ՀՀ քաղաքացիներս հիշում ենք, որ 2003 թվականին ՀՀ կառավարությունը մի փաստաթուղթ հաստատեց, որը կրում էր «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» խոստումնալից անվանումը: Այն ներկայացվեց որպես ՀՀ-ում կազմավորվող քաղաքացիական հասարակության, իշխանության տարբեր թեւերի եւ դոնոր հանրության ավելի քան երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունք: Փորձենք ներկայացնել, թե ինչ ունենք 6 տարի անց: Տողերիս հեղինակը մեր արհեստավարժ կառավարիչների կողմից չարչրկվող մակրոտնտեսական ցուցանիշներ կողմնորոշիչներից շատ քիչ պատկերացում ունի, ուստի կապավինի պաշտոնական որոշ տվյալների:
Ըստ հաստատված ծրագրիՙ 2009-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը պետք է կազմեր 2,5 տրիլիոն դրամ, որը 2008-ին արդեն հասավ 3,2 տրիլիոն դրամի: Թիվն առավել մատչելի ներկայացնելու նպատակով ֆինանսիստներն այն տալիս են 1 բնակչի հաշվով պատկերով. ծրագրով կանխատեսվում էր 800 հազար դրամ, երբ արդեն իսկ ունենք 1,1 մլն դրամ ցուցանիշ: Աճի նման տեմպեր կերազեր երկիր մոլորակի ամեն մի կառավարություն, քանզի ներկայացվող երկնիշ թվերը առավել մոտ են երկրորդ տասնյակին: Կարծես ամեն ինչ լավ է, անգամ կարելի է գերազանց որակումը տալ. բայց չշտապենք, որովհետեւ մենք այս երկրի քաղաքացիներն ենք, ովքեր ամենօրյա այնպիսի հոգսեր ու խնդիրներ են ունենում, որպիսիք հատուկ չեն արտերկրներում հայտնված մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությանը: Ինչո՞ւ, պարոնայք ՀՀ ներկայիս կառավարիչներ, ովքեր հիշատակված փաստաթուղթը ընդունած ՀՀ կառավարության լիարժեք փոխարինողներն եք: Հանրապետության տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցները գրեթե ամեն օր են այսօրինակ հարցերի անդրադառնում, ներկայացնում առանձին ընտանիքներից մինչեւ ամբողջ համայնքներ ընդգրկող բնակավայրերի սոցիալական տխուր պատկերը: Անշուշտ, հանրության որոշակի մասի տրամադրություններ արտահայտող լրատվամիջոցը պարտավոր չէ հարցերի պատասխանները տալ, սակայն փաստերն իրենց անուններով կոչելը նրա պարտականությունն է:
Փորձենք ասելիքը ներկայացնել հանրության ամենախոցելի խավի, կենսաթոշակառուների դիրքերից, ում ԱՀՌԾ-ն 2009 թվականի համար կանխատեսում էր միջին ամսական 15,7 հազար դրամ կենսաթոշակ: Մեր պայմաններում գրեթե զավեշտալի այս գումարը գերազանցվել է, սակայն 600 հազար կենսաթոշակառուների դժգոհությունը նվազագույնս իսկ չի պակասել: Ինչու չդժգոհի մեր կենսաթոշակառուն, երբ այս տարիներին նրան անչափ անհրաժեշտ կաթի ու կաթնամթերքների, մսի ու մսատեսակների գներն ավելացել են 30 տոկոսով, տրանսպորտային ծախսերըՙ 50 տոկոսով, երբ կրճատվել է անվճար տրվող դեղերի ցանկը, չհաշված դրանց գների աննախադեպ աճը դեղատներում:
Շուրջ 1,2 մլն բնակչություն է ընդգրկված ՀՀ գյուղոլորտում, մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Արդեն հիշատակված ԱՀՌԾ-ով կանխատեսվում էր 2009 թվականին երկրի գյուղատնտեսությունում ստեղծվող համախառն ներքին արդյունքը հասցնել 454 մլրդ դրամի: 2008-ին արդեն, ըստ ՀՀ ԱՎԾ-ի հաշվետվության, այն գերազանցեց 600 մլրդ դրամը, որպիսի արդյունք կանխատեսվում էր 2015 թվականին: Թե գյուղոլորտի ո՞ր ճյուղերում է նման աճ ապահովվել, գյուղի հոգսերին ու կենցաղին ծանոթ որեւէ մեկը, անշուշտ, կդժվարանա նշել: Փոխարենը տեսանելի իրողություն է, որ մեր սպառած սննդատեսակները, բացառությամբ 1-2-ի, հիմնականում արտերկրներից ներմուծված են, որոնք շատ հաճախ առաջացնում են մեր մարդկանց տարակուսանքը: Փորձենք 600 մլրդ դրամը ներկայացնել 1 բնակչի հաշվով դոլարային արտահայտությամբ. ստացվում է 2000 դոլարի տարեկան գյուղարտադրանք: Ըստ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության մի ուսումնասիրությանՙ զարգացած գյուղոլորտ ունեցող երկրներում այս թիվը տատանվում է 500-800 դոլարի սահմանագծում: Թե ինչ հաշվարկների արդյունքում է մերոնց թիվն այդքան ոգեւորող ստացվում, դժվար է ասել: Թերեւս հարցը գների մեջ է. այս տարվա գարնանը ԱՄՆ-ում էի, ուր սուպերմարկետներում 1 գալոն կաթը (3,8 լ) վաճառվում էր 2 դոլարով, որոշ առեւտրի կետերում այս գնով էր վաճառվում 2 գալոնը: Փորձեք ՀՀ առեւտրի ցանցում ծանոթանալ այս ապրանքի գնին, որը նաեւ ներկրվող կաթի փոշուց է պատրաստվում: Այն գարնանը վաճառվում էր 1 լիտրը 320 դրամով, հիմա 360 դրամ է: Անցած տարիներին գրեթե 50 տոկոսով բարձրացան հիմնականում ներկրված էժանագին մսից պատրաստվող երշիկեղենի գները, արդեն 350 դրամ արժե 1 կգ շաքարավազը, որը 2008-ին 210-230 դրամ էր: Ներկայացվող նկարում տրված են ԱՄՆ-ի սուպերմարկետներում վաճառվող կիսաֆաբրիկատ եւ փափուկ մսատեսակների 453 գրամի գները, որոնք սկսվում են 99 ցենտից, որը մեր ներկա 380 դրամն է: Երեւանի համանման խանութներում տավարի փափուկ մսի որոշ տեսակներ վաճառվում են մինչեւ 3000 դրամով, խոզի միսը` երբեմն ավելի բարձր:
ՀՀ առեւտրի օբյեկտներում կողք- կողքի դրված են տեղական եւ ներկրված մթերքներ, ասենք` հյութեր, կետչուպներ, մարինադներ... հաճախ կնկատեք, որ ներկրվողներն ավելի մատչելի են, քան տեղականները: Ընդամենը օրեր առաջ 2 լիտրանոց «Մայա սեմյա» հյութերը վաճառվում էին 760 դրամով, հիմաՙ 900 դրամով. տեղական արտադրության հյութերի 1 լիտրը սկսվում է 550 դրամից, երբ Ուկրաինայից ու ՌԴ-ից ներմուծվածները 15-20 տոկոսով մատչելի են: Էլ ուր մնացին տրանսպորտային ու մաքսային ծախսերը, տեղական բիզնեսին արտոնություններ տրամադրելը: Օրերս մասնագետներից մեկը նշեց, որ հայերս եվրոպացիների համեմատ գինի 10 անգամ պակաս ենք օգտագործում. ինչպես օգտագործենք, երբ, ասենք, Ավստրիայում 0,75 լ շշալցված գինին արժե 1,5 եվրո (մոտ 800 դրամ), իսկ մերը` զգալի թանկ: Այստեղից էլ անհայտ ծագման սպիրտներից պատրաստված օղու էապես ցածր գները, որը հայ մարդը շատ ավելին է սպառում: Հանքային ջուրն էլ է շատ երկրներում մատչելի, որի 1,5 լ-ը 29 եվրոցենտով է վաճառվում, մոտ 170 դրամով, երբ մեր 1 լ «Ջերմուկ»-ը ավելի թանկ արժե: Մեր կառավարիչները տեսնում են այս ամենը, սակայն առայժմ գերադասում են լռել. տարօրինակ է, որ երբեմն առաջարկվող 50-70 տոկոս զեղչի պայմաններում էլ ոմանց բիզնեսը ծաղկում է:
Աղքատությունը ՀՀ-ում հաղթահարելուն ուղղված քայլերի մասին խոսելը վերջին շրջանում մեզանում նախընտրելի զրույցի թեմա չէ: Փոխարենը իրողություն է, որ հայ հանրության մեծահարուստ դարձած մի աննշան մասը տիրապետում է երկրի համախառն արդյունքի էական մասինՙ հանրության հիմնական մաս համարվող հատվածին թողնելով աղքատության նիշի մատույցներում: Եվ հարցը` կհաղթահարվի՞ արդյոք աղքատությունը Հայաստանում եւ ե՞րբ, մնում է օդում կախված:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Նկար 1. Մսատեսակների գները ամերիկյան սուպերմարկետում