Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը վերահաստատել է կուսակցության կողմ դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ. «Մենք իրոք այնտեղ նախապայմաններ չենք տեսնում», հայտարարել է բանախոսը, շեշտելով, սակայն, թե չի բացառվում, որ ԲՀԿ-ն դեմ քվեարկի արձանագրություններին. «Դա կլինի այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի խոսել նախապայմաններով ու ձգձգի արձանագրությունների վավերացումը Մեջլիսում»:
ԲՀԿ-ի` իշխանական կոալիցիայից դուրս գալու հնարավորությունը նույպես բանախոսը չի բացառել` շեշտելով. «Մեզ համար սկզբունքային երկու կետ կա. Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղը, եթե թուրքական կողմը դա իսկապես որպես նախապայման է ներկայացնում, ապա մեր կուսակցությունը դեմ կքվեարկի: Պարոն Ծառուկյան էլ հայտարարել է, որ կոալիցիայից դուրս կգանք, այնպես որ, այստեղ խնդիր չկա»:
Անդրադառնալով վերջերս համացանցում տեղ գտած առյուծների հայտնի տեսանյութին` Գալստյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի իրավաբաններն այժմ փնտրում են տեսանյութը տեղադրողին. «Մենք հիմա արդեն ունենք այն կայքէջի հասցեն, որտեղ տեսանյութը տեղադրվել է առաջին անգամ: Տեղադրողին բացահայտելուց հետո մենք կդիմենք դատարան, իսկ ստացված փոխհատուցումը կնվիրենք կենդանիների պաշտպանության ֆոնդին», եզրափակել է Խաչիկ Գալստյանը:
Ն. Մ.