Բնապահպանական այս փառատոնը ինչ-որ տեղ ինքնաբավ, ինքնանպատակ կդիտվեր, եթե այն ոչ միայն ուղղված չլիներ հասարակության լայն շերտերին, այլեւ չապահովեր նրանցից շատերի ներգրավվածությունն այն ծրագրերին, որոնց իրագործմանը հետամուտ է Հիմնադրամը տարիներ շարունակ: Արդեն ակնհայտ իրողություն է մարդկանց գիտակցության հետընթացը գրեթե բոլոր ասպարեզներում` հատկապես բարոյականության ենթատեքստում, ուստի գուցե զարմանալի չէ բնական ժառանգության (հող, ջուր, ընդերք, օդ, անտառ) արժեքների հանդեպ մարդկային այս վերաբերմունքը, անխնա գործածումը վայրագորեն, ընչաքաղցի հոգեբանությամբ: Ուստի գիտակցության, մտածողության վերափոխման խնդիրը մեր իսկ ապագայի ապահովման երաշխիքներից ամենաէականն է: Եվ որքան հնարավոր է արագ այն պետք է տարածվի հանրային լայն շերտերի վրա: Այս առումով կարեւորելի էին փառատոնի շրջանակներում ԿՍՊ (կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն) թեմայի շուրջ անցկացված երկօրյա սեմինարը («Արմենիա-Մարիոթ» հյուրանոց) եւ կլիմայի փոփոխություն, ջուր, թափոնների մշակում թեմաներով բաց քննարկումները («Անի Պլազա» հյուրանոց, հոկտեմբերի 27,28,29):
ԿՍՊ` աշխատանքային հարաբերությունների նոր մոտեցում
Բնապահպանական իրավիճակի բարելավման գործում կարեւոր է մասնավոր սեկտորի ներգրավվածությունը: Արդյունաբերող-արտադրողը` բնական ռեսուրսի հիմնական սպառողն է, եւ նախեւառաջ նա է պատասխանատվություն կրում դրանց օգտագործման չափավորման, շրջակա միջավայրի մթնոլորտի աղտոտվածության համար: Բնականաբար, հասարակության այս շերտի ներգրավվածությունը վերոհիշյալ խնդրին, առավել անհրաժեշտ է դառնում, որի հաջողության ճանապարհին, ինչպես արեւմտյան փորձն է վկայում, լավագույն միջոցը` կազմակերպություններում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեխանիզմների ստեղծումն է: ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ` համագործակցությամբ ՄԱԿ «Գլոբալ Կոմպակտ Հայաստանի» եւ GTZ-ի (Գերմանական տեխնիկական աջակցություն), սեմինարի մասնակցության հրավեր էր ուղարկել ոլորտի երեք առաջատար մասնագետների` Ռոտերդամի կառավարման դպրոցի եւ Էրազմուս համալսարանի դոկտոր, պրոֆ Թոյնիս Վիլեմ Հարդյոնոյին, Վասիլի Աբուզովին` Ուկրաինայից եւ Գերմանիայի «Բերթելսման» հիմնադրամի ԿՍՊ նախագծի ղեկավար Աննա Փիթերսին: Նրանց զեկուցումները եւ դրանց հաջորդող քննարկումները աշխատանքային հարաբերությունների ու պատասխանատվությունների հանդեպ մոտեցման նոր սկզբունքների մշակման եւ կիրառման մասին էր: Նմանաբնույթ սեմինարը առաջին փորձն էր` հայաստանյան գործարար շրջանակներին ծանոթացնելու աշխատանքային փոխհարաբերությունների այս նոր մշակույթին: Գլոբալ առումով ԿՍՊ-ի ռազմավարությունն ուղղված է բնապահպանական խնդիրներին` համոզելու տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ միջոցներ ձեռնարկել երկրի սակավ բնական ռեսուրսները (ջուր, օդ, հող, անտառ եւ այլն) պահպանելու ուղղությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսիս Երիցյանը, կառավարության անունից կարեւորելով սեմինարի նշանակությունը նկատեց, որ սոցիալական պատասխանատվությունը նույնքան էական գործոն է երկրի կայուն զարգացման համար, որքան տնտեսական աճը, քանի որ տնտեսական որակ ապահովող մեխանիզմ է ԿՍՊ-ն:
Մինչ զեկուցումների ունկնդրումը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց ԿՍՊ-ի բնույթն ու սկզբունքները եւ այն եղանակները, որով դա կարելի է ընդգրկել որեւէ ընկերության ռազմավարության մեջ եւ այն ծառայեցնել հասարակությանը: Արեւմտյան փորձը հաշվի առնելով հանդերձ, պետք է նկատի ունենալ տվյալ հասարակության, ինչպես նաեւ յուրաքանչյուր կազմակերպության առանձնահատկությունները: «Լինելով գործարար աշխարհի ներկայացուցիչներ` մենք նախ Հայաստանի կորպորատիվ քաղաքացիներ ենք եւ պետք է դրսեւորենք կորպորատիվ պատասխանատվություն ու առաջնորդին հարիր վարքագիծ` հմտություններ, արժեքներ եւ վերաբերմունք, որոնք անհրաժեշտ են մեր հիմնական շահառուին` հասարակությանը, տարբեր մակարդակներում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու հարցում:
... Կորպորատիվ պատասխանատվությունը երկար ճանապարհ ունի անցնելու Հայաստանում: Այն պահանջում է հետեւողականություն եւ համառություն, եւ որ կարեւոր է հավատ»: Այս վերջին արտահայտության առումով իմաստալից էր ձեւակերպված Ռալֆ Յիրիկյանի բնաբանային նշանակությամբ այն խոսքերը, թե` «Մենք համարձակություն ունենք երազելու եւ այդ երազանքները իրականություն դարձնելու, որովհետեւ անտարբեր չենք»:
Հիմնադրամի տնօրեն, սեմինարի համակարգող Ռուբեն Խաչատրյանը ռազմավարության որդեգրումը ընկերությունների կողմից համարեց օգտակար, հասարակության եւ ընկերության շահերին եւ բիզնեսի համար` խթանիչ գործոն. «ԿՍՊ հետեւողական ռազմավարությունը կարող է խթանել ընկերության բրենդի ճանաչմանը` սպառողական դաշտում դրական ընկալում ստեղծելով: Շուկայական հետազոտություններն ապացուցում են, որ այն ընկերությունները, որոնք իրենց գործարար ռազմավարությանն ինտեգրում են բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվություն, ավելի տեսանելի են եւ արդյունավետ մրցակցության շուկայում:
Բնապահպանական իրավիճակը Հայաստանում եւ, փաստորեն, ամբողջ մոլորակում, շրջադարձային կետի է հասել: Շատ քիչ ժամանակ է մնացել սթափվելու, փրկելու համար այն բնական պաշարները, որոնք մարդկային ագահությունը դեռեւս չի հասցրել ոչնչացնել:
Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Սա բառացիորեն նշանակում է, որ այն ամենն, ինչ մենք անում ենք, բումերանգի սկզբունքով վերադառնում է մեզ»:
Սեմինարի ընթացքում հնչած զեկուցումներն ու քննարկումներն ուղղված էին տնտեսության զարգացմանն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի ձեւավորմանը, առեւտրի զարգացմանը եւ այլն: Անդրադարձ եղավ մասնավոր եւ հանրային հատվածների փոխհարաբերություններին, հանրության առաջ մասնավորի պատասխանատվությանն ու դերին: Արդեն ձեւավորված փորձի հիման վրա կոնկրետ օրինակներով ներկայացվեցին այս մեխանիզմի կիրառելի մոդելներն ու սկզբունքները:
Ռոտերդամից պրոֆ. Թոյնիս Վիլեմ Հարդյոնոն ոլորտի փորձառու մասնագետներից է, նաեւ խորհրդատու մասնագետ, որի ուշադրության կենտրոնում են բարդ, անկայուն կազմակերպությունները եւ արժեքային համակարգերի, ռազմավարությունների ու կառավարման միջեւ եղած հարաբերությունները:
Իր զեկուցման մեջ ԿՍՊ համատեքստում նա առավելաբար անդրադարձավ ընկերությունների արտադրության, ծառայությունների որակին, ինչը նա պայմանավորեց նաեւ բարոյական սկզբունքների ու նորմերի որոշակի գոյությամբ եւ սա համարեց նաեւ հիմնական երաշխիքը որակի տեւական պահպանման: Իսկ սա ենթադրում է միջընկերային հարաբերություններում թափանցիկ եւ շիտակ մոտեցումներ` հաշվի նստել հաճախորդների, մատակարարների, տեղական եւ միջազգային հանրության հետ, քանի որ այսօրվա աշխարհի ինտեգրացման այսպիսի մակարդակը որեւէ ընկերության մեկուսացված ձեւով գոյատեւելու հնարավորություն չի տալիս: Ուստի կարեւոր է դառնում փոխհարաբերություններ ձեւավորելու մշակույթի նոր ընկալումն ու զարգացումը: ԿՍՊ աշխատունակ մեխանիզմը տվյալ կազմակերպության համար ապահովում է հասարակության մեջ նրա դերի բարձրացումը, որն էլ բիզնեսի զարգացման երաշխիք կարող է դառնալ: ԿՍՊ-ն նախ եւ առաջ պատասխանատվություն է ընտանիքի, երկրի, աշխատանքի նկատմամբ, որը ածանցվում է, անշուշտ, որոշակի մտածելակերպից: Սրա նախադրյալները, ըստ բանախոսի, նաեւ կրոնական պատկերացումների, տվյալ ժողովրդի հանրության ավանդույթների մեջ են թաքնված: ԿՍՊ-ն, քանի որ ավելի մոտ է ընտանեկան բիզնեսին, ավելի դյուրին է կիրառել փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում:
Ուկրաինացի զեկուցողըՙ Վասիլի Աբուզովը , Դոնբասի Ինդուստրիալ միության կորպորացիայի կորպորատիվ կառավարման ղեկավարն է: Նրա զեկուցումից հետո բավականին ծավալուն քննարկում եղավ, հետաքրքրական էր բարեգործության եւ ԿՍՊ-ի միջեւ տարբերությունների մասին բանախոսի տեսակետները: Ուսանելի էին Ուկրաինայում ԿՍՊ կիրառված մեխանիզմների շնորհիվ ընկերությունների հեղինակության բարձրացման, արտադրանքի որակի վրա դրական ազդեցության, այս համատեքստում հատկապես առաջատար, մասնագետների, բանախոսի խոսքերով, թանկ կադրերի հանդեպ վերաբերսմունքի եւ այլ հարցերի մասին սեփական փորձի փոխանակումները:
Գերմանիայի «Բերթելսման» հիմնադրամի մասնավոր ոչ առեւտրային կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի ղեկավար Աննա Փիթերսի զեկուցումը աչքի ընկավ քննարկվող նյութի որոշակի եւ հստակ ներկայացմամբ: Նրա մասնագիտական փորձը կորպորատիվ բարեգործության եւ կորպորատիվ հիմնադրամների ոլորտներում այժմ ուղղված է արտերկրյա շուկաներում ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների համար ԿՍՊ նախագծերի մշակմանը: Նա ներկայացրեց ԿՍՊ-ի նպաստարար ազդեցությունը գործարար եւ հասարակական շահերի վրա, օրինակներով ներկայացրեց ԿՍՊ-ի տնտեսական օգուտները, խոսեց ընկերության առաձնահատկություններով պայմանավորված ԿՍՊ մեթոդների, ձեւերի ընտրության մասին: Զեկուցման շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Հետաքրքրական էր այն, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ շատ ընկերություններ բարեգործական ծրագրերը դադարեցրել կամ նվազեցրել են, հակառակը ԿՍՊ-ի զարգացման հնարավորությունները շատանում են:
Բաց քննարկումՙ Կլիմայի փոփոխությունը եւ դրա հետեւանքները
Հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կլիմայի փոփոխություն, ջուր, թափոնների մշակում հարցերի շուրջը բաց քննարկումներ տեղի ունեցան «Անի-Պլազա» հյուրանոցում (հոկտեմբերի 27, 28, 29)ՙ ԵՊՀ էկոլոգիայի իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ: Մինչ քննարկման սկիզբը Ռուբեն Խաչատրյանը ներկաներին առաջարկեց դիտել բրիտանացի ռեժիսոր Ֆրենի Արմսթրոնգի «Հիմարության դարը» ֆիլմը-մարդու գործունեության եւ վերաբերմունքի հետեւանք մոլորակի կործանման ողբերգությունը. 2055 թվական...
Ֆիլմի ցուցադրությանը հետեւեց ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի զեկուցումըՙ ՀՀ մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային թեմայով, որի հիմնական նպատակը լինելու է ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների նվազեցման խնդիրը, թե որքանով եւ որ պետություններն են ստանձնելու նման պարտավորություններ (հիմնականում դրանք արդյունաբերական 39 զարգացած երկրներն են, մյուսները մասնակցում են այլ չափանիշներովՙ քանային պարտավորություններով): Բանախոսը ներկայացրեց նաեւ Հայաստանում 1990-2006 թթ. ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների թվային պատկերը` 2000-ին դրանք 1990 թվականի նկատմամբ կրճատվել են 80 տոկոսով: Արտանետումների այս կտրուկ կրճատումը պայմանավորված է հիմնականում 1992-1995 թթ. էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամով, տնտեսության մեջ արդյունաբերության մասնաբաժնի նվազեցման եւ ոչ արտադրական ոլորտի մասնաբաժնի ավելացմամբ, մազութի եւ այլ հեղուկ վառելիքի փոխարեն բնական գազի գերակշռող օգտագործմամբ:
Կիոտոյի արձանագրությամբ, այս խնդրին երկրների պատասխանատվությունը նախատեսված էր մինչեւ 2012 թվականը: Այս տարվա դեկտեմբերին Կոպենհագենում կայանալիք կոնֆերանսի նպատակը զարգացող երկրների (ի թիվս որոնցՙ նաեւ Հայաստանի) 2013-2020 թվականների պարտավորությունների ստանձնման հնարավոր սցենարների քննարկումն է:
Կլիմայի փոփոխությունը բնապահպանության համար ադապտացիոն նոր մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն է առաջացնում: Ըստ զեկուցման, ջերմաստիճանի 1988-ի կանխատեսումները գերազանցվեցին, ներկայումս Հայաստանում 0,7 աստիճանի աճ է գրանցվել, ջրային ռեսուրսների եւ կլիմայի չորացման խոցելիությունը նկատելի են դարձել: Կլիմայի փոփոխությունը, բնականաբար, ունենում է ամենատարբեր հետեւանքներ, օրինակՙ անտառի վնասատուների շատացում, որոնց նկատմամբ կիրառված կենսաբանական նոր միջոցները (իրենց թշնամիների միջոցով) անսպասելիորեն արդյունավետ են եղել: Ժամանակակից պայմանները առաջադրում են նոր մեթոդներ, մասնավորապես խոսքը խնայողության մեխանիզմի կիրառման մասին է. հիմնականը դառնում է նախապատվության դասակարգումը: Օրինակները շատ ենՙ ասենք, անտառների հրդեհների դեպքում տեխնիկակա՞ն, թե՞ դրանց կանխարգելման միջոցներն օգտագործել եւ կամ օգտագործե՞լ քամու էներգիան, թե՞ էլեկտրաէներգիայի խնայողությանը նախապատվություն տալ:
Կլիմայի փոփոխության ազդեցությունը բուսականության վրա դիտարկելով, բանախոսը նկատեց, որ երաշտի ժամանակ, մշակովի բույսերը ոչնչանում են, իսկ վայրի տեսակները պահպանվում ադապտացման ներքին մեխանիզմի շնորհիվ, ինչպես, օրինակ, Էրեբունի թանգարանի տարածքում աճող վայրի ցորենը: Այս ամենը հանգեցնում է էկոհամակարգային նոր մոտեցմանՙ ոչ միայն կլիմայի փոփոխությանը հարմարվելու, այլեւ որպես նախապատվությունՙ դիմակայելու այդ փոփոխությանը:
Ինչ վերաբերում է ՀՀՙ Կոպենհագենի կոնֆերանսի հնարավոր դիրքորոշմանը, ապա այն այսպիսի ձեւակերպում ունի. «Հայաստանի Հանրապետությունը կարող է կամավոր ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման պարտավորությունՙ զարգացած երկրների կողմից համարժեք աջակցություն (տեխնոլոգիաների փոխանցման, ֆինանսավորման, կարողությունների զարգացման) ստանալու պայմանով, միաժամանակ մնալով կոնվենցիայի Հավելված I-ի մեջ չընդգրկված զարգացող երկրների կարգավիճակում, սակայն եւՙ իրավունք ունենալով օգտվելու Կիոտոյի արձանագրության ջերմոցային գազերի կրճատման ճկունության բոլոր մեխանիզմներից»:
Զեկուցմանը հաջորդող քննարկումներն ընթացան ըստ էության եւ հարցադրումների լուրջ մտահոգությամբ: Դրանք բազմազան էինՙ Գետառի ոչնչացում, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտի անհետացում, քաղաքային մթնոլորտն ապականող մեքենաների քանակի վտանգավոր մեծացում, կլիմայական փոփոխության հետեւանքները Հայաստանում, անտառահատում, անտառապատում եւ այլն:
Կլիմայի փոփոխության առումով մեր երկիրը, լինելով բարձր լեռնային գոտում, ավելի խոցելի է, դրան նպաստում է նաեւ դեպի ծով ելք չունենալը, դրական գործոն է ծովի մակերեւույթից` բարձրությունը: Առաջ քաշվեց գիտական նոր ծրագրերի, նոր տեխնոլոգիաների ներմուծման անհրաժեշտության խնդիրը: Հուսադրող է տեխնոլոգիաների զարգացման եւ փոխանցման հիմնադրամի ստեղծման գաղափարը, գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի, օրինակՙ կաթիլային ոռոգման համակարգի ներմուծումը եւ այլն: Թեղուտի 360 հա ոչնչացված անտառատարածքի վերականգնման հետ կապված որոշում է կայացվել կրկնակիՙ 750 հա անտառապատումներ կատարելՙ կենսաբազմազանության պահպանմամբ: Խնդրի հիմնարար լուծումը սակայն պահանջում է ընդերքի ռեսուրսային օգտագործման քաղաքականությունը փոխարինել մտավոր ռեսուրսների օգտագործմամբ:
Նկար 1. ԿՍՊ սեմինար Արմենիա-Մարիոթ հյուրանոցում
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ