«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԱՄԵՆ ՄԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ

Այլապես դա կդառնա տարակուսելի Հայաստանի ազգային շահերի համար

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հոկտեմբերի 20-ին «Հայացք» ակումբում լրագրողների հարցերին պատասխանելիս նշել էինք. «Եթե ՀՀ նախագահը դուրս է գալիս երկրի սահմաններից, նա արդեն Սարգսյան կամ Քոչարյան չէ, այլՙ Հայաստանի բարձրագույն ղեկավարը, ուստի սփյուռքի հակազդեցության դրսեւորումները անընդունելի են ինձ համար, առավել եւսՙ մեքենայի քարկոծումը: Դա տգեղ երեւույթ է: Մանավանդ, նախագահը գնացել էր խորհրդակցելու»:

Թե ինչո՞ւ ՀՅԴ գերագույն մարմնի պաշտոնաթերթ «Երկիրը» մեր խոսքերին արձագանքել է յոթ օր ուշացումով, չգիտենք: Պարզապես այս թերթի հոկտեմբերի 27-ի համարում «Լավատես թուրքագետը» վերնագրով հրապարակված հոդվածում Սեւակ Հակոբյանը հակաճառում է. «Սխալվում է պարոն Չաքրյանը, երբ մտածում է, թե նախագահը գնացել է սփյուռքՙ խորհրդակցելու: Եվ եթե Հայաստանի նախագահը կատարում է այնպիսի քայլեր, որոնցով վտանգում է միլիոնավոր հայկական սփյուռքի արդար պահանջները, նման կերպ դիմավորելը մեղմ է»:

Այլ կերպ, եթե մեղմ չլիներ, ապա հայաստանատյաց թափթփուկների այս խառնամբոխը, որի մեջ հավանաբար խցկված էին նաեւ տվյալ երկրի պետական կառույցների հետ «համագործակցողները» եւ հատկապես նորանկախ Հայաստանում ազգային հարստության կողոպուտից որոշակի մասնաբաժին ստանալուն պես Մ. Նահանգներ ճողոպրած ՀՀՇ-ականները, քարի փոխարեն ռումբ պետք է շպրտեին Հայաստանի նախագահի ավտոմեքենայի վրա:

Արդարացնել նախագահի մեքենան քարկոծելու արարքըՙ կնշանակի ընդառաջել հայրենիքից ճողոպրելուց հետո Մ. Նահանգներում ծվարած ՀՀՇ-ականներին եւ Հայաստանի համար որեւէ պատասխանատվություն չկրող մյուս թափթփուկներին, ինչն անում է «Երկրի» հոդվածագիրը: Թերեւս կարելի էր չանդրադառնալ «Երկրի» հոդվածին, եթե թերթը չգրեր. «Զավեշտականը Հակոբ Չաքրյանի դիտարկումներն են հայ-թուրքական ստեղծվելիքՙ պատմական հարթությունում աշխատելիք ենթահանձնաժողովի մասին, որին անդրադառնալիս թուրքագետը նշել է, թե թուրքերի համար էլ այդքան հեշտ չէ այս գործընթացից դուրս գալը: Թուրքագետը, ըստ երեւույթին, կարծում էՙ քանի որ 22 խորհրդարան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուրեմն... այդ փաստը կհիմնավորվի»:

Չիմացողն էլ կկարծի, թե ցեղասպանության փաստը հիմնավորվում է չճանաչելու դեպքում: Անկախ «Երկրի» մոտեցումից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում որոշակի մակարդակ է ապահովվել, թուրքերը դա անտեսել չեն կարող: Բացի դրանից, ցեղասպանությունը քաղաքական խնդիր է, եթե նույնիսկ պատմաբաններն ուսումնասիրեն 1915-ի իրադարձությունները, չեն կարող քաղաքական գնահատական տալ դրանց:

Այլապես, ինչպես նշել ենք «Հայացք» ակումբում, Ցեղասպանության կոնվենցիան կընդուներ ոչ թե ՄԱԿ-ը, այլ պատմության որեւէ հեղինակավոր ինստիտուտ Արեւմուտքում: Միաժամանակ ընդգծել ենք, որ ենթահանձնաժողովը չպետք է զբաղվի 1915-ի իրադարձությունների բնութագրմամբ, իսկ զբաղվելու դեպքում հայկական կողմը պետք է դադարեցնի բանակցությունները թուրքականի հետ, որովհետեւ նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները պարտավորեցնող են տվյալ երկրի համար:

Նախագահ Սարգսյանը դադարեցնելու խոսք է տվել, այն էլ հոկտեմբերի 10-ինՙ հենց արձանագրությունների ստորագրման օրը, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռեւս 2008-ի նոյեմբերին Ստամբուլումՙ թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից հայտարարել է. «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման զիջումներ կանի Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում, չարաչար սխալվում է: Մենք այս հարցերում զիջում չենք արել, չենք անում եւ չենք անելու»:

Այս խոսքերը աղճատելուց հետո հոդվածագիրն ավելացնում է. «Ցեղասպանության հարցը նախապայման չդիտելու հայկական կողմի ասածներից Չաքրյանը հիմք է համարում արտգործնախարարի միտքը... Եվ նա նախարարին հավատում է միայն այն հիմքով, որ ինքը լավատես է»: Ի՞նչը պետք է հիմք ընդունելՙ Թուրքիայի արտգործնախարարի ասածնե՞րը, թուրքական թերթերի գրածնե՞րը, թե՞ ՀՅԴ-ի արձանագրության դրույթների թուրքական հնարավոր մեկնաբանությունից բխող կանխագուշակումները: Ես հիմք եմ ընդունում նաեւ արձանագրությունների տեքստը եւ միաժամանակ համոզված եմ, որ Էդվարդ Նալբանդյանը, եթե օժտված չլիներ խորհրդային դպրոցն անցած դիվանագետի բարձրորակ հատկանիշներով եւ արտգործնախարարի պաշտոնում նշանակվեր պատահականությունների բերումով կամ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հորդորներով, ապա ՀՅԴ-ն նրա հրաժարականը ամենեւին չէր պահանջի:

Նման հետեւության հիմքն էլ ՀՅԴ-ի կիրառած երկակի ստանդարտն է: Օրինակ, 2007-ին, երբ Աբդուլլահ Գյուլն ընտրվեց Թուրքիայի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով շնորհավորեց նրան եւ ուղերձում Հայոց ցեղասպանությունը նենգափոխելովՙ դարձրեց «ունեզրկում»: Սեփական ենթադրությունների հիման վրա նախագահին եւ արտգործնախարարին Ցեղասպանության հարցում Թուրքիային տուրք տալու մեջ մեղադրող ՀՅԴ-ն ողջամտորեն շրջանցեց Ցեղասպանության նենգափոխման այս խայտառակ փաստը: Ավելին, երբ Եվրոխորհրդում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը Հայաստանի դեմ ստորագրություն էր հավաքում ադրբեջանցի եւ թուրք խորհրդարանականներից, ՀՅԴ-ն Գերագույն մարմնի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, որակելով դա սխալ, այնուամենայնիվ, ազգադավ այս արարքը համարեց «փորձառության պակասի հետեւանք»:

Մինչդեռ այդ նույն Եվրոխորհրդում ադրբեջանցի խորհրդարանականները, թուրք եղբայրների աջակցությամբ, հայ սպանելու համար ազգային հերոս էին հռչակել Ռամիլ Սաֆարով կոչված մարդասպան-ստահակին: Հայ-թուրքական արձանագրությունները հանկարծ այս պատգամավորին դարձրեցին Հայ դատի եւ պահանջատիրության անխոնջ ջատագովը: Սփյուռքում Հայաստանից ճողոպրած ՀՀՇ-ականների հետ համագործակցող Դաշնակցությունը, Հայաստանում էլ սերտորեն համագործակցում է նշված պատգամավորի, նրան Հայաստանի դեմ ադրբեջանցի եւ թուրք խորհրդարանականների ստորագրություն հավաքելու առաջադրանք տված «Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաեւ կուսակցական առաջնորդի հետ, որը Թուրքիայի նախագահին հղած նամակում Հայոց ցեղասպանությունը կամայականորեն «ունեզրկման» էր վերածել:

Ի դեպ, ՀՀՇ-ականների հետ համագործակցությունը հատկանշական է այն առումով, որ 2007-ի դեկտեմբերին Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստատեսությամբ տեղի դաշնակցական գործիչները «առաջադրվելու դեպքում ՀՀ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու» պատրաստակամություն էին հայտնել, այն էլՙ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի այցի նախօրեին:

Հոդվածագիրը մեզ մեղադրում է պահանջատիրությունն աչքաթող անելու մեջ: Եթե պահանջատիրությանը զորավիգ կանգնելու գրավականը Հայաստանից ճողոպրած թափթփուկների, ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներից ստորագրություն հավաքողների նմաններին առաջադրանք տվող կուսակցությունների եւ խորհրդարանական կուսակցության առաջնորդի կարգավիճակով Թուրքիայի նախագահին շնորհավորելիս, հետն էլ Հայոց ցեղասպանությունը նենգափոխողների հետ համագործակցելն է, ապա ես աչքաթող կանեմ նաեւ Հայ դատը:

Սակայն աչքաթող անելու մեղադրանքի հասցեատերը ես չեմ, ոչ էլ Հայաստանի ղեկավարությունը, նույնիսկ 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը չի կարող լինել, որովհետեւ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի 9-րդ հոդվածով «Երեւանի կառավարությունը համաձայնվում է Սեւրի պայմանագիրը համարել եւ հայտարարել անվավեր»:

Ի դեպ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը Հայաստանին թողնում էր 10,8 հազար քառ. կմ տարածք, ի տարբերություն Կարսի պայմանագրի, երկկողմ է, ուստի չի կարող համարվել բոլշեւիկյան Ռուսաստանի կամ այլ պետության պարտադրանքը, որովհետեւ դրա տակ ստորագրել են դաշնակցական Հայաստանի ու քեմալական Թուրքիայի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Վիլսոնի իրավարար որոշմանը, ապա ԱՄՆ-ը ոչ ստորագրել է իր նախագահիՙ որոշումով ձեւակերպված Սեւրի պայմանագիրը, ոչ էլ մասնակցել դրա վերջնական մշակմանը:

Հետեւաբար Վիլսոնի իրավարար որոշման անընդմեջ վերարծարծումներն ընդամենը հանգեցնելու են պահանջատիրության անտեղի չարչրկմանը: Եթե որեւէ հարցիՙ այն էլ խիստ ազգային, վերարծարծումը չարչրկման է հանգեցնում, ինքնըստինքյան շառլատանության են վերածվում արծարծման ջանքերը:

Այսինքն, պահանջատիրությունն աչքաթող անողը ես չեմ: Պարզապես չեմ ուզում, որ արձանագրություններին հակազդելու պատրվակով ի լուր աշխարհի անընդմեջ հայտարարվի Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Կարսի պայմանագրերի հարցերում Թուրքիային զիջելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամության մասին, որպեսզի հայ հասարակության ենթագիտակցության մեջ չամրապնդվի զիջումների անխուսափելիությունը, չբթանա հայ ժողովրդի զգոնությունը ազգային հարցերում, որեւէ կուսակցության քմահաճույքով իշխանությունները արհեստականորեն չհակադրվեն հասարակությանը, ոչ էլ սփյուռքահայերըՙ հայաստանաբնակ հայրենակիցների դեմ, հայությունը չպառակտվի, անընդմեջ արծարծվելու միջոցով չօրինականացվեն Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Կարսի պայմանագրերի առնչությամբ թուրքական պահանջները: Ակնհայտ է, որ այդ դեպքում Թուրքիան կստանա այս պահանջները մասսայականացնելու հնարավորություն եւ Հայաստանի դեմ հետագա օգտագործման հաշվարկներով միջազգային հնչեղություն կհաղորդի դրանց:

Այս ամենը ոչ միայն կասկածի տակ է դնում ՀՅԴ-ի հակազդեցության նպատակահարմարությունը, այլեւ առաջացրած մի շարք հարցականներով դա դարձնում է միանգամայն տարակուսելի Հայաստանի ազգային շահերի համար, որովհետեւ ծայրահեղ բնույթի այս հակազդեցության հիմքում լարվածության հավելյալ պաշար ստեղծելու եւ դրանով հայաստանյան իշխանություններին ճնշման ենթարկելու, ինչպես նաեւ ճնշումը համահայկական դարձնելու համար սփյուռքին Հայաստանի դեմ տրամադրելու հաշվարկներն են: Դրանք միանգամայն համընկնում են Իսրայելից ուղղորդվող ԱՄՆ-ի հրեական կառույցների միջոցով թուրքական պետության իրականացրած առաջադրանքների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4