Երեկ Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում էին բյուջետային քննարկումները:
Պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծախսերի ծավալը ծրագրվել է 859.7 մլրդ դրամի չափով: 2010 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 16902 հաստիքային միավորների քանակը, որը 2009 թ. համեմատ պակասել է 366 միավորով: Քաղաքացիական (պետական, դատական) ծառայողների (բացառությամբ ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների) աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40.0 հազար դրամ բազային պաշտոնային դրույքաչափը, հարկային եւ մաքսային ծառայողներինը` 55.5 հազ. դրամ, հարկադիր կատարողներինը` 42.0 հազար դրամ` պահպանելով 2009 թ. մակարդակը: ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը պետբյուջեի նախագծում ծրագրավորված է 50222.6 մլն դրամի չափով, որը 2008 թ. բյուջետային տարվա փաստացի, 2009 թ. բյուջետային տարվա համար հաստատված եւ 2009 թ. սպասողական կատարողականի համապատասխան ցուցանիշների նկատմամբ կազմում է համապատասխանաբար` 112.2%, 93.5% եւ 98.7%: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2010 թ. համար ծրագրվել է 30361.8 մլն դրամի չափով, որն ընթացիկ տարվա սպասողական կատարողականից պակաս է 263.1 մլն դրամով:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսվել է 2 մլրդ 717 մլն 112 հազար դրամ: 2009 թ. հաստատված բյուջեի համեմատ ընթացիկ տարում նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները պակասել են շուրջ 25 տոկոսով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը , ներկայացնելով ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի համար նախատեսվող ծախսերը, տեղեկացրեց, որ կոմունալ եւ կապի ծախսերի համար կառավարությունից լրացուցիչ գումար է պահանջվել, քանի որ նոր մասնաշենքի կառուցմամբ պայմանավորված ծախսերը կրկնապատկվել են: ԱԺ աշխատակազմի ղեկավարն արձանագրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքականության բնագավառում համապատասխան որակի քարոզչություն իրականացնելու հստակ հանձնարարականը` հավելելով, որ ԱԺ-ն փորձում է մասնակից լինել այդ քարոզչությանը պատվիրակությունների, պատվիրակություններին տրվող նյութերի ու գործուղումների միջոցով: Նշվեց, որ գործուղումների եւ ներկայացուցչական ծախսերի համար հատկացումների ավելացման խնդրանքը փոխանցվել է կառավարություն: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ` պետական բյուջեով հատկացումներ չկան կապիտալ ծախսերի եւ ավտոմեքենաների ձեռքբերման գծով, 20 մլն դրամ մշտապես կառավարության պահուստային ֆոնդից էր հատկացվում մարդասիրական օգնության համար` այս տարի այդ ցուցանիշը արտացոլվել է բյուջետային հատկացումներում: Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը հաղորդեց, որ ԱԱԽ-ի աշխատակազմի պահպանում հոդվածով նախատեսված է հատկացնել 293 մլն 39.5 հազար դրամ: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ` բյուջեով գումարներ չեն հատկացվել Գորիսի եւ Արմավիրի քրեակատարողական հիմնարկների կառուցման ուղղությամբ, սակայն կա պայմանավորվածություն` դատաիրավական բարեփոխումների գծով Եվրոմիության հատկացրած գումարների մի մասը տրամադրել հիմնարկների կառուցմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 5,229.7 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը 2009 թ. հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 1,842.8 մլն դրամով, իսկ ընթացիկ տարվա սպասողական կատարողականի նկատմամբ` 197.3 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները գալիք տարում ծրագրավորվել են 3,112.9 մլն դրամի չափով, որը 2009 թ. պետական բյուջեի եւ 2009 թ. սպասողական կատարողականի նկատմամբ ավել է նախատեսվել 7.1 մլն դրամի չափով:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց հանրապետության մարզերի եւ համայնքների բյուջեներին նախատեսվող ֆինանսական օժանդակությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջեւ առկա բեւեռացումը մեղմելու համար կներդրվի ֆինանսական համահարթեցման նոր համակարգ:
Առաջիկա տարում համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը նախատեսվել է 32,488 մլն դրամ:
2010 թվականին պետական բյուջեով Երեւան քաղաքին նախատեսվում է հատկացնել 9 094 312,7 հազ. դրամ ֆինասական համահարթեցման դոտացիա , Արագածոտնի մարզին` 1 518 847,6 հազ. դրամ, Արարատի մարզին` 2 921 047,4 հազ. դրամ, Արմավիրի մարզը կստանա 2 941 259,2 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզը` 2 861 307,8 հազ. դրամ, Լոռու մարզին կհատկացվի 3 052 706,5 հազ. դրամ, Կոտայքի մարզին կտրամադրվի 2 842 085 7 հազ. դրամ, Շիրակի մարզը կստանա 3 251 650,5 հազ. դրամ, Սյունիքի մարզին կհատկացվի 1 857 961 ,8 հազ. դրամ, Վայոց ձորի մարզը կստանա 658 691, 1 հազ. դրամ, Տավուշի մարզին կհատկացվի 1 413 793,1 հազ. դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիա:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց Երեւանի ծախսային ուղղությունները, նշելով, որ դրանք հիմնականում պահպանվել են: Ապարատի պահպանման համար կհատկացվի 547 մլն դրամ, վերգետնյա տրանսպորտի համար 276 մլն դրամ, մետրոպոլիտենի համար` 2 մլրդ 340 դրամ, մշակույթի ոլորտում` 515 մլն դրամ, կրթության ոլորտում` 15, 409 մլն, Երեւանի համաքաղաքային ծախսերի համար`4, 980 մլն դրամ:
Ըստ ԱԺ լրատվական ծառայության նյութերի