«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑԵ՞Լ Է ՎՊ-Ի ՀՈՒՅՍԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հավատարիմ մնաց խոստմանը եւ Վերահսկիչ պալատի մասին օրենքում նախաձեռնեց մի փոփոխություն, որով ՎՊ-ի վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ: Նախաձեռնողն այդ փոփոխությունը անհրաժեշտ է համարել, քանի որ գործող օրենքով այդպիսի կասկածների դեպքում դատախազություն ուղարկելը մնում էր ՎՊ հայեցողությանը: Մինչդեռ նախագծի նպատակն է այդ դրույթն իմպերատիվ դարձնել: Այս փոփոխությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը չի առարկել, իսկ ՎՊ-ն եւ նրա ղեկավար Իշխան Զաքարյանը դրական են վերաբերվել:

Ասենք, որ մեր խորհրդարանական սոցիալիստները, այսինքն` ՀՅԴ-ն, կրքով պաշտպանեցին այս փոփոխությունը` անհրաժեշտ եւ կարեւոր համարելով տեխնիկայի առումով փոքր, բայց քաղաքական բնույթով կարեւոր փոփոխությունը. ՎՊ-ի բացահայտումներին ընթացք չտալը անպատժելիություն է ծնում` հասարակության շրջանում առաջացնելով հիասթափություն պետական կառույցի գործունեության նկատմամբ (Ա. Շահբազյան): Իհարկե, կարող է պատահել, որ ՎՊ եզրակացությունները նաեւ սխալ եւ թերի լինեն, բայց թողնել, որ կասկածները մնան եւ դատական ընթացք չստանան, ըստ նրանց, չի կարելի: Ըստ Արծվիկ Մինասյանի` օրենսդրական փոփոխությունն ուղղված է երկրում օրինականությունը խեղաթյուրող երեւույթների վերացմանը, օրենսդրության հստակեցմանը եւ նպատակային հակակոռուպցիոն նախաձեռնություն է:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը նպատակահարմար չգտավ օրինագծի ընդունումը` Վերահսկիչ պալատին վերապահված է վերահսկողական գործառույթ, Հայաստանում պատժիչ ֆունկցիա իրականացնող դատաիրավական կառույցներ կան, որոնք էլ պետք է զբաղվեն խախտումներ իրականացրած կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելով:

ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանը , որին ոչ ոք երբեք չի մեղադրել թայֆայաբազության կամ աչառու լինելու մեջ, գտնում է, որ եթե «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը կա, այդ դրույթը (քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածների դեպքում նյութերը դատախազություն ուղարկելու) այդ օրենքում պետք է լինի: Իսկ Վերահսկիչ պալատի նպատակը պետական մարմինների արդյունավետ գործողություններն ուսումնասիրելն է, ստուգման իրավունքը ՎՊ-ին տրված է նրա համար, որ նա կարողանա մոտիկից ծանոթանալ եւ գնահատական տալ պետական կառույցների աշխատանքին` դրանք ուղղորդելու, աշխատանքն արդյունավետ դարձնելու համար. «Հիմա եթե Վերահսկիչ պալատը դարձնում ենք ստուգող եւ պատժող մարմին` էդ դեպքում մեզ Վերահսկիչ պալատ պետք չէ: Նա պետք է մնա իր դիրքերում, որպեսզի կարողանա գնահատել պետական մարմինների արդյունավետ աշխատանքը: Բերեք ստուգումների մասին օրենքը փոխենք, նույն դրույթն այնտեղ դնենք, որ հարկային մարմինները խախտում գտնելու դեպքում ուղարկեն դատախազություն, հակառակ դեպքում ամբողջ աշխարհին հարիր Վերահսկիչ պալատ չենք ունենա, երբ Վերահսկիչին տալիս ենք հարկայինի գործունեություն կատարելու գործառույթ, այդպես չի կարելի»:

Այլ կարծիքներ եւս հնչեցին երեկ Ազգային ժողովում ծավալված նախագծի քննարկման ժամանակ: Քննարկումը եզրափակող Ս. Նիկոյանը հիշեցրեց, որ ՎՊ-ն հիշյալ նախագիծը դրական է գնահատել, միասին խոսել-քննարկել են այս խնդիրը.«ՎՊ-ն, թեեւ նոր կառույց է, իր գործառույթները շատ արագ կարողացավ մեր պետության մեջ իրականացնել եւ շատ հստակ ցույց տվեց, թե ինչ է կատարվում մեր պետական համակարգում, մանավանդ ծախսումների մասով` 2008-ին 8 մլրդ-ի խախտումներ, որից 6,5 մլրդ-ը պետք է վերականգնել: Ի՞նչ անել. մի կողմից ասում են, թե ինչո՞ւ գործերը չեն ուղարկվում դատախազություն, մյուս կողմից ` եթե օրենքը չի պարտադրում, մեզանից որեւէ մեկն է այնտեղ` ի՞նչ վիճակում կհայտնվեր, որքա՞նը կուղարկեր: Օգնենք ՎՊ-ին, որ պետության համար արդյունավետ եւ ամբողջական աշխատի, մինչեւ վերջ հասցնի», ասաց նա:

Այս օրենքն, անշուշտ, կընդունվի: Այս պահին գուցե ամենաճիշտ որոշումն է դա եւ լավ օրից չէ, որ այսպիսի փոփոխություն է նախաձեռնվում` բյուջե լցնելու խնդիր կա, պետական գումարները շրջանցիկ ճանապարհներով օգտագործելու մեր չինովնիկների շատ մեծ ախորժակը զսպելու խնդիր կա: Այսինքն` այս հանգրվանում դա կաշխատի: Բայց ընդամենը երկու-երեք տարի հետո, չենք կասկածում, որ մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ այս լիազորությունը նորից կվերցվի ՎՊ-ից, քանի որ սկզբունքորեն սխալ կա դրա մեջ: Եկեք մի պահ շատ սթափ մտածենք, թե ինչո՞ւ ենք ուզում ունենալ մի սուպերկառույց, որտեղ նախարարություններում եւ այլ գերատեսչություններում աշխատող մեր մյուս չինովնիկների պես նույն մսից ու արյունից ստեղծված մարդիկ պետք է անեն մի բան, որ ի պաշտոնե պետք է անեին հենց այդ չինովնիկները, այսինքն` այնպես արդյունավետ աշխատեցնեին իրենց վստահված ոլորտները, որ պետությունը ստանար առավելագույնը, ունենար նվազագույն կորուստներ, ինչպես որ ընդհանրապես կարգն է: Մինչդեռ այս որոշմամբ կարծես մենք ի սկզբանե ընդունում ենք, որ մեր պետական չինովնիկները պետք է լինեն չխնայող, գռփող, ոչ պրոֆեսիոնալ, կաշառակեր, պրոտեկտոր, իսկ ահա նրանց գլխին պետք է կանգնի այլմոլորակայիններից կազմված այդ սուպեր կառույցը` Վերահսկիչ պալատ անունով, որը նրանց գռփածը դատախազության օգնությամբ պետք է վերադարձնի պետական բյուջե:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4