«Վարորդներից մեզ հասած ահազանգերից եզրակացնում ենք, որ ճանապարհային ոստիկանները չգիտեն երթուղային կանոնները, շատերը դրանք շփոթում են կառավարության ընդունած օրենքների հետ», երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը : Որպես օրինակ նա բերեց տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին օրենքը, ըստ որի` ոստիկանը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնել միայն ակնհայտ խախտում նկատելու դեպքում. «Սակայն մեր ոստիկանները կարող են նույնիսկ անտեղի կանգնեցնել տրանսպորտը»:
Բանախոսը նկատեց նաեւ, որ վարորդներն էլ «չեն փայլում» կանոնների իմացությամբ. «Գրեթե բոլոր մեր վարորդները չգիտեն նույնիսկ ճիշտ աջ կամ ձախ շրջադարձ կատարել», ասաց պարոն Հովհաննիսյանը: Այս առումով բանախոսը կարեւորեց երթուղային կանոնների սերտումը արդեն դպրոցական տարիքից, ըստ նրա, պետք է դպրոցներում հատուկ դասաժամերով սովորեցնել այդ կանոնները. «Երբ մենք դիմեցինք կրթության նախարարություն` պարզելու այս հարցը, նրանց պաշտոնատար անձը տեղեկացրեց, որ իրենք հրավիրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, որոնք արտաժամյա ուսուցանում են երթուղային կանոնները, սակայն ճանապարհային ոստիկանությունից էլ իմացանք, որ որեւէ նման բան չկա», իր մտահոգությունը հայտնեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով տեխզննման խնդիրներին, բանախոսը հայտարարեց. «Ճանապարհային ոստիկանությունը ընդամենն ուզում է լցնել իր արտաբյուջետային ֆոնդը: Եթե հնարավոր էր հետիոտներին զգուշացնել, որ անցուղիներով չանցնելու դեպքում նախատեսվում է 3000 դրամ տուգանք, ապա ինչո՞ւ անհրաժեշտ չի համարվել վարորդներին տեղեկացնել նախատեսված տուգանքների ու նրանց չափի մասին»:
Պարոն Հովհաննիսյանի տվյալներով, անցնող տարում տեխզննում չանցնելու համար տուգանվել են 60 հազար վարորդներ. «Մեկ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ: Տուգանքներից առաջացած ամբողջ գումարը 3 մլրդ դրամ է, այն ուղղվում է ճանապարհային ոստիկանություն, որը վեր է ածվել բիզնես ընկերության», հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպանը:
Ըստ բանախոսի, իրենք միշտ սպասում են նոր «անակնկալների» ոստիկանության կողմից` կապված ապակիների մգության աստիճանի, մեքենաներում դեղատուփեր տեղադրելու եւ այլնի հետ. «Ընդ որում, ապակիների մգության արգելման օրենքը կա, սակայն չի կիրառվում, երբ մենք հարցնում ենք` ինչո՞ւ, ստանում ենք պատասխան` թե անհրաժեշտ սարքավորումներ չունենք որոշելու թույլատվության աստիճանը: Բայց մի օր էլ կտեսնենք, որ դրա համար են անակնկալ տուգանքներ գանձում», ասաց Հովհաննիսյանը:
Ամրագոտիների պարտադրման կապակցությամբ բանախոսը հայտեց իր գոհունակությունը, քանի որ այստեղ խոսքը վարորդների անվտանգության մասին է, իսկ հետիոտների կողմից ճանապարհը անցնելու վերաբերյալ ասաց. «Ես ողջունում եմ այդ որոշումը, որ հետիոտնը պետք է փողոցն անցնի միայն անցումով: Նկատելի է, որ եթե առաջ անցնում էին որտեղից պատահի, այժմ գոնե զգուշանում են, սա անպայման հետիոտնի ու վարորդի միջեւ կառաջացնի փոխադարձ հարգանք»:
Վերջում պարոն Հովհաննիսյանը տվեց որոշ վիճակագրական տեղեկություններ. եթե 2007-ին Հայաստանում գրանցվել է երթուղային կանոնների 117 հազար խախտում, ապա 2008-ին այդ թիվը դարձել է 411 հազար. «Ես սա չեմ պայմանավորում մեքենաների թվի աճով, ասաց բանախոսը: Այժմ մենք փաստում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկությունը անհամեմատ լավացել է, կենտրոնից դուրս փոքր-ինչ վատ է, սակայն մարզերում երթեւեկության վիճակը, կարելի է ասել, անմխիթար է»:
Վարորդների իրավունքների խախտման վերաբերյալ Հովհաննիսյանն ասաց, որ հարուցվել է 65 դատական գործ, որից 53-ը իրենք շահել են:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ