«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը նորանկախ Հայաստանի առաջին եւ հեղինակավոր մրցանակաբաշխություններից է: Այն մեկնարկել է 1992-ինՙ դառնալով գրականության, արվեստի, երաժշտության, լրագրության ոլորտներում լավագույն գնահատականներից մեկը: Այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի 12-րդ անգամ` 9 անվանակարգերում:
Արվեստագետները կարող են ներկայանալ գեղարվեստական գրականության, երաժշտության, գեղանկարչության, թատրոնի ոլորտներում: Մրցանակ կհանձնվի նաեւ «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար:
Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը փաստում է, որ տարիների ընթացքում մրցանակաբաշխության աշխարհագրությունն ընդլայնվել է: ԹՄՄ մրցանակների են արժանացել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում ստեղծագործող արվեստագետները:
Հաջորդ տարի կնշվի Թեքեյան մշակութային միության Հայաստանում հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Կենտրոնում նախաձեռնել են հրատարակել գիրք, որը, ի թիվս միության 20-ամյա գործունեության, կներկայացնի այն արվեստագետների գործունեությունը, որոնք արժանացել են ԹՄՄ մրցանակին:
Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ հետաքրքրությունը դեպի մրցանակաբաշխություն մեծ է: Մրցույթին մասնակցելու համար որեւէ սահմանափակում չկա, միակ պահանջըՙ որ ներկայացվելիք ստեղծագործությունը գրված լինի մեկ տարի առաջ: «Հենց դրանում է ամենամյա մրցանակաբաշխության հիմնավորումը: Շատերը կհարցնեն, թե այդ դեպքում ինչպես ստացվեց, որ նախորդ տարի մրցանակ շնորհվեց Լեռ Կամսարին: Խնդիրն այն է, որ Լեռ Կամսարի բազմաթիվ գրքեր հրատարակվել են իր մահից հետո եւ մրցանակի արժանացած գիրքը հրատարակվել էր 2008-ին»:
Միրզախանյանը հավելեց, որ ժյուրիի անաչառությունը երբեք կասկածի տեղիք չի տվել: Սովորաբար ժյուրիի կազմում լինում են գիտնականներ, գրականագետներ, երաժշտագետներ: Թեքեյան մշակութային միության նախագահը հավելում է, որ հաճախ որեւէ անվանակարգում ժյուրիի նախագահ են դառնում այն արվեստագետները, ովքեր մի քանի տարի առաջ արժանացել են մրցանակի: «Նա, ով կրում է այդ մրցանակը, չի ցանկանա, որ այդ դափնին կրի անարժան որեւէ մեկը ու այն ցածրացնի: Բացի այդ, մրցանակաբաշխության նյութական հատվածը ձեւավորվում է նվիրատուների շնորհիվ, եւ եթե մրցանակաբաշխությունը օբյեկտիվ չլինի, ապա մյուս տարի նվիրատուները չեն համաձայնի օժանդակել»:
Գործերի ընդունման ժամկետը հոկտեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն է: Մրցանակաբաշխությունը կկայանա հունվար ամսին:
Հ.Հ.