«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


«ԱՄԵՆ ՍԵՐՈՒՆԴ ԻՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՓՈՐՁՈՒՄ ԿԵՐՏԵԼ...»

Մի քանի գաղափարակից համախոհների հետ Ռուբեն Խաչատրյանը 2001-ին մտահղացավ Հայաստանում ստեղծել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ: Ռուբեն Խաչատրյանի մասնագիտական նախասիրությունները արվեստի շրջանակներում են. դա երաժշտություն է, քանդակագործություն եւ կինոռեժիսուրա: Նա նաեւ հոգեւոր, աստվածաբանական կրթություն է ստացել Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում, բնապահպանական դասընթացների մասնակցել արտերկրում: Սեփական երկրի, նրա մշակույթի, բնության հանդեպ պատասխանատվության ներքին զգացումն է այն շարժառիթը, որ մղում է նրան մատաղ սերնդի հետ համբերատար աշխատանքի` կրթելու նրանց բնապահպանական, մշակութային արժեքների պահպանման ու զարգացման զգացումներով:


- Մի քանի տարի առաջ «Արեւորդիների» մասին տեղեկացա Անգլիական այգում կազմակերպված նկարչական օրվա առիթով: Միջոցառումների մակարդակից այսօր արդեն հասել եք միջազգային փառատոնի աստիճանի:

- Յուրաքանչյուր աշխատանքում կարեւոր է, թե հիմքում ինչ գաղափարախոսություն է ընկած, ինչ փիլիսոփայություն ունես, արժեքային ինչ համակարգի ես դավանում:

Եվ եթե դրանցով ես ուզում աշխատել, որպես կառույց կայանալ, ապա տեսանելի է դառնում ապագա ճանապարհը: Դա է պատճառը, որ հստակ քայլերով աստիճանաբար ընդգրկուն դարձան մեր ծրագրերը:

- Միջազգային հիմնադրամների հետ համագործակցությա՞ն սկզբունքներով սկսեցիք գործել:

- Մեր կազմակերպությունը զուտ տեղական կազմակերպություն է, արտերկրի հետ կապ չունի, եւ գումարների 99 տոկոսը Հայաստանում են գտնվում: Սկիզբը դժվար էր, 3-4 տարի անձնական ներդրումներով, մի քանի համախոհներով կարեւորելով խնդիրըՙ փորձեցինք ֆիլմեր նկարել եւ ցուցադրել հանրությանը` նախ ճանաչել տալու մեր արժեքները, դրանք կարեւորելու եւ պահպանելու համար` խորապես ըմբռնելով այն չարիքը, որ մեր հանրությանն է սպառնում: Չարիք ես համարում եմ անտարբերությունը, որը տարիների ընթացքում տնտեսական, կենցաղային վատ պայմաններից, պատերազմական վիճակներից սողոսկել էր մարդկանց մեջ, եւ որից շատ սահմանագծեր էին խախտվել հասարակության մեջ: Ցավոք, կյանքը փոխվում է, սակայն դա շարունակվում է, մենք մեր հոգեբանությամբ չենք փոխվում, մնացել ենք խախտված սահմանագծին:

Սա էր պատճառը, որ կարեւորեցինք երեխաների հետ մեր աշխատանքները` ցույց տալու նրանց ավելի կարեւոր շերտեր, արժեքներ: Ընդունելով այսօրվա ռեալ իրավիճակը` երեխաների միջոցով փորձեցինք փոխանցել դրանք ավագներին: Սովորաբար, արդյունքը ավելի շոշափելի է զգացական մակարդակների վրա աշխատելիս. միայն այդ մակարդակի վրա կարելի է մարդու մեջ արժեքային համակարգ փոխել: Երբ մի երեխա դրանք ինտեգրում է իր առօրյայի մեջ, նաեւ իր միջավայրի վրա է ունենում ազդեցություն: Այսպես արժեքային համակարգը ներմուծվում, ավելի ընդհանուր-ընդգրկուն է դառնում, որը աշխատելու կարեւոր նախադրյալ է, եւ ոգեւորություն է առաջացնում:

- Մարդու բնապաշտական զգացումները ուղղակիորեն կապված են հոգեւոր միջավայրի, արժեքների հետ: Ձեր սաները «Կանաչ աստվածաբանություն» են ուսուցանում նաեւ:

- Որպես homo sapiens, բանական արարած, ընդհանուր առմամբ, մարդը փորձում է հասկանալ` ով է ինքը իրականում, որտեղից է եւ ուր է գնում: Սակայն մարդկանց մի շերտ կարծում է, թե կապ չունի այս ընթացքի հետ: Իրեն թվում է` հավերժ է եւ խախտում է այն արժեքները, որ իրապես հավերժին են պատկանում, դրանով իսկ փորձում է խզել սերնդեսերունդ հաջորդականության կապը: Ցավոք, այդ երեւույթը համատարած բնույթ է կրում աշխարհում:

Ինձ համար Հայաստանը աշխարհի մի փոքր մոդել է եւ այն երեւույթները, որ կատարվում են մեր երկրում` արձագանքներն են աշխարհի: Բայց ես կարծում եմ, որ հազարամյակների այն խոր արժեքները մշակույթի, որ մենք ենք ստեղծել, ի զորու են ժառանգական փոխանցման ավելի լավ վիճակներ ապահովել: Սակայն այսօրվա այս վիճակը ինչ-որ տեղ նաեւ անկարեւոր եմ դիտում, քանի որ ամեն սերունդ իր ինքնությունն է ստեղծում. այդ ինքնության հաստատման խնդիրն ենք փորձում մեզ համար լուծել, ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ կմտնեն մարդիկ` իրենց ինքնությունը կերտելու: Սա է իմ գերխնդիրը, այսքան տարիներ երեխաների հետ աշխատում եմ, որովհետեւ ուզում եմ, որ իմ հետեւից գան իմ նման մտածողներ, մարդիկ, որ ուրիշ արժեքային համակարգ ունեն:

- Եվ ի՞նչ է ասում ձեր աշխատանքային-մանկավարժական փորձը. նոր սերունդը շա՞տ է տարբեր ավագներից:

- Երեխաներն ինձ ոգեւորում են, չնայած ընտանեկան, դաստիարակության ամենատարբեր մակարդակների: Իհարկե, դժվար է նրանց մեջ միանգամից ներմուծել նոր մտածողություն. սա շարունակական, տեւական ընթացք է: Հաջորդ տարի արդեն էկոակումբները պետականորեն լիցենզավորված կրթական կենտրոններ կդառնան:

- Ձեր ուսուցողական պրակտիկայում արվեստի միջոցով դաստիարակությունը շատ կարեւորված է եւ հատկապես` ֆիլմարվեստի:

- Ամբողջ աշխարհում ֆիլմերի միջոցով քարոզչություն տանելու այդ փորձը կա, հանրությունը` կրթելու, պատրաստելու համար: Հայաստանում թերագնահատվում է կինոարվեստը: Փառատոնի շրջանակներում փորձել ենք ֆիլմերն ըստ հասարակության շերտերի ընտրել: Մինչեւ 16 տարեկան երեխաների համար առանձին ծրագիր է պատրաստված, ցուցադրությունից հետո նախատեսված են քննարկումներ:

Ծրագիր կա այս ֆիլմերը Երեւանի հնարավորինս շատ դպրոցներում տարածել, անցկացնել քննարկումներ, որից հետո` նաեւ մարզերի դպրոցներում: Կարծում ենք, դրանք բնապահպանական կարեւոր դասընթացներ կլինեն:

Մեծահասակների համար ցուցադրվելու են բազմաթիվ ֆիլմեր. փառատոնի բացման օրը կցուցադրվի աշխարհում արդեն հայտնի ֆիլմեր. բացման օրը կկայանա ռեժիսոր Յան Արթյուս Բերտրանի (պրոդյուսեր Լյուկ Բեսոն) «Տունը» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Եվ քանի որ երկու տարին մեկ է փառատոնն անցկացվում, հնարավորություն, ժամանակ ունենք տարբեր փառատոններից ընտրելու լավագույն ֆիլմերը: Իհարկե, անպատրաստ հանդիսատեսին կարող են դրանցից որոշները անհետաքրքիր կամ ձանձրալի երբեմն թվալ, սակայն երբ հարցի լրջությունն ըմբռնի, մտածելու, խորհելու առիթ, վստահաբար, կունենա: Կարծում եմ` շատ խորը հետքեր կթողնեն ֆիլմերից շատերը:

- Դուք նույնպես բնապահպանական ֆիլմերի մի ամբողջ շարք եք ստեղծել:

- Հայաստանում գործող էկոակումբները տարբեր մարզերում ստեղծում են ֆիլմեր, որոնցում արծարծվում են իրենց մարզի, քաղաքի, գյուղի բնապահպանական ցավոտ այն խնդիրները, որ երեխաներն են հենց նկատում:

- Ինչպիսի՞ն են փառատոնային ակնկալիքները: Նկատի ունեմ խնդրի հանրայնացումը:

- Փորձել ենք ներգրավել լրատվամիջոցներին: Ցավոք, այս ոլորտում եւս անտարբերության ենք հանդիպում. այն պարագայում, երբ նրանք առաջնային դեր ու պարտականություն ունեն երեւույթների, խնդիրների հանրայնացման իմաստով: Իրականում շատ բան փոխվում է, երբ հանրության մեջ ներքին մտքեր են սկսում ձեւավորվել:

Մեր ֆիլմերն անվճար տրամադրում ենք Հանրային հեռուստաընկերությանը, որ պատրաստակամ է ցուցադրելու: Մյուս տարվանից սկսելու ենք հեռուստատեսային բնապահպանական հաղորդաշարՙ պատանիների համար, որը դաստիարակչական, ուսուցողական իմաստով մեծ լսարան կներգրավի: Ծրագրերը շատ են, պարբերաբար տարվող աշխատանք` դինամիկ եւ հետեւողական:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4