«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


«ԱՐԵՎՈՐԴԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Արեւորդի» փառատոնի ստեղծած հնգօրյա (հոկտ. 25-29) բնապահպանական մթնոլորտը Երեւանում պետք է, որ լուրջ ազդեցություն թողնի գոնե դրան հետեւողների հետագա վերաբերմունք-հայացքների վրա: Փառատոնը բազմաբնույթ էր` սկսած դիմակահանդես-մշակութայինից մինչեւ կոնֆերանս-սեմինարային: Եթե ըստ էության` փառատոնի նպատակը բնապահպանական հարցերի հանրայնացումն էր: Միաժամանակ փառատոներին բնորոշ` «Արեւորդին» էլ աչքի ընկավ մրցանակաբաշխության բազմազանությամբ (նկարչական, դիմակահանդեսային, երաժշտական):

Անդրադառնանք հիմնականինՙ ֆիլմերի մրցանակաբաշխությանը: Ֆիլմերի հիմնական մրցութային ծրագրի ժյուրին Ռոնալդ Թոբիասն էր: Այս ծրագրում Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էդգար Բարտենեւի «Նյարմա» ֆիլմը (Գերմանիա), խրախուսական մրցանակը հանձնվեց Հերբերթ Օսթվալդին (Գերմանիա)ՙ «Անտառի ոգին. Երկարականջ ցատկամուկ» ֆիլմի համար:

Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն անվանակարգում մրցանակը տրվեց Ֆրենի Ամստրոնգի «Հիմարության դարը» ֆիլմին (Մեծ Բրիտանիա): Ժյուրիի հատուկ մրցանակ շնորհվեց Ինգե Ալթեմայերի «Այստեղ` բնապահպանություն, այնտեղ` մահ» ֆիլմին (Գերմանիա/Ինդոնեզիա): Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմը (Հայաստան):

Մանկական ֆիլմերի ժյուրիի նախագահն էր Մաիկկի Կանտոլան : Այս ծրագրի Պատանի ռեժիսորի (մինչեւ 16 տարեկան) լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում մրցանակը ստացավ «Էկոքաղաքը եւ աղբի հրեշը» ֆիլմը (Իտալիա): Ժյուրիի հատուկ մրցանակներ տրվեցին Ուրցաձորի «Արեւորդի» էկոակումբի նկարահանած «Աստրագալուսի մայրամուտը» եւ Գառնի-Գողթ էկոակումբի` «Էհա» ֆիլմերին:

Լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ անվանակարգում մրցանակ շնորհվեց Ջոն Ուեթսբերի «Աղետի բաղադրատոմսեր» ֆիլմին (Ֆինլանդիա), ժյուրիի հատուկ մրցանակը` Լուցիե Ստամֆեստովայի «Սառնարանը» ֆիլմին (Չեխիա):

Տեղեկատվական ծրագրում շնորհվեց ԵԱՀԿ կողմից սահմանված հանդիսատեսի մրցանակը` Յոսի Վայսլերի «Մահվան պատը» ֆիլմին (Իսրայել):

Ինչպես երեկ փառատոնը ամփոփող մամլո ասուլիսում ժյուրիի նախագահները վկայեցին, հիմնական մրցութային ծրագրի հայաստանյան ֆիլմերը կարող են մրցակցել միջազգային փառատոներում, ինչ վերաբերում է երեխաների նկարահանումներին, ապա ժյուրիի նախագահը ցուցադրելու նպատակով դրանք տանում է Ֆինլանդիա:

Վայրի բնության եւ մշակույթի պահպանման հիմնադրամը շարունակելու է ընդլայնել իր գործունեության ծավալները. առաջիկայում նախատեսվում են մեծ միջոցառումներ` նախկինի պես ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Հիմնադրամի մի շարք միջոցառումներին աջակցում է նաեւ մշակույթի նախարարությունը: Տարօրինակ է, որ բնապահպանության նախարարության հետ, ինչպես ասաց Ռուբեն Խաչատրյանը, համագործակցության պայմանավորվածություն բոլորովին վերջերս է ձեռք բերվել` «Մարտին Ադամյան հիմնադրամ» (բնապահպանության ոլորտում երիտասարդներին խրախուսելու նպատակով) ստեղծելու կապակցությամբՙ այն էլ հիմնադրամի` տասնյակներով նամակներից հետո:

Փառատոնային հետքերը խորհրդանշորեն դեռեւս շարունակվելու են. արեւորդիները «Star» սուպերմարկետի հետ պայմանավորվել են, որ վերջինս առեւտուր անի իրենց պատրաստած թղթե տոպրակներով: Այն ստանալուց լավ կլինի` ուշադրություն դարձնեք դրանց տարբեր գրություններին, օրինակ` «Մոլորակի ջրային մակերեւույթի 1/4-ը պատված է պլաստիկե աղբով» կամՙ «Մեկ տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ»: Օգտակար կլինի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4