«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ՈՎ ՓՆՏՐՈՒՄ Է, ՆԱ ՄԻՇՏ ԿԳՏՆԻ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17-ին արդեն վարդագունող արեւմուտքում, հենց նավաքթի ուղղությամբ մենք մշուշի մեջ նկատեցինք թեթեւակի ուրվագծվող երկնաքերներ: Դա Պանաման էրՙ մայրաքաղաքը համանուն պետության, որի մասին մեկուկես ամիս առաջ պատմել էի մի քանի ռեպորտաժներում, երբ մենք Պանամայի ջրանցքով դուրս էինք եկել Խաղաղ օվկիանոս եւ ուղեւորվել դեպի Լոս Անջելես: Մնում է ավելացնել, որ Պանաման տարածքով աշխարհի 115-րդ պետությունն է, բնակչությամբՙ 52-րդը: Քաղցրահամ ջրի մակերեւույթը կազմում է տարածքի 2,9 տոկոսը (դրա մեջ մտնում է ջրանցքի մակերեւույթի մեծ մասը):

Ժամը 18-ին հորիզոնը դարձավ նախ բոսորագույն, ապաՙ մուգ կարմիր եւ ծածկվեց սեւ ամպերով: Ասես ստենդալյան մայրամուտ լիներ: Մենք ընդհուպ մոտեցանք նախօրոք մեզ հատկացված կառանատեղին: Մի խումբ մարդիկ մեզ օգնեցին կառանվել: Մենք ռուսերեն բառ լսեցինք մի երիտասարդից, որը քիչ անց կոտրատված հայերենով ասաց. «Երջանիկ եմ, որ տեսնում եմ «Արմենիա» առագաստանավը»: Նրա կողքին կանգնած թիկնեղ երիտասարդը ռուսերեն հարցրեց. «Ինչպե՞ս հասկանանք. «Արմենիա», գրանցման նավահանգիստըՙ Երեւան»: Պարզվեց, որ նա «Ամանտա» զբոսանավի տերն է:

Ծավալված խոսակցության ընթացքում ես իմացա մի ամբողջ տոհմի պատմությունը: Հայերենով մեզ դիմած երիտասարդին կոչում էին Դավիթ: Նրա մայրական պապըՙ Աշոտ Սուքիասյանը, ծնվել էր Վանաձորում, մայրըՙ Թբիլիսիում, ինքըՙ նույնպես: Այնտեղ ավարտել էր դպրոցը, համալսարանը: Քույրըՙ Ջուլիան, ամուսնացել էր պանամացու հետ, տեղափոխվել Պանամա: Հետո բաժանվել էր ամուսնուց: Եղբայրը եկել էր քրոջ մոտ: Մայրն ապրում է Նյու Ջերսիում: Դավիթը «Պանամա աշխարհագրական տեղեկատվական համակարգ» նախագծի տնօրենն է: Նախագահը հիշյալ թիկնեղ երիտասարդն էՙ Լիտվայի քաղաքացի Դարիուս Պովիլայտեսը: Խոսքը Պանամա քաղաքի քարտեզի մշակման մասին է, որը կդյուրացներ քաղաքում ապրելն ու աշխատելը:

Նաեւ պարզեցինք, որ Դավիթը, չնայած իր թերեւս եկամտաբեր աշխատանքին, համալսարան է ընդունվել շեֆ-խոհարարի մասնագիտություն սովորելու համար, քանի որ դա համարում է ի վերուստ տրված իր կոչումը: Իսկ առայժմ աշխատում է Դարիուսի մոտ, որն ուզում է օգնել Հայաստանին, ունի բազմաթիվ հայ բարեկամներ, հատկապեսՙ նախկին բաքվեցիներ:

Պանամայում «Արմենիայի» մնալու 48 ժամերի ընթացքում այնքան նյութ հավաքվեց, որ մի ամբողջ շարք եմ կազմել «Պանամական էսքիզներ» խորագրով... Ես մեղավոր չեմ, որ սյուժեներն ուղղակի խցկվում են ձեռքիս մեջ: Ով փնտրում է...

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» նավ, Պանամայի ջրանցք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4