ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի հանդիպումը Լոս Անջելեսում
ՀԲԸՄ Հարավային Կալիֆոռնիայի 10-րդՙ տարեկան գալա-երեկոն
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայի «Շերատոն Յունիվերսլ» հյուրանոցում տեղի ունեցած ՀԲԸՄ Հարավային Կալիֆոռնիայի շրջանակային հանձնաժողովի (ՀԿՇՀ) գալա-երեկոյի ընթացքում, որին ներկա էին ավելի քան 500 հյուրեր, հայտարարեց, որ Վաչե եւ Թամար Մանուկյանները 11 միլիոն ԱՄՆ դոլար են նվիրաբերում ՀԲԸՄ Փասադենայի դպրոցին ու կենտրոնին: Երեկոյին ներկա էին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր կնոջ` Վերայի հետ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Occidental Petroleum ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Ռեյ Իրանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներ Քերոլ Ասլանյանը, Արիս Ադամյանը, Երվանդ Դեմիրճյանը, Սեմ Սիմոնյանը, Պերճ Փափազյանը, Սինան Սինանյանը, Տիգրան Թեւրիզյանը, Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Հարավային Կալիֆոռնիայի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Շահբազյանը, ՀԿՇՀ վարչության այլ անդամներ:
Ամենամյա այս միջոցառումը տոնում է ՀԿՇՀ-ի հաջող գործունեությունը Հարավային Կալիֆոռնիայում` պատվելով բոլոր նրանց, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել տեղի հայ համայնքի կյանքում: Այս տարվա հերոսներն էին աշխարհացրիվ հայ համայնքների երկարամյա բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանները Լոնդոնից, որոնց անունով էլ կվերանվանվեն ՀԲԸՄ Փասադենայի նորաբաց դպրոցն ու կենտրոնը:
ՀԲԸՄ Փասադենայի այս համալիրը այս տարածաշրջանում կազմակերպության իրականացրած բոլոր միջոցառումների կենտրոնն է: Բացի ՀԲԸՄ Փասադենայի դպրոցից, որն արդեն երեք տարվա պատմություն ունի, ավելի քան 120 աշակերտ եւ մարզասրահ, որից շաբաթ եւ կիրակի օրերին օգտվում են հարյուրավոր երիտասարդներ, ՀԲԸՄ Փասադենայի կենտրոնը հյուրընկալում է կազմակերպության բազմաթիվ մշակութային եւ կրթական ծրագրեր ու միջոցառումներ, այդ թվումՙ «Արտավազդ» թատերախումբը, Generation Next եւ «Հայ կին» ծրագրերը, «Սարդարապատ» պարային համույթը, եւ ՀԲԸՄ Լոս Անջելեսի երիտասարդ արհեստավարժների խումբը:
Հանդիպում հայ համայնքի հետ
Հոկտեմբերի 16-ին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամները ժամանեցին Լոս Անջելես, որտեղ ՀԿՇՀ ատենապետ Պերճ Շահբազյանի ուղեկցությամբ այցելեցին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց, որը գտնվում է Քանոգա Փարքում (Կալիֆոռնիա), եւ որը 12-ամյա կրթություն է առաջարկում ավելի քան 800 աշակերտների:
Կեսօրին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի եւ ՀԿՇՀ վարչության անդամներն այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ թեմական խորհրդի նախագահ Ջոզեֆ Կանիմյանին: Նրանք միասին շրջեցին նոր եկեղեցու տարածքում, որի շինարարությունը կավարտվի 2010 թվականի հունիսին, եւ օծումը կկատարվի նույն տարվա սեպտեմբերին: Նոր կառույցը կներառի փոքրիկ թանգարան եւ դասասենյակներ կիրակնօրյա դասընթացների համար:
Նույն օրը երեկոյան ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի եւ ՀԿՇՀ վարչության ղեկավարները հանդիպեցին ՀԲԸՄ մասնաճյուղի եւ հանձնաժողովի ատենապետների հետՙ քննարկելու միության հայտարարությունն ի պաշտպանություն հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման մասին արձանագրությունների, որոնք պաշտոնապես ստորագրվեցին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, Շվեյցարիա: (Տեսՙ «Ազգ», 22 հոկտ., 2009)
Ներկաներին ուղղված իր խոսքում ՀԲԸՄ նախագահ պրն Պերճ Սեդրակյանը շեշտեց միության անշեղ աջակցությունը Հայաստանին ու համայն հայությանը: «Մենք լիովին կիսում ենք ողջ հայ ժողովրդի մտահոգությունները, բայց այսօր մենք ազգերի համաստեղության մի մասն ենք ու չենք կարող մեկուսացած գործել: Հայաստանը պետք է աշխատի համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցների հետ: Մենք պետք է միասնական լինենք եւ գիտակցենք, որ սա շատ երկար ու դժվարին գործընթացի սկիզբն է միայն: Գործելով միասնական` մենք կարող ենք վստահ լինել, որ բնականոնացման ճանապարհին Թուրքիայի առաջ քաշած ամեն մի խոչընդոտ մեր կողմից պետք է արժանանա ուժեղ հակադարձության»:
Նա պատասխանեց արձանագրությունների մասին ՀԲԸՄ անդամների հարցերին եւ խոսեց միջազգային բեմահարթակի վրա իր սեփական տեղն ունենալու Հայաստանի հնարավորությունների մասին: «Այս համաձայնագրերում Հայաստանը դիտվում է որպես Թուրքիային հավասար կողմ, եւ Հայաստանի ներկայացուցիչները կարող են որեւէ պահի դուրս գալ, եթե վստահ լինեն, որ գործընթացը չի համապատասխանում Հայաստանի շահերին ու մեր ազգի արդարացի պահանջներին: Մենք չպետք է հետ մնանք դիվանագիտությունից, որովհետեւ շատ կարեւոր է պահպանել Հայաստանի անվտանգությունը եւ բավարարել տնտեսական պահանջները»:
Առատաձեռն նվեր ՀԲԸՄ-ին
Միջոցառումների գագաթնակետը շաբաթ երեկոյան կայացած գալա-ընթրիքն էր Կալիֆոռնիայի «Շերատոն Յունիվերսալ» հյուրանոցում` պատվելու Վաչե եւ Թամար Մանուկյաններին` հայ ժողովրդին իրենց անսահման նվիրվածության եւ առատաձեռնության համար:
Երեկոյի ընթացքում, որը վարում էր Վահե Չարխուտյանը, ելույթ ունեցան ՀԿՇՀ հատուկ միջոցառումների հանձնաժողովի ատենապետ Հերմինե Ջանոյանը , ՀԿՇՀ ատենապետ Պերճ Շահբազյանը , ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը , Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը , որը կարդաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, եւ, իհարկե, երեկոյի պատվավոր հյուր Վաչե Մանուկյանը :
Իր ելույթի ընթացքում ՀԲԸՄ նախագահն ընդգծեց Մանուկյանների նվիրվածությունը հայ համայնքի հիմնաքարերը հանդիսացող արժեքներին: «Ե՛վ Վաչեն, ե՛ւ Թամարը ծնվել են հզոր հայկական ավանդույթներով ու արժեքներով հարուստ ընտանիքներում եւ այժմ էլ վարում են իրենց երազած կյանքն իրենց հիմնած ընտանիքով, ֆինանսական հաջողություններով եւ անսահման մարդասիրությամբ` ամենուր սփռելով հայկական արժեքներ, որոնք ստացել են իրենց ծնողներից»: Հայտարարելով Վաչե եւ Թամար Մանուկյանների 11 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերությունը` պրն Սեդրակյանը ՀԲԸՄ-ի անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց զույգին` ընդգծելով այն ներդրումն ու ազդեցությունը, որ իրենց բարեգործությունը պիտի ունենա հայ ժողովրդի ապագա սերունդների համար:
Վեհափառ հայրապետի ուղերձում մասնավորապես հիշվում էր հայ համայնքի համար արված Մանուկյանների բարերարության երկար պատմությունը: «Սփյուռքում ու մայր հայրենիքում ապրող յուրաքանչյուր հայ իր սրտում հավերժ փայփայում է Վաչե եւ Թամար Մանուկյանների անունը: Նրանց առատաձեռնությունն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա մեր ապագա սերունդների համար»:
Ի պատիվ բարերարներիՙ ՀԲԸՄ Փասադենայի կենտրոնն ու դպրոցը կվերանվանվեն Վաչե եւ Թամար Մանուկյանների անունով:
Բացի Մանուկյանների նվիրաբերությունից, ՀԿՇՀ գալա-երեկոյի ընթացքում հանգանակվեց 400000 ԱՄՆ դոլարՙ ներառյալ Կալիֆոռնիայի Թուրփանջյան ընտանիքի կրթական հիմնադրամի 160000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը:
Նկար 1. ՀԲԸՄիության Փասադենայի դպրոցը:
Նկար 2. Ձախից աջՙ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները, տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները:
Նկար 3. Դպրոցի ընդհանուր տեսարանը: