Նախորդ համարում շախմատի Հայաստանի հավաքականների 6-րդ տուրի մրցախաղերի մասին տեղեկատվությունն ամբողջական չէր, քանի որ թերթը տպագրության ուղարկելու պահին դեռեւս չէին ավարտվել Հակոբյան-Ֆրանցիսկո Վալյեխո եւ Մկրտչյան-Սոֆի Միլիեթ պարտիաները: Նշենք, որ կանանց հավաքականն այդ պահին 1-2 հաշվով պարտվում էր Ֆրանսիայի ընտրանուն եւ շնորհիվ Լիլիթ Մկրտչյանի հաղթանակի, մրցամարտն ավարտեց ոչ-ոքի, ու 1 միավոր վաստակեց: Իսկ տղամարդկանց հավաքականը շնորհիվ Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի տարած հաղթանակների, արդեն ապահովել էր թիմային հաղթանակն իսպանացիների նկատմամբ: Չնայած դրան, Վլադիմիր Հակոբյանը Վալյեխոյի հետ մրցավեճում հաղթանակի ուղիներ էր փնտրում, ուստի պարտիան երկարատեւ ընթացք ունեցավ: Ի վերջո, կողմերը հաշտություն կնքեցին: Այսպիսով, Հայաստանի հավաքականը իսպանացիներին հաղթեց 3-1 հաշվով:
Տղամարդկանց հավաքականում առայժմ լավագույն արդյունքը պատկանում է 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Տիգրան Պետրոսյանին, որը 5 հնարավորից 4 միավոր է վաստակել: Նա տոնել է 3 հաղթանակ, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի: 5 հնարավորից 3-ական միավոր ունեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը: 4 պարտիաներում 2 միավոր է իր թիմին պարգեւել Արման Փաշիկյանը: Մեր շախմատիստներից առանց պարտության են ընթանում Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը:
Կանանց հավաքականում պարզապես գերազանց է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր (3-ական հաղթանակ եւ ոչ-ոքի): 2-րդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանը` 3,5 միավոր 5 հնարավորից: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը 50 տոկոսանոց արդյունքի է հասել (3 միավոր): 4 պարտիաներում 2 միավոր է վաստակել Սիրանուշ Անդրեասյանը: Նելլի Աղինյանը 3 հնարավորից ունի մեկ միավոր:
Երեկ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ 7-րդ տուրը: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում տղամարդկանց մրցաշարի Հայաստան-Ադրբեջան հանդիպումը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը 6 տուրից հետո 11 միավորով միանձնյա առաջատարն էր, իսկ հայ շախմատիստները ռուսների եւ վրացիների հետ վաստակել էին 9-ական միավոր: Ավելորդ է խոսել մրցախաղի կարեւորության եւ սկզբունքայնության մասին: Հաղթանակի դեպքում հայ շախմատիստները կարող էին գլխավորել աղյուսակը:
Առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը սեւերով արդեն 19-րդ քայլին հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ: Հակոբյան - Հաշիմով պարտիան ոչ-ոքի ավարտ ունեցավ 46-րդ քայլին: Գաբրիել Սարգսյանը սեւերով 70-րդ քայլին հաղթեց Գադիր Հուսեյնովին եւ առաջ մղեց մեր թիմին: Քիչ անց Տիգրան Պետրոսյանը 86-րդ քայլին հաշտություն կնքեց Շահրիյար Մամեդյարովի հետ: Այսպիսով, Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեց ադրբեջանցիների նկատմամբ եւ վաստակեց 11 միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (17,5) հայ շախմատիստները 2-րդ տեղում են եւ միայն կես միավոր են զիջում ռուսներին: Վերջիններս 2,5-1,5 հաշվով հաղթելով վրացիներին, եւս վաստակեցին 11 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ առաջին պարտությունը կրած Ադրբեջանի հավաքականը: Ուկրաինացիներն ունեն 10 միավոր: Նրանք 3,5-0,5 հաշվով հաղթեցին չեխերին:
Հայաստանի կանանց հավաքականը մրցում էր ռումինացիների հետ: Մեր թիմը եւս հաղթեց` 3,5-0,5: Կրկին իր արդյունավետ խաղով աչքի ընկավ Լիլիթ Մկրտչյանը` պարտության մատնելով Իզաբելա Պեպտանին: Դանիելյանն ու Գալոյանն էլ պարտության մատնեցին համապատասխանաբար Կոսմային եւ Վոյչուին: Աղինյան - Մոտոց պարտիան ավարտվեց ոչ-ոքի: ՀՀ հավաքականը վաստակեց 10 միավոր: Կանանց մրցապայքարում Ռուսաստանի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցիներին եւ 12 միավորով (բոլոր պարտիաներում վաստակած 20,5 միավորով) շարունակեց գլխավորել աղյուսակը: Նույնքան միավոր (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 18,5) ունի նաեւ Վրաստանի հավաքականը, որը 3-1 հաշվով հաղթեց Իսրայելին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ