«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԹԻՄԱՅԻՆ ՇԱՀԸ ՎԵՐ Է ԱՆՁՆԱԿԱՆԻՑ

Այս տարի խորհրդային ուժեղագույն գրոսմայստերներից մեկի` Միխայիլ Տալի հուշամրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 5-ին Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում, այնուհետեւ մրցաշարը կշարունակվի ԳՈւՄ-ի ցուցադրական դահլիճում: 21-րդ կարգի մրցաշարի 10 մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը (2773), որն իր վարկանիշով զիջում է միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (2788): Հաղթողի կոչման համար կպայքարեն նաեւ նորվեգացի Մագնուս Կառլսենը (2772), ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը (2772), Ալեքսանդր Մորոզեւիչը (2750) եւ Պյոտր Սվիդլերը (2741), հունգարացի Պետեր Լեկոն (2762), Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2756) եւ ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկն (2756) ու Ռուսլան Պոնոմարյովը (2741):

Նշենք, որ Կառլսենը, Իվանչուկը, Պոնոմարյովը, Լեկոն, Կրամնիկն ու Գելֆանդը չեն մասնակցում Եվրոպայի թիմային առաջնությանը եւ ավելի թարմ տեսքով կներկայանան Տալի հուշամրցաշարին: Իսկ ահա Լեւոն Արոնյանը թիմային շահը վեր դասելով անձնականից, այս օրերին Նովի Սադում գլխավորում է Հայաստանի հավաքականը: Բնականաբար, Արոնյանի համար ֆիզիկապես դժվար կլինի դիմանալ Միխայիլ Տալի հուշամրցաշարի ծանրաբեռնվածությանը:

Հուշամրցաշարի ավարտից հետո` նոյեմբերի 16-18-ին ԳՈւՄ-ի դահլիճում կանցկացվի կայկածնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին բացի Տալի հուշամրցաշարի մասնակիցներից, կմասնակցեն նաեւ Կարպովը, Կոստենյուկը, Դոմինգեսը, Գրիշչուկը, Յակովենկոն, Պոլգարը, Կարյակինը, Հաշիմովը, Մամեդյարովը, Բարեեւը, Տկաչովն ու Չժոու Ցզյանչաոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4