«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԴՈՒՌՙ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ՄԵՋ

«Ժամանակը մարդու եւ բնության միջեւ պատ է կառուցելՙ որպես շինանյութ օգտագործելով մարդկային անգիտությունը, ագահությունն ու անտարբերությունը, մենք մի դուռ ենք բացել այդ պատի մեջ»:

«Արեւորդիներ»

Բացման փառատոնայինՙ մեր սովորական պատկերացումների նմանՙ պաշտոնական, հանդիսավոր արարողություն, բնականաբար, չեղավ եւ չէր էլ կարող լինել. փառատոնի բնույթը, բովանդակությունը, ներքին տրամաբանությունը բնականություն ու պարզություն էին պահանջում: Ու Աշոտ Ադամյանն էլ փառատոնը ներկայացնելու խոսքի պարզ, անբռնազբոս ձեւը նախընտրեց: Նա խոսեց մեր մոլորակի ու մարդու, բնության ու մարդու փոխհարաբերությունների ու դրանց անդառնալի կորուստների, մոլորակին հասցրած բանական մարդու ոչ բանական արարքների, ծանր հարվածների մասին: «Որքան դաժան է պետք լինել, սեփական տունը այս վիճակին հասցնելու համար, եւ ամենադաժան մասնակցությունը այս առումով բերում է երկիր-մոլորակի ամենակրտսեր զավակըՙ մարդը: Երկիր-մոլորակը միլիարդավոր տարիների պատմություն ունի, մարդըՙ տասնյակ հազարավոր, բայց այս ընթացքում հասցրել է անդառնալի աղետներ բերել այն տանը, որի բնակիչն է ինքը, տանջել է մոլորակը:

Երկիրը նման է սպունգի. նա ամեն ինչ կլանում է: 20-րդ դարում ցամաքեցին գետեր, լճեր, անգամ ծովեր: Սխալվում է մարդը, երբ կարծում է, թե ինքը ամենազոր է: Բնությունը հզոր է: Մենք կարող ենք մի փոքր, մոծակի խայթոցի չափ վնաս պատճառել մեր մոլորակին, բայց տիեզերքինՙ ոչ: Երկիրը դրա մի աննշան մասն է: Փրկելով երկիրը աղտոտվելուցՙ մեզ ենք փրկելու, որովհետեւ հիվանդը մենք ենք»:

Նա շեշտեց, որ այս ծրագիրը մասնակցություն հատկապես ակնկալում է գործարար-շրջանակներից, արտադրողներից: «Սեւանի ճանապարհի բլուրների անհետացումը անհետեւանք չի մնալու, այդ փոշին նստելու է մեր թոքերին, ազդելու է մեր երեխաների առողջության վրա»: Փառատոնի նպատակը նաեւ աշխարհագրությունը լայնացնելն է. ուստի նա կոչ արեց հասարակական բոլոր շերտերին միանալ բնապահպանական շարժմանըՙ մաքրելու եւ պահպանելու մեր բնակավայրը, մեր հայրենիքըՙ Երկիր մոլորակը:

ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ողջունեց փառատոնի բացումը, շնորհակալությամբ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրենց շարժմանը, ներկայացրեց մրցանակային ժյուրիի կազմըՙ հիմնականում արտերկրից ժամանած հյուրեր, նաեւՙ գործընկեր կազմակերպություններինՙ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակ, UNICEF, Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի դեսպանատներ, UN Global Compact, GTZ, ինչպես եւ փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանինՙ գործարարիՙ հանրության կողմից ընդունված կերպար, ի մասնավորի, բարեգործական եւ հանրօգուտ բազում աշխատանքների համար: Նա առանձնակի կարեւորեց մտածելակերպի փոփոխությունըՙ սեփական տան շրջանակներից, սահմաններից, «տուփիկային մտածողությունից դուրս գալու եւ ավելի լայն տեսադաշտ ընդգրկելուՙ ապրել երեխաների, հայրենիքի, ապագայի մտահոգություններով, բնության, մեր շրջակա միջավայրի պահպանման խնդիրներով: Ռալֆ Յիրիկյանն էլ դարձավ «Արեւորդի» առաջին մրցանակակիրը. Ռուբեն Խաչատրյանը նրան հանձնեց արեւը գրկած պատանու գեղաքանդակը: Բացման արարողությանը հաջորդեց ֆրանսիացի Յան Արթյուս Բերտրանի «Տունը» ֆիլմը, որը ինչպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն ասացՙ նվիրված է մեր բոլորի բնակավայրին, մեր տանըՙ Երկիր-մոլորակին. «Ֆիլմը բնության գեղեցկության եւ փխրունության մասին է...»:


Նկար 1. Ռուբեն Խաչատրյան եւ Ռալֆ Յիրիկյան

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4