«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի գիտակցված ընտրությունն է

Երեկ մեկնարկեց «Արեւելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրոինտեգրման գործընթացում» խորագրով եվրոինտեգրմանը նվիրված հինգերորդ տարեկան միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ եւ ՆԱՏՕ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ Վրաստանից, Ուկրանիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Լիտվայից:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դիտարկմամբՙ ԵՄ-ն կարեւոր գործընկեր է Հայաստանի համար բոլոր առումներով: «2007-ից ի վեր Հայաստանն իրականացնում է Եվրոպական հարեւանության քաղաքականություն գործողություների ծրագիրը, ինչը Հայաստան-ԵՄ համագործակցության վառ արտացոլումն է»: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը փաստեց, որ ընթացիկ տարվա մայիսին Պրահայում մեկնարկած «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հիմքի վրա դրեց Երեւանի եւ ԵՄ-ի համագործակցությունը: «Եվրոմիությունը մեծ ներուժ ունի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման համար: Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են կիսում այդ ձգտումը: Դեռեւս «Արեւելյան գործընկերության» մեկնարկային փուլում Ադրբեջանը անկառուցողական մոտեցում դրսեւորեց»: Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բավարար քաղաքական կամք ունի Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման համար: «Այս ծրագրի իրականացումն առաջին հերթին բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Դա գիտակցված ընտրություն է»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մատուցմամբՙ «Արեւելյան գործընկերությունը» հնարավորությունների քաղաքականություն է այդ նախագծի մասնակից երկրների համար: Նա նշեց, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա բարեփոխելու հանրապետության սոցիալական, հասարակական ինստիտուտները: «Արեւելյան գործընկերությունը» նոր խթան կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Կարեւոր է, որ այս գործընթացում կարող են ներառվել նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը»: Բաղդասարյանը կարեւորեց ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի կնքումը, վիզային ռեժիմի պարզեցումն ու մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումները, որոնք կնպաստեն Հայաստանում բարեփոխումների առաջխաղացմանը: «Մեծապես կարեւորվում է ԵՄ-ի հետ ասոցիացված անդամության մասին համաձայնագիրը եւ այն փաստը, որ այդ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս համագործակցություն հաստատելու ոչ միայն Եվրոմիության, այլ նաեւ «Արեւելյան գործընկերության» առանձին մասնակիցների հետ», ասաց ԱԱԽ քարտուղարը:

«Որեւէ մեկը չի կարող սահմաններ դնել Եվրոմիությունում: Լիտվան Եմ անդամ է: Հասկանում ենք, որ կլինեն երկրներ, որոնք կցանկանան անդամակցել ԵՄ-ին: Սա խաղաղության գործընթաց է, եւ եթե Հայաստանը մեծ ցանկություն ու կամք ունի, իսկ ես վստահ եմ, որ դրանք կան, ապա համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը չափանիշ է եւ կնպաստի Եվրոմիություն անդամակցությանը: Հարավային Կովկասը կարեւոր նշանակություն ունի ԵՄ-ի համար», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը :

Հայաստանը եւ Ադրբեջանը ինքնուրույն պետք է լուծեն իրենց միջեւ ծագած խնդիրներն ու պարզեն հարաբերությունները: Սա էլ Լիտվայի արտգործնախարար էվալդաս Իգնատավիչուսի տեսակետն է: «Դուք պետք է նստեք ու երկխոսեք, ինչպես խոսել են Լիտվան ու Լեհաստանը, Լեհաստանն ու Գերմանիան, Հունգարիան ու Ռումինիան: Ուրիշ ելք չկա: Եթե կամքն ու խելամտությունը չեն բավականացնում հարեւանների հետ երկխոսելու համար, ապա դրանից լավ արդյունք չի կարելի սպասել», ասաց նա: Նախարարի խոսքերովՙ ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է գտնել լուծում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, այդ թվումՙ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Նա նկատեց, որ Եվրոպայում արդեն մշակված մոդելները մեծապես կնպաստեն դրան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4