«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐՙ «ՔՈ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

2001 թվականից սկսեց գործել ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը Երեւանում, հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում ստեղծեց «Արեւորդի» ուսուցողական-ճանաչողական բնույթի էկոակումբներ: Տարիների հետեւողական կրթադաստիարակչական աշխատանքները, բնապահպանական միջոցառումները աստիճանաբար դրանք վերափոխեցին ներկայացման ավելի ծավալուն ձեւերի: 2007-ին հիմնադրամը իրականացրեց իր տեսակի մեջ Հարավկովկասյան առաջին եւ առայժմ միակՙ «Արեւորդի» բնապահպանական փառատոնըՙ նախատեսված անցկացնել երկու տարին մեկ: Այս տարվա հոկտեմբերի 25-29-ը հիմնադրամի կազմակերպած երկրորդ փառատոնը միջազգային բնույթ կրեց: Ինչպես առաջինի պարագայում, երկրորդ փառատոնի հովանովորը նույնպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն էր:

«Հայաստանը կենսաբազմազանությամբ եւ կենդանիների բազմաթիվ էնդեմիկ տեսակների շնորհիվ ընդգրկվել է կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ եւ միաժամանակ առավել վտանգված 34 թեժ կետերում: Պաշտոնական վիճակագրության համաձայնՙ ՀՀ ֆաունայի կազմում հաշվառված ողնաշարավոր կենդանիների 535 տեսակից 339-ը էնդեմիկ են: Ներկայումս Հայաստանում հանդիպող կենդանատեսակներից 91-ը գրանցվել են Կարմիր գրքում, իսկ գրեթե 300-ը համարվում են անհետացող կամ հազվագյուտ»: Բնապահպանական այս վտանգը սպառնում է ոչ միայն կենդանական աշխարհին, այլեւ կենսաբանական մյուս տեսակներին, թեկուզ այն պարզ պատճառով, որ մոլորակի վրա բոլոր տարրերը, բոլոր գոյությունները միմյանց շաղկապված են: Մոլորակի այս հատվածի պատասխանատվությունը մենքՙ հայերս ենք կրում: Եվ ահա բնապահպանական կանաչ ջահը վառում են մեր պատանի արեւորդիները, որոնց գործունեությունն ամփոփ արտահայտվեց փառատոնի տարաբնույթ ծրագրերում:

Փառատոնի մեկնարկային սկիզբը ազդարարվեց կիրակի, հոկտեմբերի 25-ին, Մատենադարանից «Մոսկվա» կինոթատրոն ձգվող Երեւանի եւ հանրապետության բոլոր շրջանների «Արեւորդի» էկո-ակումբների սաների (շուրջ 1500) ներկայացրած կենդանիների դիմակահանդես-երթը: Նույն օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կայացավ փառատոնի բացման արարողությունը, որին հաջորդեց ֆրանսիացի ռեժիսոր Յան-Արթյուս Բերտրանի (պրոդյուսերՙ Լյուկ Բեսոն) «Տունը» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Փառատոնի հաջորդ օրերը հագեցված էին բազմաբնույթ միջոցառումներովՙ SCR (ԿՍՊ) սեմինարՙ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, կլոր սեղաններ, քննարկումներՙ կլիմայի փոփոխություն, ջուր, թափոնների վերամշակում թեմաներովՙ «Անի Պլազա» հյուրանոցում, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, Էկո-էքսպո եւ «Կովկասյան ջուր. մեր առաջին տարրը» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսներՙ ՆՓԱԿ-ում եւ այլն:

Հասարակական գիտակցության ձեւավորման ամենաազդեցիկ միջոցներից մեկըՙ կինոարվեստը, փառատոնի ծրագրի մի ծավալուն հատված էր զբաղեցնում: Այս օրերին բնապահպանական 80-ից ավելի ֆիլմերՙ արտերկրի եւ տեղական արտադրության, ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրանում եւ մայրաքաղաքի մշակութային տարբեր օջախներում (Ազգային պատկերասրահ, Տիկնիկային թատրոն, ՆՓԱԿ, «Նարեկայի արվեստի միություն»): Ինչպես լուսանկարչության, նաեւ ֆիլմերի ծրագրում սահմանված էր մրցանակՙ հիմնական մրցութային ծրագրում երկու անվանակարգերովՙ Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ եւ Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն: Առանձինՙ երեխաների մրցութային ծրագրում եւս երկու անվանակարգ էր սահմանվելՙ Պատանի ռեժիսորի հեղինակած լավագույն ֆիլմ (մինչեւ 16 տարեկան) եւ Լավագույն կրթական բնապահպանական ֆիլմ, ինչպես նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ: Մրցանակակիրների անունները հրապարակվեցին երեկ երեկոյանՙ փառատոնի ավարտին. այս մասին կտեղեկացնենք «Ազգ»-ի հաջորդ համարում:

Մրցանակը արեւի (բնության) եւ մարդու հավիտենական կապը խորհրդանշող Գետիկ Բաղդասարյանի արեւը գրկած պատանու կերպարով «Արեւորդի» քանդակն էր:

Փառատոնի վերոնշյալ ծրագրերի մասին առավել հանգամանալիՙ հավելվածի այս եւ հետագա էջերում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4