«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


«ԳԻՆԴ» ՏՊԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԸՆԴԴԵՄ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ

«Հարցին, թե ինչու է «Գինդ» տպարանում տպագրվող թերթերի քանակությունը նվազել, կա մեկ պատճառ` ֆինանսական: «Հայք», «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Փակագիծ», «Ժամանակ Երեւան» օրաթերթերը հսկայական պարտքեր ունեին: Նշված թերթերի ընդհանուր պարտքը կազմում էր 20 մլն դրամ, որն անթույլատրելի էր», «Ազգի» հետ առանձնազրույցում տպարանի եւ մի շարք թերթերի միջեւ ծագած կոնֆլիկտն այսպես է մեկնաբանում տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը :

8 տարի հրատարակչական բիզնեսում գործունեությունը ծավալող Ավետյանը նկատում է, որ միշտ էլ թերթերը պարտք են եղել տպարաններին ու շարունակել տպագրվել, «բայց նայած պարտքի չափին»: Ավետյանը պատմում է, որ ֆինանսական խնդիրները սկսեցին 2009թ. գարնանըՙ «Հայք» եւ «Հրապարակ» օրաթերթերի հետ:

«Երբ վերոնշյալ երկու թերթերի խմբագիրներին հարցրեցի, թե ինչ են մտածում, ինչպե՞ս պետք է լուծեն այդ հարցերը, «Հայք» օրաթերթի խմբագիրը խորհուրդ տվեցՙ թե ուզում եք դիմեք դատարան, դիմե՛ք: Ես էլ դիմեցի: «Հայքը» միանգամից գտավ հնարավորություններ, եւ որպեսզի դատական գործընթացը չշարունակվի, կնքեց հաշտության պայմանագիր ու պարտքը մարեց: «Հրապարակը» դատից հետո եկավ ինձ մոտ, ներողություն խնդրեց, թե ժամանակ տվեք պարտքերը կմարենք, որպեսզի դատարանը գույքի վրա կալանք չդնի: Համաձայնեցի ու կնքեցի հաշտության պայմանագիր եւ կետ մտցրեցի, որ եթե չվճարեն, ապա նախորդ դատական գործերը կրկին ուժի մեջ կմտնեն: Բայց էլի չկարողացան վճարել ու գործը երկրորդ անգամ մտավ դատարան: Ու իրենք իրենց անզորությունն ընդունելու փոխարեն հայտարարեցին, թե քաղաքական պատվեր է: Բայց հետաքրքրականն այն է, որ այդ ժամանակ շարունակում էի տպագրել «Չորրորդ իշխանություն» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը, որոնք ոչ պակաս ընդդիմադիր են, քան «Հրապարակը»: Փոխանակ իրենց ֆինանսական հարցերով զբաղվեն, ասում էինՙ քաղաքական պատվեր է, չգիտեմ ինչ է: Սա բիզնես է: Եթե չեն կարողանում վճարել իմ կատարած ծառայության դիմաց, տպարանն ի վիճակի չէ պարտքով շարունակել աշխատել», ասաց Ավետյանը` հավելելով, որ թեեւ ուշացումով, բայց «Հրապարակը» մարեց իր պարտքերը:

Ավետյանը պատմում է, որ «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ Երեւան» թերթերի հետ բաժանվել է քաղաքակիրթ կերպով: «Հայկական ժամանակի», տնօրենությունն ասաց, որ «Չորրոդ իշխանություն» թերթի հետ նոր տպարան են բացում եւ այդ տպարանի մեջ գումար ունեն դրած: Իրենց խոսք էին տվել, որ մեկ ամիս կարող են անվճար տպել նոր տպարանում, եւ հնարավորություն կունենան պարտքերը մարելու: Պայմանագիր կնքեցինք, որի առաջին կետը սահմանված ժամկետներում կատարեցին, մնացել է երկրորդ մասը: Չեմ կասկածում, որ դա էլ կկատարեն»:

Տպարանին պարտք է նաեւ «Փակագիծը»: Այս թերթի դեմ այլ դատական գործընթաց էր սկսկվել, ու հաշիվները սառեցրել էին: «Փակագիծն» ի վիճակի չէր վճարելու, բայց խնդիր եմ բարձրացրել, որ հնարավորություն գտնի պարտքերը մարելու: Եթե չկարողանա, ստիպված կլինեմ այդ հարցով էլ դատարան դիմել», ասաց Ավետյանը:

«Գինդի» տնօրենը փաստում է, որ բոլոր թերթերի հետ նամակագրությունը պահպանվել է: «Կան հաշվապահական փաստաթղթեր, որտեղ պարզ երեւում է, որ խմբագրությունները տպարանից տարել են որոշակի գումարի թերթ: Ունենք նաեւ երկկողմանի ակտեր: Հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված են բոլոր պարտքերը: Տարիների փորձից ելնելովՙ յուրաքանչյուր թերթի հետ կնքած պայմանագրում կետ կա, ըստ որի նրանք իրավունք չունեն այլ տպարանում թերթ տպագրելու, մինչեւ պարտքը չմարեն: Եթե երաշխիքներ չունենամ, ինչու պետք է համբերեմ ու թողնեմ, որ պարտքերը կուտակվեն», ասում է Ավետյանը:

Այժմ տպարանը խնդիրներ ունի միայն «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հետ: Գործը հասել է դատարան: «Սկզբում չէին էլ ցանկանում ընդունել իրենց ստորագրած փաստաթղթերը, մինչեւ օրս իրենց իրավաբանները գալիս են դատարան ու հրաժարվում: Բացի այդ, «Չորրորդ իշխանությունը» բիզնեսի առումով, մեղմ ասած, անբարոյական քայլ կատարեց: Փաստորեն, ինձ չվերադարձնելով պարտքը, սկսեցին իրենց տպարանը դնել, հին սարքավորում առան, որ լավ էլ չի աշխատում: Դա իրենց գործն է, բայց թող ինձ վճարեին պարտքերը, նոր գնային տպարան դնելու: Օրաթերթը խախտել է պայմանագրում առկա երկու կարեւոր կետերը. նախՙ չի վճարում պարտքը, որ այժմ կազմում է 2 մլն դրամ, եւ առանց պարտքերը վճարելու նոր տպարանում է տպագրվում: Ոչ մի քաղաքականացված խնդիր չկա, ու քանի որ իրենք կոպիտ խախտումներ արեցին, պատասխան են տալու: Դրա մեջ պետք չէ քաղաքական հիմք որոնել: Գնալու եմ մինչեւ վերջ օրենքի սահմաններում, եւ ինքն իր արժանի պատիժը ստանալու է (նկատի ունի թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանին-Հ.Հ.):

Ավետյանի խոսքերովՙ Շողեր Մաթեւոսյանը իր «Օգոստոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունը փոխել է ու ճանաչել սնանկ: «Արել է, որ իմ պարտքերը չտա, բայց դատարանում միջնորդությամբ հանդես եկա, որպեսզի իր նոր ՍՊԸ-ին` «Կողմնակի անձինք», ճանաչեն նախորդի իրավահաջորդ»:

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի եւ «Գինդ» տպարանի միջեւ դատական գործը շարունակվում է 3 ամիս: Ավետյանը նկատում է, որ եթե դատարանը Մաթեւոսյանի «Կողմնակի անձինք» ՍՊԸ-ն ճանաչի «Օգոստոսի» իրավահաջորդ, ապա կպարտադրի պարտքերը վճարել:

Ավետյանը նկատում է, որ շարունակում է աշխատել մոտ 20 օրաթերթերի ու շաբաթաթերթերի հետ: Նրանք էլ ունեն պարտքեր, բայց ոչ մեծ չափերի ու սահմանված ժամկետներում վճարումները կատարում են:

Հ.Հ.

Հ.Գ. Փորձեցինք կապվել նաեւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ, որպեսզի հոդվածը արտացոլեր նաեւ նրա տեսակետը: Սակայն ապարդյուն: Խմբագրության աշխատակիցները մի քանի անգամ պատասխանեցին, որ խմբագիրը զբաղված է. «Փորձե՛ք ավելի ուշ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4