Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը հանդիպեց իր հայ գործընկերոջը: Երկու երկրների արտգործնախարարների մամլո ասուլիսի ընթացքում հիմնականում խոսվեց տարածաշրջանային խնդիրների ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Բելառուսը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», հայտարարեց Մարտինովը: Անդրադառնալով Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի առաքմանըՙ Մարտինովն ընդգծեց, որ այդ քայլով պաշտոնական Մինսկը չի խախտում միջազգային պարտավորություններն ու ՀԱՊԿ գծով ստանձնած պարտավորությունները: «Հավատարիմ կմնանք մեր պարտավորություններին ՀԱՊԿ շրջանակներում եւ մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում»:
Մարտինովը նշեց, որ Հայաստանն ու Բելառուսը պայմանավորվել են մի քանի անգամ մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, որն այսօր կազմում է 30 մլն դոլար: Ներկա ճգնաժամային փուլում Հայաստանի եւ Բելառուսի ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, մինչդեռ այլ երկրների հետ Մինսկի առեւտրի ծավալները կրճատվում են: «Դա վկայում է, որ առկա է համագործակցության տնտեսական կայուն շահագրգռվածություն», ասաց նախարարը` մատնանշելով հայ-բելոռուսական համագործակցություն մեքենաշինության, հումանիտար եւ գիտական ոլորտներում: Մշակվում են բելառուսական բեռնատար ավտոմեքենաներ ու միկրոավտոբուսներ Հայաստան արտահանելու նախագծեր: Բացի այդ, Բելառուսը շահագրգռված է Երեւանի վերելակային տնտեսության արդիականացմամբ:
ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին: Նա նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են արձանագրություներն առանց նախապայմանների, եւ այդ մասին հայտարարում է ոչ միայն պաշտոնական Երեւանը: «Որ արձանագրությունները շաղկապված չեն եւ չեն կարող շաղկապված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ԵՄ-ը», ասաց Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրաՙ նման կապի բացակայության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Նման դիրքորոշում ունի նաեւ ողջ միջազգային հանրությունը»: Այն կարծիքը, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են արարողությանը ներկա գերտերությունների ներկայացուցիչների ճնշման տակ, թյուրըմբռնման դրսեւորւմ է: «Աշխարհի խոշոր երկրներն աջակցում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը, իսկ փաստաթղթերի ստորագրումը Երեւանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է», ասաց Նալբանդյանը: Նա հավելեց, որ պատկերացումը, թե Հայաստանը կարող է ինչ-որ քայլերի դիմել որոշ երկրների ճնշման տակ, անցյալում է մնացել: «Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում եւ քայլեր ձեռնարկում»:
Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:
«Հայաստանը երբեք հարցականի տակ չի դրել Հայոց ցեղասպանության փաստը: Այժմ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ու հրապարակումների մի հսկայական հոսք կա: Այդ հոսքում կան հրապարակումներ, որտեղ չի նշվում Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, սակայն դա եղել է նաեւ նախկինում», հայտարարեց ԱԳՆ ղեկավարը:
Նալբանդյանը համաձայն չէ այն պնդումներին, թե այդ բացառությունները կարող են վկայել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի կասեցման համընդհանուր միտման մասին: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներկայացումը ԱՄՆ Սենատ, արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ պաշտոնական Երեւանը միշտ ողջունել է Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը: «Աշխարհի 20 երկիր ճանաչել է այդ պատմական փաստը, որը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ մարդկությանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է հետագայում կանխել մարդկության դեմ նման ոճրագործությունները»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ