«Հայելի» մամուլի ակումբում երեկ բանավիճում էին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ու ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը :
Վերջինիս կարծիքովՙ Հայաստանում որեւէ բան չի կատարվում. «Հուսադրող դրական սպասումներ չունեմ: Այս տարին մնում է վատերից մեկը Հայաստանի տնտեսության համար: Չնայած ես մի քիչ ավելի բարվոք վիճակ էի ակնկալում, սակայն 18 եւ ավելի տոկոս անկումը իրողություն է: Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ այսպես կշարունակվի», ասաց պարոն Ասատրյանը:
Բոստանջյանի կարծիքովՙ Հայաստանը այնքան հզոր երկիր չէ, որ հակաճգնաժամային հիասքանչ ծրագիր մշակի. «Հակաճգնաժամային այս ծրագիրը, ըստ էության, ֆինանսական միջոցներ է հաստատել եւ դրանց բացակայության դեպքում չի իրականացվի: Այս առումով դրական բաներ չեմ տեսել, բայց քայլեր կատարված են», նկատեց Բոստանջյանը, որին հակադրվելովՙ Ասատրյանը շեշտեց, որ ֆինանսական միջոցներ, ըստ իրեն, կան. «Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեկ տարվա ընթացքում ՀՆԱ 20 տոկոսի չափով արտաքին պարտք ունենք: Մենք չենք կարողանում տնօրինել մեր բյուջեն», ասաց նա:
Վարդան Բոստանջյանը, համաձայնելով այս մտքերին, ասաց. «Ես չեմ տեսնում այնպիսի քաղաքականություն, որի համաձայն ապահովվի փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Տնտեսվարող սուբյեկտերը գտնվում են շատ վատ վիճակում: Ունենք նկատելի խոցելիություն, եւ հիմա ես, առիթից օգտվելով պետք է ասեմ, որ մեզ հարկավոր է իրականացնել տնտեսական լուրջ քաղաքականություն, եթե նույնիսկ ֆինանսական միջոցները մերը չեն, այլ դրսինը, դրանք պետք է ճիշտ օգտագործել»:
Անդրադառնալով բյուջեի նախագծինՙ պարոն Ասատրյանն ասաց, որ ծանոթացել է դրան եւ խոսքեր չունի բնութագրելու. «Պարզապես կարելի է անվանել «ստից» բյուջե», հավելեց բանախոսը:
Դժվարանալով բացատրել, թե ինչու են նվազել պաշտպանության ոլորտին բյուջետային հատկացումները, Ասատրյանն ասաց, որ 25 տոկոսով նախատեսվում է նվազեցնել նաեւ կրթության ոլորտի ծախսերը. «Մեր բյուջենի 60 տոկոսը հավաքվում է սահմանի վրա, այսինքնՙ ուղղակի կապ ունի փոխարժեքի հետ: Անգամ ներմուծման 30 տոկոսի անկման պարագայում մենք պետք է այն պարզ գործոնը հաշվի առնենք, որ դրամը արժեզրկվել է 27 տոկոսով», եզրափակեց պարոն Ասատրյանը:
Ն. Մ.