«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՈՉԻՆՉ «ՉՊԱԿԱՍԵՑՐԵՑ» ՉԱԽԱԼՅԱՆԻՑ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկ «հրթիռային» արագությամբ անցկացրեց ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր հանդեպ տարվող դատավարության վերջին նիստը, լսեց Չախալյանների պաշտպաններ Նինո Անդրեաշվիլուն եւ Ստեփան Ոսկանյանին ու մի քանի րոպե անց հրապարակեց իր որոշումը, որի համաձայն Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից տասը տարվա ազատազրկման դատապարտումը Վահագն Չախալյանի համար ու 5000 եւ 2000 լարի տուգանքները նրա հոր եւ եղբոր հանդեպ մնացին անփոփոխ:

Դատարանի համար բնավ էլ հոգ չէր, որ նիստն արդեն երկրորդ անգամ անցկացվեց ու անգամ ավարտվեց առանց Վահագն Չախալյանի: «Առ այսօր վերաքննիչ ատյանում տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախախտումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ», նշել էր Վահագն Չախալյանը հոկտեմբերի 16-ին փաստաբան Ստեփան Ոսկանյանին փոխանցած իր հայտարարության մեջ:

Վահագն Չախալյանը հայտարարել էր դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու մասին: «2009 թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր` Արմենի, եւ իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները», նշված էր հայտարարության մեջ: «Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանըՙ նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի ես այլեւս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին»:

Երեկվա նիստում նաեւ բնավ կարեւոր չէր, թե ինչ էին ասում իրենց պաշտպանական ճառերում Ստեփան Ոսկանյանն ու Նինո Անդրեաշվիլին կամ ինչ էր ասել Վահագն Չախալյանի մյուս պաշտպանը` Զուրաբ Ռոստիաշվիլին, քանի որ առանց խորհրդակցության հայտարարված որոշումից ակնհայտ էր, որ այն կայացվել էր վաղուց եւ որեւէ կերպ չէր առնչվում դատավարության ընթացքում ասվածի ու լսվածի հետ:

Այս ամենին էլ եթե ավելացնենք, որ դատավարության ընթացքում ասվածն ու լսվածը գրեթե բացակայող թարգմանությամբ «ծուռ» հայելու ազդեցություն էին ունենում գործընթացի վրա, ապա հստակ է, որ Չախալյանի դատավարությունը, ինչպես վերաքննիչ ատյանում, այնպես էլ առաջին ատյանի դատարանում հեռու է որեւէ մոտեցմամբ, որեւէ գնահատմամբ պաշտպանություն իրականացնելու իրավիճակից:

Չախալյանի առնչությամբ ասվեց ու արվեց այն, ինչ գտել էին հարմար` առանց հաշվի առնելու, թե այդ առնչությամբ ինչ կարող էր ասել կամ ասում էր ամբաստանյալը: Ու այս առնչությամբ էլ հետաքրքրական էր, որ նախորդ դատական նիստում փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին խոսել էր, իսկ Նինո Անդրեաշվիլին երեկվա նիստում խոսեց դատավարության իրավական խախտումների ու իրավական բնույթի թերացումների մասին:

  Ստեփան Ոսկանյանն էլ ներկայացրեց եվրոպական իրականությամբ ամրագրված այն դրույթները, որոնց խախտմամբ Վահագն Չախալյանը ոչ այլ ոք է, քան քաղաքական բանտարկյալ: Եվ Չախալյանի հանդեպ իրականացվող այդ գործընթացները իշխանությունների քաղաքական մոտեցման ու հաշվեհարդարի արդյունք են:

  «Ազգն» առանձին կանդրադառնա խախտումների այն առանձնացված խմբին, որոնք հիմք են դառնալու եվրոպական ատյաններում Չախալյանի գործը ներկայացնելու համար: Իսկ որ գործը կհասնի եվրոպական դատարան, փաստաբանները չեն կասկածում, քանի որ աղաղակող են խախտումները, իսկ վրացական դատարաններից էլ միակ մնացած ատյանը` վճռաբեկը, դժվար թե որեւէ կերպ փոխի վերաքննիչ դատարանում հաստատված առաջին ատյանի որոշումը, այսինքնՙ տասը տարվա ազատազրկման կիրառումը Չախալյանի հանդեպ:

Մեկ ամսվա ընթացքում փաստաբանները կպատրաստեն ու կներկայացնեն վճռաբեկ բողոք, որը դատարանի վարույթ ընդունվելու դեպքում պետք է քննվի վեց ամսվա ընթացքում: Այսինքնՙ մոտ յոթ ամիս անց Չախալյանի գործն այլեւս վրացական արդարադատության տիրույթում չլինի:

Ինչեւէ, երեկ առանց Չախալյանների, գրեթե դատարկ դահլիճում վրացական վերաքննիչ ատյանի երեք կին դատավորները արագ ու հակիրճ ներկայացրին իրենց որոշումը, որ ավելի շուտ կարելի է բնութագրելՙ «մեզ վրա հույս պետք չէր դնել»: Հույսն էլի կարծես մնաց Եվրոպան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4