«Ազգը» արդեն տեղեկացրել էր, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում արժանացել է պլատինե մրցանակի, իսկ Սիրակուզայում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ» կոչմանը: «Սահմանը» նաեւ ստացել է լավագույն ռեժիսուրայի համար անվանակարգի մրցանակը «Կինոշոկում»: Հայ-ադրբեջանական փակ սահմանը հատած գոմեշի մասին պատմող «Սահման» ֆիլմի շնորհանդեսը կայացավ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ու մեծ խանդավառությամբ ընդունվեց:
Եվ ահա «Սահման» ֆիլմը Անթալիայում հոկտեմբերի 13-23-ը կայացած «Ոսկե նարինջ» 46-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին եւ ցուցադրվել 4 անգամ: Հայկական այս ֆիլմը, որը ցուցադրվել է հոկտեմբերի 13-ին, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, մեծ հետաքրքրություն ու տպավորություն է թողել փառատոնի մասնակից տասնյակ երկրներից ժամանած մոտ 100 կինոռեժիսորների, քննադատների եւ նաեւ հանդիսատեսների շրջանում:
«Ազգը» զրուցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի հետ, որը նոր էր վերադարձել Անթալիայի եւ Ռումինիայի կինոփառատոներից: Նա ասաց. «Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը Ռումինիայի միջազգային փառատոնին ներկայացված էր երեք հայկական ֆիլմ` տարբեր ծրագրերով: Դրանք էին Հարություն Խաչատրյանի «Սահման», Արսեն Ազատյանի եւ Նարինա Մկրտչյանի «Անառակ որդու վերադարձը» եւ Լեւոն Քալանթարի «Կովկասի ազգականուհին» վավերագրական ֆիլմերը: Երեք ֆիլմերն էլ ներկայացված էին մրցութային ծրագրերում եւ հաջողությունը կրկին բաժին հասավ «Սահման» ֆիլմին` արժանանալով կիոնքննադատների ժյուրիի հատուկ մրցանակին: Ժյուրին այդ մրցանակը հիմնավորել էր` «գաղթական լինելու ողբերգությունը նորարար եւ պատկերային ձեւով (առանց խոսքի) մեկնաբանելու համար»:
Թուրքական փառատոնին զուգահեռ «Սահման» ֆիլմը մասնակցում էր նաեւ Վարշավայում ու Տոկիոյում կայացած միջազգային կինոփառատոներին: Իսկ նոյեմբերին ֆիլմը կներկայացվի նաեւ Ֆլորենցիայում եւ Իսպանիայի հնագույն Խիխոնի միջազգային փառատոնում: Դեկտեմբերի 1-6-ը Թիֆլիսում կկայանա Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը կլինի 3-րդ ռետրոսպեկտիվը Մոսկվայից եւ Մոնտեվիդեոյից հետո: Տկն Սուսաննան նշեց. «Թուրքիայում «Սահման» ֆիլմի պրեմիերան մեծ հետաքրքրություն առաջացրեց: Դա է արվեստի զորությունը: Ֆիլմը ստիպեց հանդիսատեսին եւ ժյուրիին գնալ դեպի արվեստ, դեպի մշակույթ, որով էլ շատ կնճռոտ հարցեր կլուծվեն: Հետաքրքրական է, որ ժյուրիի կազմում էր թուրք հայտնի դերասանուհի եւ պետական հեռուստատեսությամբ «Թոկշոու» ծրագրի վարող Պելին Բատուն , որն էլ ինձ եւ ֆիլմի օպերատոր Վրեժ Պետրոսյանին հրավիրեց զրույցի իր հեռուստածրագրում, որտեղ խոսեցինք ընդհանրապես փակ սահմանների, հայ-թուրքական հարաբերությունների եւ այլնի շուրջը»:
Տկն Սուսաննան տեղեկացրեց, որ «Սահման» ֆիլմն արդեն ստացել է ամերիկյան երկու խոշոր կինոընկերությունների առաջարկը` ֆիլմը դարձնել ուսուցողական, նոր լուծումներով նկարված կինոարտադրանք, որը «քանդում է» բոլոր սահմանները ու օգնում մարդկանց ճիշտ կողմնորոշվել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ