Հոկտեմբերի 8-ին գերմանուհի Հերթա Մյուլլերը դարձավ գրականության ասպարեզում 2009 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Շվեդիայի ակադեմիայի ներկայացրած հիմնավորման մեջ ասված է, որ բարձր կոչումը նրան է շնորհվել «Թշվառության պատկերը պոետիկ եւ առարկայորեն ներկայացնելու» նրա կարողության համար:
Ի դեպ, Նոբելյան մրցանակի շնորհումը Մյուլլերին համընկնում է կոմունիզմի անկման 20-ամյակի հետ, եւ դրանով մրցանակներ շնորհող կոմիտեն, ըստ Մյուլլերի հրատարակիչ Մայքլ Կրյուգերի, փաստորեն հարգում է մի հեղինակի, որն «իր գրություններով չի թողել, որ մոռացության մատնվի կոմունիստական ռեժիմի անմարդկային կողմերը»:
Նոբելյան բարձրագույն մրցանակից մեկ շաբաթ անց «Ընդդեմ հալածանքների» կենտրոն-հիմնադրամը նրան շնորհեց մարդու իրավունքների 2009 թվականի Ֆրանց Վերֆելի անվան մրցանակըՙ հատկապես «Շնչառության ճոճ» կամ «Այն ամենը, ինչ ունեմ, կրում եմ ինձ հետ» (բնագրումՙ Atemschaukel) ստեղծագործության համար, որտեղ նա ինքնատիպ ու պատկերավոր լեզվով նկարագրել է խորհրդային ճամբարում տարագրված ռումին գերմանացիների ճակատագիրը, նրանց երկյուղով լի կյանքը: Այդ մրցանակը նոյեմբերի 1-ին նրան է հանձնվելու Մայնի Ֆրանկֆուրտի Ս. Պողոս տաճարում:
Ո՞վ է վերջապես այս հեղինակը, որի մասին մենք առաջին անգամ ենք լսում, չնայած նրա վեպերը ավելի քան 20 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, շվեդերեն եւ այլն) արդեն թարգմանված են, եւ նրան են շնորհված բազում այլ, այդ թվում Կլայստի (1994-ին), Արիստեոնի (1995-ին), Ցիցերոնի (2001-ին), Կոնրադ-Ադենաուերի անվան (2004-ին) եւ Բեռլինի գրական (2005-ին) մրցանակները:
Վիպասան, բանաստեղծ եւ էսսեիստ Հերթա Մյուլլերը ծնվել է 1953 թվի օգոստոսի 17-ին Բանաթ մարզի (Արեւմտյան Ռումինիա) հիմնականում գերմանացիներով բնակեցված Նիցկիդորֆ քաղաքում: Պապը եղել է հարուստ առեւտրական-վաճառական: Հայրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է Վաֆֆեն էսէսի շարքում: 1945-ին մայրը Ռումինիայում ծնված մոտ 100 հազար այլ էթնիկ գերմանացիների հետ աքսորվել է Ուկրաինայում տեղակայված համակենտրոնացման մի ճամբար, որտեղ 5 տարի անցկացրել է ահավոր ծանր պայմաններում: «Շնչառության ճոճ» (2009) գրքի հիմքում ընկած են ինչպես հարազատ մոր, այնպես էլ բանաստեղծ Օսկար Պաստյորի բանավոր հիշողություններն այդ տարիների մասին:
1973-1976 թվերը Հերթան գերմանական եւ ռումինական գրականություն է ուսումնասիրել Թիմիշոարայի համալսարանում: Այս շրջանում է, որ նա կապ է հաստատել «Էքշնզգրուպ բանաթ» երիտասարդական կազմակերպության հետ, որը պայքարում էր Չաուշեսկուի բռնատիրական կառավարության դեմ եւ հանուն խոսքի ազատության: Ուսումն ավարտելուց հետոՙ 1977-79 թվերին աշխատել է որպես թարգմանիչ մեքենաշինական գործարանում, որտեղ «Սեկուրիտատը» (գաղտնի ոստիկանությունը) նրան առաջարկել է համագործակցել եւ դառնալ «իրազեկիչ-ամբաստանող»: Մերժում ստանալովՙ գաղտնի ոստիկանությունը նրան ազատել է աշխատանքից եւ անընդհատ հետապնդել:
Ապրուստը վաստակելու նպատակով դաստիարակ է աշխատել մանկապարտեզում: Նաեւ գերմաներենի մասնավոր դասեր է տվել: Գրական ասպարեզ է մտել 1982-ին կարճ պատմվածքների Niederungen (Nadirs, «Ստորնակետ») գերմաներեն լեզվով գրված հավաքածուով, որի գրաքննված տարբերակն է հրատարակվել Ռումինիայում: Երկու տարի անց միայն նրան հաջողվել է գիրքն ամբողջական տեսքով հրատարակել տալ Գերմանիայում:
Ռումինական մամուլը խիստ քննադատաբար է արձագանքել նրա գործերին, մինչդեռ գերմանականըՙ շատ դրական: Մյուլլերը անխնա մերկացրել է Ռումինիայում տիրող բռնատիրությունը: Նա ստիպված է եղել 1987-ին իր ամուսնուՙ գրող Ռիչարդ Վեգների հետ տեղափոխվել Գերմանիա: Այժմ էլ ապրում է Արեւմտյան Բեռլինում եւ 1995-ից անդամ է Դարմշտաթի «Արձակ եւ չափածո գրականության» գերմանական ակադեմիային: Դասախոսություններով հանդես է եկել Պադերբոռնում, Համբուրգում, Սվանսիում, Գեյնզվիլում (Ֆլորիդա), Կասսելում, Գյոթինգենում, Ցյուրիխում եւ բազմաթիվ այլ քաղաքներում:
Միջազգային ճանաչում է ձեռք բերել 1990-ականների սկզբներին, երբ մեկը մյուսի հետեւից թարգմանվել են նրա «Անձնագիրը» (բնագրումՙ «Մարդը մի մեծ փասիան է այս աշխարհում), «Կանաչ սալորների երկիրը» (բնագրումՙ Herztier), «Ճանապարհորդել մեկ ոտքով» (բնագրումՙ Reisende auf einem Bein), «Ժամադրություն» (բնագրումՙ Heute wՊr ich mir lieber nicht begegnet), «Աղվեսըՙ որսորդ» (բնագրումՙ Der Fuchs war damals schon der JՊger) եւ այլ ստեղծագործությունները: Բացի Տրանսիլվանիայում ընդհանրապես եւ Բանաթում մասնավորապես տիրող դաժան պայմաններից, նա անդրադարձել է նաեւ Ռումինիայում գերմանացիների հետապնդումների եւ գրաքննության հարցերին: 2008-ի հուլիսին նա բաց նամակ է հղել Ռումինիայի մշակույթի ինստիտուտի պրեզիդենտ Հորիա-Ռոման Պատապիեւիչին, բողոքելով նախկին երկու «Սեկուրիտատի» աշխատակիցներին նյութական եւ բարոյական աջակցություն ցույց տալու դեմ:
Չնայած Մյուլլերը հրապարակայնորեն չի խոսել որոշակի մարդկանց կամ գրքերի իր վրա թողած ազդեցությունների մասին, այդուհանդերձ, ըստ գրականագետների, գերմանական եւ ռումինական գրականության համեմատությունները մեծ տեղ են զբաղեցնում իր ստեղծագործություններում: «Դրանք տարբեր աշխարհներ են, տարբեր մտածողություններ», ասել է նաՙ օրինակ բերելով ասուպըՙ վայր ընկնող աստղը, որը, ռումինացիների համոզմամբ, «մահ» է խորհրդանշում, մինչդեռ գերմանացիների համար «ցանկություն արտահայտելու առիթ»: Նա խոստովանել է, որ ռումինական ժողովրդական երաժշտությունը մեծ ազդեցություն է թողել իր վրա: «Երբ ես առաջին անգամ լսեցի Մարիա Տանասեին, հասկացա, թե ինչ է նշանակում ֆոլկլորը», նշել է նա: Այնուհետեւ ամուսինը մեծ դեր է խաղացել նրա կյանքում, եւ անշուշտ «Էքշնզբանաթ» կազմակերպության նրա անդամակցությունը: Վերջինս նրան խիզախություն է ներշնչել բացահայտորեն գրելու այն բոլոր դաժանությունների մասին, որոնց ենթարկվել են գերմանացիները Նիկոլայ Չաուշեսկուի բռնատիրական Ռումինիայում:
Մյուլլերին նաեւ համեմատում են Ֆրանց Կաֆկայի հետ եւ ենթադրում, որ Կաֆկան էլ իր ազդեցությունը թողել է նրա վրա:
Ինտերնետային նյութերի հիման վրա պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ