Մինչ ե՞րբ են սահմանափակվելու հազարավոր մարդկանց իրավունքներն ու արհամարհվելու շահերը
Կոզեռնում ապրող Գրիգորյանների ընտանիքը արդեն 5-րդ տարին է, ինչ սպասում է, թե ինչ պետք է լինի իրենց տան եւ տնամերձ հողամասի հետագա ճակատագիրը: Տունը գտնվում է իրացման գոտում, եւ յուրաքանչյուր տարի Գրիգորյաններն ու Պռոշյան փողոցի եւ Պռոշյան նրբանցքի մյուս բնակիչները նույն հարցն են տալիս միմյանց, թե այս տարի ի վերջո կսկսվի՞ իրացումը, թե՞ դարձյալ կհետաձգվի հաջորդ տարվան: Այդ հարցը տարիներ շարունակ միմյանց տալիս են նաեւ մայրաքաղաքի ավելի քան 2000 ընտանիքներ, որոնց տներն ու տնամերձները գտնվում են իրացման գոտիներում: Հայտնվելով անորոշության մեջ, նրանք չգիտեն ինչպես վարվել:
Իրացման գոտու տարածքների տների մի զգալի մասը խարխուլ է, կառուցված տասնյակ տարիներ առաջ եւ դրանցում բնակվելն արդեն անտանելի է դարձել: Շատերը ցանկանում են վերանորոգել, բայց տարակուսում ենՙ իսկ եթե հաջորդ տարի սկսվի իրացումը եւ տները քանդե՞ն, ինչի հետեւանքով կկորչեն նաեւ նորոգման համար ծախսված գումարները: Կամ յուրաքանչյուր ձմռան շեմին շատերի մեջ մեկ այլ հարց է ծագումՙ գազ անցկացնե՞լ, թե՞ դարձյալ կարող է անիմաստ ծախս դառնալ: Իրացման գոտիների բնակիչները չեն կարող նոր տուն կառուցել կամ եղածի վրա նոր կապիտալ շինություն, քանի որ օրենքով իրացման գոտիներում դրա իրավունքը չունեն: Տունը վաճառել նույնպես չեն կարողՙ դրա իրավունքը եւս չունեն: Իսկ ունենալու դեպքում էլ ոչ մի գնորդ ռիսկի չի գնա եւ քանդման ենթակա տուն չի ձեռք բերի իրացման գոտում:
Այն բնակիչները, որոնք պայմանագիր են կնքել եւ համաձայնել են վարձով ապրել կառուցապատող կազմակերպության տրամադրած ամսական 30 կամ 40 հազար դրամով, մնացել են «օդից կախված»: Որքա՞ն են նրանք վարձով ապրելու, դարձյալ անհայտ է: Առավել եւս, որ կառուցապատողի տրամադրած գումարով լավագույն դեպքում քաղաքի ծայրամասում մեկսենյականոց բնակարան կարելի է վարձել:
Ներկայումս, համաձայն օրենքի, կառավարության որոշումներով գերակա շահ է ճանաչված Երեւանի 54 տարածքներում: Դրանց թվում են Գլխավոր պողոտան, Գինու գործարանին հարող տարածքը, Բուզանդ-Արամի փողոցների հատվող տարածքը, տարածքներ Եկմալյան փողոցում, Աբովյան փողոցում, Դեղատան-Մհեր Մկրտչյան փողոցներին հարող տարածքը, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող եւ այլ տարածքները ու առավել խոշոր թաղամասերըՙ 33-րդ թաղամասը, Կոնդը, Կոզեռնը: Մասնավորապես, 33-րդ թաղամասում սեփականատերերի թիվը 265 է, Կոնդումՙ 931, Կոզեռնում (Պուշկինի այգուն հարակից տարածք)ՙ 130: Այս բոլոր տարածքներում վաղուց անց են կացվել մրցույթներ եւ հայտնի դարձել շահողները: Մի մասում կառուցապատման աշխատանքները սկսվել են, բայց ընթանում են շատ դանդաղ, մյուսներում անգամ իրացման աշխատանքները չեն սկսվել կամ էլ կիսատ են մնացել:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում «Իրացման եւ կառուցապատման աշխատանքներ իրացման գոտիներում» բաժնում գրված է, որ 2009-ին Կոնդ թաղամասում իրացման եւ կառուցապատման նպատակով պետք է ներդրվեր շուրջ 39 մլրդ դրամի, 33-րդ թաղամասում («Ֆիրդուսնոց»)ՙ 12 մլրդ դրամի եւ Պուշկինի այգուն հարող (Կոզեռն) տարածքումՙ 8 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ: Անգամ նշված է ըստ եռամսյակների ներդրումների չափը, որ պետք է կատարեին կառուցապատողները: Սակայն ակնհայտ է, որ այդ ամենը մնացել է թղթի վրա: Այն, որ 2009-ին այդ աշխատանքները չկատարվեցին, թերեւս ունի օբյեկտիվ պատճառՙ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Բնական է եւ հասկանալի, որ 2009-ին նախատեսված կառուցապատման նախագծերն այդ տարի չիրականացվեցին, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ դրանք մինչ այդ տարիներ շարունակ չէին իրականացվում, ինչո՞ւ դրանք անցյալ տարի հետաձգվեցին 2 կամ 3 տարով: Այսինքն, քիչ է, որ տասնյակ հազարից ավելի մարդիկ արդեն 5 - 6 տարի սպասողական վիճակում են, չեն կարող ազատորեն տնօրինել իրենց գույքն ու իրագործել կենսական նշանակություն ունեցող նպատակները, այժմ նրանք եւս 2-3 տարի պետք է սպասեն, թե երբ կառուցապատողները կհաճեն սկսել իրացումը: Իսկը «շունը խոտի դեզի վրա» իրավիճակՙ շունը խոտ չի ուտում, բայց եւ չի թողնում որեւէ մեկը մոտենա դեզին:
Կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին հարցումներ ենք ուղղել, թե ի՞նչ է լինելու իրացման գոտիների եւ դրանցում բնակվողների ճակատագիրը, եւ մեր թերթում ներկայացնելու ենք ստացված պատասխանները: Մեր կողմից կարող ենք ներկայացնել այն տարբերակները, որոնք հնարավորություն կտան որոշակիորեն հանգուցալուծելու այս խնդիրը եւ շահավետ կլինեն թե՛ բնակիչների, թե՛ կառուցապատողների, թե՛ Երեւանի կառուցապատման եւ թե՛ շինարարության ու անշարժ գույքի շուկայի աշխուժացման համար:
Կառավարությունը նախաձեռնել էր 1 մլրդ դրամից ավելի ներդրումներով նոր շինարարություն սկսողների համար հարկային որոշակի արտոնություններ տրամադրող օրենքի նախագիծ, որով վերջիններս առաջիկա 2 տարիներին շինարարություն սկսելու պարագայում դրա ավարտից հետո հետ կստանային իրենց վճարած հարկերը: Այդ նախագծի մասին կարծես թե մոռացել են: Մինչդեռ այն կարելի է կյանքի կոչել եւ կիրառել իրացման գոտիների կառուցապատողների համար:
Մեկ այլ տարբերակ է կառուցապատողների համար շինարարության ընթացքում 2 կամ 3 տարով հարկերի վճարումը հետաձգելը, շինարարության ավարտից եւ շենքերում տարածքների վաճառքից հետո դրանք գանձելու պայմանով:
Եվս մեկ տարբերակ, իրացման եւ բնակիչներին փոխհատուցումների տրամադրման նպատակով, Ռուսաստանից եւ միջազգային կառույցներից ստացած միջոցները ցածր տոկոսադրույքներով տրամադրել կառուցապատողներին եւ սահմանել առանց տոկոսների 3 տարվա արտոնյալ ժամկետ, որի ընթացքում նրանք կիրականացնեն շինարարությունը: Դա նաեւ աշխուժություն կստեղծի ու կխթանի պահանջարկը անշարժ գույքի շուկայում:
Կառավարությունը կարող է դիմել մեկ այլ քայլի: Այն կառուցապատողներից, որոնք չեն կարողանում հասցնել սկսել իրացման աշխատանքներն արդեն մեկ անգամ հետաձգված ժամկետներում, հետ վերցնել շինարարություն իրականացնելու իրավունքը տվյալ տարածքում եւ հայտարարել կառուցապատման նոր, գուցե եւ միջազգային մրցույթ: Ի վերջո, եթե տեղական կազմակերպություններն ի վիճակի չեն նման խոշոր կառուցապատման ծրագրեր կյանքի կոչել, թող դա իրականացնեն արտասահամանյան ընկերությունները: Իտալական «Ռենկո» ընկերության հաջողված գործունեության օրինակը Երեւանում բոլորիս աչքի առջեւ է:
Վերջապես, եթե այս բոլոր տարբերակներն այս կամ այն պատճառով նպատակահարմար չհամարվեն, ապա մնում է պարզապես վերացնել հանրային գերակա շահն այն տարածքներում, որոնցում կառուցապատողները սահմանված ժամկետներում չեն կարող սկսել իրացումն ու կառուցապատումը, եւ թույլ տալ մարդկանց ազատորեն տնօրինել իրենց սեփականությունը: Վերջ ի վերջո, այդ տարածքներում ապրող բնակիչները կառուցապատողների, Երեւանի քաղաքապետարանի կամ կառավարության գերիները կամ պատանդները չեն: Եվ եթե այս պահին տնտեսական իրավիճակով պայմանավորված անհնար է մեր մայրաքաղաքի հետագա կառուցապատումը, կարելի է դա հետաձգել ավելի լավ ժամանակների, բայց ոչ հազարավոր մարդկանց շահերի եւ իրավունքների հաշվին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ