ինչ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերության վճարած հարկերից, բայց շահութահարկի գծով դարձյալ բավականին համեստՙ 33 մլն դրամ է վճարվել:

2009-ի 6 ամսվա ցուցանիշներով առաջատար «Հայռուսգազարդը» 9 ամսվա ցուցանիշներով 4-րդն էՙ 10,7 մլրդ դրամ վճարած հարկերով: Առաջատար հնգյակը եզրափակում է վառելիք ներկրող առաջատար ընկերությունըՙ «Ֆլեշը», որը վճարել է 8,3 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 400 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամակահատվածի ընկերության վճարածից: 6-րդ տեղում մեկ այլ վառելիք ներմուծող ընկերություն էՙ «Սիթի պետրոլ գրուպը»: Նա վճարել է 5,7 մլրդ դրամ, իսկ նրա իրավանախորդ «Քաղպետրոլսերվիսը»ՙ 1,8 մլրդ դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 7-րդն էՙ 4,5 մլրդ դրամ վճարումներով, ծխախոտ ներմուծող «Վիդիս Դիսթրիբյուշնը»` 8-րդըՙ 4,5 մլրդ դրամով: 9-րդ տեղում «ինտերնեյշնլ Մասիս տաբակն» է 3,8 մլրդ դրամով, իսկ Հրանտ Վարդանյանին պատկանող մյուս խոշորՙ «Գրանդ տոբակո» ընկերությունը 11-րդն էՙ 2,8 մլրդ դրամով: Եվ ընդհանրապեսՙ Վարդանյաններին պատկանող այս եւ մյուսՙ «Գրանդ քենդի» ընկերությունների վճարած հարկերի գումարը հասնում է 7,5 միլիարդի, ինչը նրանց ապահովում է 6-րդ հորիզոնականը: 10-րդ տեղում բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիան» է: Այս ընկերությունն արդեն վճարել է 3,5 մլրդ դրամ հարկեր:

Տարիներ շարունակ հարկատուների ցանկը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ 15-րդն էՙ 2,1 մլրդ դրամով: Կոմբինատը որոշակիորեն բարելավել է հարկերի վճարման իր ցուցանիշը եւ զբաղեցրած տեղը ցանկում: Այս տարվա առաջին 6 ամսվա ցուցանիշներով նա 32-րդն էր եւ վճարել էր մոտ 800 մլն դրամ:

Բանկերից ամենախոշոր հարկատուն «Արդշինինվեստբանկն» էՙ զբաղեցրած 16-րդ տեղով եւ 1,9 մլրդ դրամ վճարած հարկերով: Նրան հաջորդում է «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկը»ՙ 1,8 մլրդ դրամով:

Սրանք 300 խոշորների ցանկի վերին հորիզոնականներում գտնվողների ցուցանիշներն էին: Ցանկի այլ մանրամասներին կանդրադառանանք հաջորդ հրապարակումներում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4