Գյումրիում գործող «Երրորդ բնություն» ՀԿ-ի ծրագրի նպատակը խնդրի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունն է
Գյումրիում գործող «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպության վկայակոչած պաշտոնական տվյալներով` Հայաստանում կան մոտ 30 հազար անօթեւան ընտանիքներ: Նրանցից 6035-ը, ըստ նույն աղբյուրի, բնակվում են ժամանակավոր կացարաններում, որոնք հիմնականում խարխլված տնակներ են:
Հիշյալ ՀԿ-ի կողմից այժմ իրականացվում է այդ 6035 ընտանիքների բնակարանային սամանադրական իրավունքների պաշտպանության մի ծրագիր, որի մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆայել Մխիթարյանը :
Ի դեպ ասենք, որ մասնավորապես ժամանակավոր կացարաններում բնակվողների նշված թիվը երեւի ճշտման կարիք ունի. որքան հիշում ենք` անցյալ տարվա հունիսի 12-ին Գյումրիում կառավարության արտագնա նիստի ժամանակ պաշտոնապես հրապարակված` միայն երկրաշարժից անօթեւանների թիվը հանրապետությունում 6500 էր: Իսկ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն երկրաշարժից, այլ նաեւ սողանքների, ջրհեղեղների հետեւանքով անօթեւան դարձածների, որոշակի թիվ կազմող նորակազմ երիտասարդ ընտանիքների եւ այլոց մասին է: Ինչեւէ, ծրագրի հեղինակները նաեւ նկատի են ունենում, որ առաջիկա տարիներին պետության կողմից աղետի գոտու անօթեւանների բնակարանային հարցի լիարժեք լուծման դեպքում իսկ մյուս անօթեւան եւ մեծամասամբ խիստ կարիքավոր ընտանիքների խնդիրը մնում է, նրանց հետ կապված` չկա ոչ մի ծրագիր կամ ռազմավարություն:
Անօթեւանության խնդիրն ընդհանրապես, ինչպես նշվեց ասուլիսում, հանրապետությունից շարունակվող արտագաղթի պատճառներից մեկն է: Այդ հիմնախնդրին անմիջական առնչություններ ունեն բնակչության առողջության, նրա թվաքանակի, երիտասարդ եւ մրցունակ կադրերի պակասի ու բազմաթիվ այլ, մեր երկրի եւ հասարակության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներ: «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» աջակցությամբ նախաձեռնված ծրագրի նպատակը այս հիմնախնդրի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունն է: Նախատեսվում է Երեւանի կենտրոնի ցուցասրահներից մեկում կազմակերպել լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի տնակային ավանների իրական` ոչ մարդկային պայմանները, հրատարակել եւ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում տարածել այդ լուսանկարների ալբոմը` նաեւ բնակարանային իրավունքի վերաբերյալ օրենսդրությունից զետեղված քաղվածքներով:
Գ. Մ.