Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հավաստիացնում է, որ հանրապետությունում H1N1 վարակի որեւէ դեպք չի հայտնաբերվել: Պաշտոնական տվյալներով` աշխարհում հայտնաբերվել է վարակի 416.000 դեպք, որոնցից 4.500-ը` մահացու ելքով: Նոյեմբերից բազմաթիվ երկրներում կմեկնարկի վարակի կանխարգելման դեմ պատվաստման շրջան: Հայաստանը նույնպես ցուցակում է:
Առողջապահության նախարարության հիգիենիկ-համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ ասաց, որ կան համապատասխան լաբորատորիաներ, որտեղ լիարժեք ախտորոշում է կատարվում: Հետազոտվածների թիվը հասնում է հինգ տասնյակի, որոնք կասկածելի ախտանշաններ ունեին, սակայն պարզվել է, որ նրանցը սովորական սեզոնային գրիպ է:
Ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, ինչպես նաեւ ցամաքային սահմանային անցումային կետերում: Կազմակերպվել են դասընթացներ բուժաշխատողների համար, հրատարակվել են փոքրիկ գրքույկներ:
Համաճարակաբանները վստահեցրին, որ եթե հանրապետությունում վարակի ախտանշաններ գրանցվեն, «Տամիֆլյուի» քանակությունը բավարար կլինի: Առողջապահության նախարարության մասնագետները ՏԻՄ առողջապահության ու կրթության ներկայացուցիչների հետ նոյեմբերից դպրոցներում եւ մանկապարտեզներում կկատարեն ուսումնասիրություններ: Երեխաները, որոնց մոտ կհայտնաբերվի գրիպ, սուր շնչառական հիվանդություն, ստիպված կլինեն ազատվել պարապմունքներից` մինչեւ վերջնական ապաքինում:
Արա Վանյանը նկատում է, որ այսպիսի միջոցառումները հատուկ նպատակ ունեն. ցուրտը նպաստավոր պայմաններ կստեղծի վարակի տարածմանը: Ասոյանն էլ խորհուրդ տվեց` վարակից խուսափելու համար, չհամբուրվել, բավարարվել միայն ձեռքսեղմումով, չօգտագործել ուրիշի շրթներկը: Թե ինչպես է պատահում, որ հարեւան երկրներում H1N1 վիրուսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել, մինչդեռ Հայաստանը կարողանում է դիմակայել, համաճարակաբանները պատասխան չգտան` «Երբ իմանանքՙ կասենք»:
Երեւի Հայաստանի իմունային համակարգն է ուժեղ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ