ԱԺ ճեպազրույցները` առասպելի եւ իրականության սահմանին
Ազգային ժողովի ճեպազրույցները երեկ մի փոքր անցան իրականության եւ առասպելի սահմանը` երեւի մեր լրագրողները հոգնել են լուրջ-լուրջ ու չափազանց երկարախոս մեր պատգամավորներից եւ այնպիսի հարցեր ներմուծեցին, որ նաեւ մի փոքր կատակել-հանգստանալու տարրեր ունեին իրենց մեջ: Օրինակՙ հարցնում էին` արդյո՞ք հայ-թուրքական սահմանը բացելուց հետո հայ գործարարներն ու մեծահարուստները կգնեն Արեւմտյան Հայաստանի տարածքը, ինչպես որ Նոյան Սոյակն է վախենում: «Իշխանությունը որպես կատեգորիա` կարող է, ա՛յս իշխանությունը` ոչ», ասաց ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը ` ավելացնելով, որ Սոյակն անկեղծ չէ, քանի որ Թուրքիայի օրենքները թույլ չեն տալիս օտարներին եւ հատկապես հայերին հեշտորեն սեփականություն եւ անշարժ գույք գնել, իսկ մեծահարուստները նախընտրում են ավելի հարմարավետ գոտիներում սեփականություն ձեռք բերել. «Նրանց այս տեսակի գործողությունները շատ հազվադեպ են ազգային զգացողությամբ դրդված»: «Գագիկ Ծառուկյանին որ մնա, ամբողջ Արեւմտյան Հայաստանը կգնի», վրա բերեց Նաիրա Զոհրաբյանը ` հարցը լսելով, իսկ նրա կուսակից Արամ Սաֆարյանը հիշեցրեց թուրքական գործելակերպի ավելի վաղ դրսեւորումներն այս խնդրում. 3 տարի առաջ Ռուսաստանում հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ ցանկացել էր 2 մլրդ դոլարով գնել թուրքական խոշոր ավտոձեռնարկություններից մեկը (տենդեր էր հայտարարված), Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն իր նիստում համարել էր, որ խոշոր ձեռնարկություն հային վաճառելը Թուրքիայի անվտանգությանը սպառնալիք է, եւ կասեցրել էր այդ գործարքը: Նույն բանը տեղի էր ունեցել Վանում հյուրանոց առնելու ցանկություն հայտնած մի ամերիկահայ գործարարի հետ, 1980-ական թվականներին: Արամ Սաֆարյանը նաեւ վստահ էր, որ Հայաստանի օրենսդրական դաշտն էլ ինքնապաշտպանական բնազդով կատարելագործման խնդիր ունի, պետք է այնպիսի փոփոխություններ կրի, որ դիմակայի ավելի ուժեղ թուրքական տնտեսությանը:
Առավել իդեալիստ էր Գալուստ Սահակյանը , որը գտնում էր, որ ի վերջո մեր հողերը կվերադարձվեն նրանց իրական տերերի ժառանգներին: Ըստ նրա` ցեղասպանության հետեւանքների վերացման մեջ պետք է դիտարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, որի հետեւանքով կարող է փոխհատուցումների, գուցե նաեւ հող վերադարձնելու հարց առաջանալ. «Հայերը չեն պատրաստվում թուրքերի հողերը գնել, որովհետեւ այդ հողերի մեծ մասը հայաբնակ են եղել... եվրոպական որ երկիրը գնում ենք` տեսնում ենք, որ գտել են ժառանգներին, ովքեր 18-17-16-րդ դարերում սեփականություն են ունեցել եւ նրանց սեփականությունը վերադարձրել են»: Հայ-թուրքական արձանագրություների ստորագրումը, ըստ Գ. Սահակյանի, ամիսների հարց է` ընդամենը թուրքերը դիվանագիտական իմիտացիա անելով` ուզում են հանրությանը ցույց տալ, որ դժվար գործ է սա: Եվ անգամ մեր ընդդիմադիրներին ու իշխանականներին հասավ` առաջինը կուծք ծեծելով «ոչ» է ասում` կարծելով հերոս է, երկրորդը խանդավառՙ «այո». «Երկու տարբերակն էլ ընդունելի չեն: Դիվանագիտական գործընթաց է, պետք չէ այդպես վարվել»:
Վ. Հովհաննիսյանն էլ ենթադրեց, որ արձանագրությունները Թուրքիայում մինչեւ ապրիլ կքննարկվեն եւ ապա կվավերացվեն, քանի որ Թուրքիայում արդեն գիտակցում են, որ շահողն իրենք են: Բայց նաեւ փորձելու են քամած լիմոնից եւս մի քանի կաթիլ կորզել` Ղարաբաղի հարցի քննարկումներ ծավալելով: Եվ նկատի ունենալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածը, թե Թուրքիային նույն կերպ կոշտ պատասխանելը թուլություն կլինի մեր կողմից` հակադարձեց. «Հավանաբար կատվի պես լռելն ուժի նշան է»:
Իսկ Գ. Սահակյանը «մեղմի» ու «կոշտի» մասին կարծում էր, որ պետությունն այո, մեղմ պիտի լինի, դա դիվանագիտություն է, բայց դա չի խանգարում, որ քաղաքական գործիչները (ե՛ւ ընդդիմադդիր, ե՛ւ իշխանամետ) կոշտ արձագանքներ անեն:
«Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Թուրքիան սպասելիքներ ունի այս գործընթացից, նաեւ ուզում է ցույց տալ, թե ով է խաղի իրական տերը, ու դրա համար ձգձգելու է արձանագրությունների վավերացումը, իսկ հայ իշխանավորների ձեւակերպումները մնում են կոդավորված եւ անհասկանալի: Լ. Ալավերդյանին երկու անգամ զարմացրել էր Գագիկ Ծառուկյանը , որը երկուշաբթի ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը գնահատելու լրագրողների առաջարկին ի պատասխան` ասել էր, թե «ժառանգությունը» լավ կլինի իր ներքին խնդիրներով զբաղվի, սաՙ մեկ, եւ Ծառուկյանի մեկ այլ դիտարկումը, որ գործարարը պետք է զբաղվի քաղաքականությամբ (Ծառուկյանն այլ կերպ էր ասել-Մ.Խ.), ինչը Ալավերդյանը սահմանադրության խախտում անվանեց: Նա մատնացույց արեց ԲՀԿ-ի ներքին խնդիրները` ԲՀԿ-ական պատգամավորը կրակել էր մի քաղաքացու վրա: Մինչդեռ Ն. Զոհրաբյանը դա չհամարեց ԲՀԿ-ի ներքին խնդիր, այլ միայնՙ միջադեպ, իսկ ժառանգականներին էլ խորհուրդ տվեց քիչ զարմանալ, որ ժամանակ ունենան իրենց ներքին խնդիրներով զբավելու: Ըստ նրա` Ծառուկյանը սահմանադրությունը լավ գիտե, նա նկատի է ունեցել մարդկանց, ովքեր անցել են ամեն ինչով եւ երկրում լուրջ ազդեցություն ունեն:
Այս խնդիրը լրագրողները քննարկման նյութ դարձրին նաեւ մյուս խմբակցություններից ներկայացածների հետ: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանի կարծիքովՙ սահմանադրության հոդվածները համադրելը ՍԴ-ի գործն է, Վ. Հովհաննիսյանի դիտարկմամբՙ հասարակությունը հաշվի է նստում ռեալության հետ, իսկ Հայաստանում միշտ չէ, որ ռեալությունն ու սահմանադրությունը համընկնում են (հարցն այսպես էր` ինչո՞ւ հասարակությունը չարձագանքեց Ծառուկյանի ասածին):
Հետաքրքրական էր նաեւ ՀՅԴ-ի` Հայոց ցեղասպանությունն ուրացողին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մեր խորհրդարանականների արձագանքը. առավել հատկանշականը Արամ Սաֆարյանինն էր, որը մատնանշեց այդպիսի օրենք ընդունելու վտանգները: Ըստ նրա` այդպիսի օրենքի ընդունմանը կհետեւի եվրոպական կառույցների բացասական արձագանքը, որոնք կոչում են Թուրքիային վերացնել 301 հոդվածը, հորդորում Ֆրանսիային` չընդունել Հայոց ցեղասպանությունը ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենք, պատճառաբանելով, որ դրանք եվրոպական չափանիշներին դեմ են (մարդու իրավունքներ, խոսքի ազատություն): Ուրեմն եւ թուրքական 301-ը հանելուց հետո եվրոպացիներն անցնելու են Հայաստանին` հորդորելով վերացնել այդ օրենքը (եթե ընդունվի): Բացի այդ` այդպիսի օրենքի ընդունումն անվստահություն է սեփական քաղաքացիների նկատմամբ, կասկածելով, թե նրանք կուրանան Հայոց ցեղասպանությունը (Ն. Զոհրաբյան):
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ