«Մեկուկես տարի առաջ Փարիզում հանդիպեցի Հենրիկ Իգիթյանին: Ցույց տվեցի վրձնած կտավները: Ոգեւորվեց ու ցանկություն հայտնեցՙ Երեւանում տեսնելու իմ կտավների անհատական ցուցադրությունը: Համաձայնեցի: Աշխատում էի, նկարում: Կտավների ցուցադրվելիք շարքն արդեն ավարտել էի ու պատրաստվում էի Երեւան այցելության: Գիշերը երազում տեսա Իգիթյանին, մոտեցավ կտավներին, երկար զննեց ու ոգեւորված ասաց. «Հիանալի է»: Առավոտյան զանգեցի Երեւան ու իմացա, որ Հենրիկ Իգիթյանը մահացել է: Կարծես հոգուս պարտքը դարձավ ցուցադրություն եւ ներկայացում պատրաստել հենց Իգիթյանի հիմնադրած գեղագիտության ազգային կենտրոնում», այսպես մեկնաբանեց «Օրեր... գույներ» ցուցահանդեսի եւ ներկայացման վայրի ու գաղափարի ընտրությունը դերասան Վարդան Պետրոսյանը :
«Օրեր... գույներ» ներկայացումը տարբերվում էր պետրոսյանական այլ ներկայացումներից: Դերասանն այստեղ նոր կերպարով էր, նոր ու հարազատ: Ներկայացումը տարբերվում էր առաջին հերթին անկեղծությամբ: Չի կարելի ասել, որ այլ ներկայացումներում Վարդան Պետրոսյանն իր հանդիատեսի հետ անկեղծ չէ, պարզապես «Օրեր... գույները» հաջողություն չէր ունենա, եթե դերասանը անկեղծությամբ կեսկատակ-կեսլուրջ, թեթեւ ոճով չպատմեր իր ոդիսականը: Էականն այն է, որ այդ անկեղծությունը հանդիսատեսն ընկալեց, իսկ ապացույցը ներկայացման ավարտից հետո երկարատեւ ծափահարություններն ու բռավոներն էին:
«Օրեր... գույները» յուրահատուկ էր նաեւ այն առումով, որ բեմ չկար, պատրաստված էր փոքրաթիվ հանդիսատեսի համար: Վարդանը կարծես զրուցում էր հանդիսատեսի հետ, հարցեր ուղղում ու առաջարկում «մետրոյով շրջել Փարիզի փողոցներով»: Կիթառի ուղեկցությամբ դերասանը ներկայացնում էր առաջին սերը, երազանքները, առաջին հիասթափությունն ու կորուստները:
Խորհրդային տարիներին ուրիշերից տարբերվելն այնքան էլ ընդունելի չէր: Արդեն դպրոցական տարիքում խորհրդային գյուղացու կյանքը գովաբանող ստեղծագործությունների փոխարեն Պետրոսյանը երգում էր այդ ժամանակների համար անընդունելի երգեր ու արժանանում քննադատության ուսուցիչների շրջանում: Հետագայում, արդեն ուսանող տարիներին կատարեց «Լենին պապին մանուկ էր» Լուի Արմսթրոնգի ձայնով, կարծես վրեժ լուծելով այն մարդկանցից, ովքեր դպրոցական տարիներին իրեն չէին հասկանում: «Ու այդ ժամանակ հասկացաՙ գժությունն այնքան էլ վատ բան չէ»:
Ու այդպես երիտասարդական խենթություներ, ավտոբուսում համերգների կազմակերպում, գիշերային սերենադներ:
Թերլեմեզյանի ուսանող էր, երբ հայրը մահացավ: Դերասանը խոստովանում է, որ միանգամից կյանքի պայծառ գույները խամրեցին: «Որոշ ժամանակ անց ուսանողներով որոշեցինք փոքրիկ ցուցադրություն կազմակերպել, նկարել էի գերեզմաններ, գերեզմանափորներ, տխուր, երբեմն այլանդակ դեմքեր, բայց մարդիկ նայում էին իմ նկարներին ու ծիծաղում: Հասկացա, որ դա նաեւ նրանց կյանքն է, ու որքան լուրջ ես խոսում, այնքան քեզ գժի տեղ են դնում: Հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը, բոլորի նման մենք էլ էինք ոտքի կանգնելՙ Ղարաբաղ, անկախություն, հանրապետություն: Երազանքներ, որ կային շատերիս հոգում: Շատերի սիրտը չդիմացավ այդ ամենին, չդիմացավ նաեւ մորս սիրտը: Հետո Սումգայիթ, պատերազմ, սով, շրջափակում: Ամեն ինչ փոխվեց, չկար այլեւս մեկ մարդ դարձած ժողվուրդը, չկային այն երազանքներն ու ցանկությունները, որոնց համար ժողովուրդը ոտքի էր կանգնել: Ուրիշ աշխարհ էր, այն ժամանակ չկար հարուստ-աղքատ, գեղեցիկ-տգեղ, միանգամից սկսվեցին տարբերակումներն ու ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր արտահայտությունը դարձավ արդիական: Շուրջը այլանդակություն էր, հարբած երիտասադ, որ սպանել է հղի կնոջ, կամ պատանի, որ ծեծել է ծերունուն ու դրամապանակը գողացել», հիշում է դերասանն ու հավելում, որ այդ ամենի ֆոնին իրեն անզոր էր զգում: «Բռնեցի փախուստի ճանապարհը, փախուստ ինքս ինձանից ու որպես վերջին հույս ընտրեցի Փարիզը: Բայց այնտեղ կյանքը հեշտ չստացվեց: Լինում էին օրեր, որ տանը հաց չէր լինում, քաղցածՙ Շառլ Ազնավուրի երգերն էի մետրոյում կատարում: Դեմքս ներկում էի, սեւ գլխարկ կրում ու ծաղրածուի տեսք ստանում: Չէի ուզում, որ մետրոյում ինձ ճանաչեին: Հպարտության հարց չէր, պարզապես այդ տարիներին Երեւանում իմ ու իմ կենսակերպի մասին այլ կարծիք էր ձեւավորվել»: Դերասանը փաստում է, որ մետրոյում ելույթներն առաջին մեծ հաղթանակն էր: «Մետրոյում կռվեցի, հաղթեցի, քանդեցի բարոյական ու հոգեբանական պատնեշները»:
Դերասանը պատմում է, որ Փարիզում ճակատագիրը ժպտաց մի քանի անգամ, բայց...
«Առաջին անգամ ճակատագրի մեծ դուռը իմ առջեւ բացվեց 1997-ին: Հաղթել էի թատերական մրցույթում, բայց Երեւանում ինձ էր սպասում Ոզնիների ներկայացումը: Երբ ոգեւորված վերադարձա Փարիզ` դռներն արդեն փակ էին, թատերախմբի կազմն արդեն պատրաստ էր, ու սկսվել էին շրջագայությունները: Նորից սկսվեց նույն խելահեղ կյանքը, վազք թատրոնից թատրոն, ներկայացումներ, խնդիրներ:
1999-ին Փարիզում մեկնարկել էր Բիգդիլ շոուն: Ես ել մասնակցեցի ու հաղթեցի, բայց Երեւանի տոմսն արդեն գրապնումս էր. հանդիսատեսը սպասում էր իմ եւ Խորեն Աբրահամյանի «Ծերունին եւ ծովը» ներկայացմանը: Երբ վերադարձա Փարիզ, դռներն արդեն փակ էին, Ֆրանսիայում սպասել չեն սիրում»:
Վարդան Պետրոսյանը նկատում է, որ շատ բան տեսավ աշխարհում, տեսավ աշխարհի անկատարությունը ու հեռվից ավելի շատ սիրեց իր երկիրը: «Հասկացա, որ եթե ուզում եմ ինչ-որ կերպ օգնել իմ հայրենիքին, պետք է աշխատեմ իմ երկրում, եւ իմ փախուստը վերածվեց հավերժ վերադարձի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ