Երեկ «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հայ-թուրքական արձանագրությունների մեջ Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող նախապայման էին «փնտրում» ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, «Արցախ» հայրենասիրական միության նախագահ Համլետ Հարությունյանն ու ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը : «Ընդհանրապես չկա Ղարաբաղին վերաբերող որեւէ կետ: Իսկ ինչ վերաբերում է թուրք պաշտոնյաների հայտարարություններին, ապա գոնե ինձ համար զարմանալի կլիներ, որ այդ հայտարարությունները չլինեին. հնարավոր չեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններ` առանց Ղարաբաղի մասին խոսելու,- ասաց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը` շարունակելով,- նորից եմ կրկնում, եթե արձանագրությունների մեջ բացահայտվեն նախապայմաններ, մենք չենք վավերացնի, բացի այդ, մի քիչ հավատ պետք է ունենալ սեփական իշխանությունների նկատմամբ, նրանք նախապայմանների դեպքում չէին դնի իրենց ստորագրությունները»:
ՀԺԿ ներկայացուցիչը, «անիմաստ» չհամարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների` Ղարաբաղին վերաբերող հայտարարությունները, կարծիք հայտնեց, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերություններում դրել, դնում եւ դնելու է ղարաբաղյան նախապայմանը. «Մեզ մնում է միայն սպասել, թե մեր դիվանագիտությունը ինչ կանի», նկատեց պարոն Գ. Հարությունյանը, որը, սակայն, կարծում է, թե Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարում` «այն մշակվում եւ հաստատվում է «այլ տեղ»», նկատեց բանախոսը:
«Թուրքերն իրենց ասածը կասեն, մենք էլ մեր ասածը», վստահեցրեց հանրապետական պատգամավորը: Ոչ ոք չի ժխտում, որ կան անհանգստություններ, մենք «հատուկ երկրի» հետ ենք սահման բացում: Ոչ մի ուրիշ տարածաշրջանում չկան այլ հարեւաններ, որոնք «գենետիկ ատելությամբ» են լցված միմյանց նկատմամբ»: Պարոն Հ. Հարությունյանը, բարձր գնահատելով նախագահ Սարգսյանի «պատմական խիզախությունը», ասաց նաեւ, որ ծանոթ լինելով նրա անցած ճանապարհին, վստահ է, որ եթե արձանագրությունների մեջ լիներ որեւէ նախապայման, նա տեղյակ կպահեր անպայման. «Ես չեմ հասկանում, եգիպտական մումիանե՞րն են արձանագրությունների տողատակերում նախապայմաններ գտել», զարմացավ հանրապետական պատգամավորը:
Խոսելով ավելի շատ զգացմունքային հարցերի մասին, մենք, ըստ Հ. Հարությունյանի, մոռանում ենք, որ գործ ունենք մեզնից ավելի հզոր մի պետության հետ, եւ միայն ազգային միասնությունն է, որ, հանրապետականի կարծիքով, Հայաստանը կդարձնի տարածաշրջանային կարեւոր երկիր եւ միջազգային դիվանագիտական հարաբերությունների ակտիվ մասնակից: Իսկ ՀԺԿ ներկայացուցիչը` հավաստիացնելով, որ հայ-թուրքական արձանագրությունները մեզ պարտադրվել են դրսից, չի ընդունում դրանք:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա ես սա ասում եմ նրա ժողովրդի անունից. Ղարաբաղի հարցը թող ոչ մեկիդ չվախեցնի, երբեք մենք այն չենք հանձնի», եզրափակեց պարոն Համլետ Հարությունյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ