Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը հայտնի դիվանագետ, Հայաստանում այդ երկրի պատվավոր հյուպատոս Էդուարդ Խոջայանին արժանացրել է թագավորության բարձրագույն պարգեւներից մեկինՙ Իզաբելլա կաթոլիկուհու «Արժանաց համար» սպայական խաչին: Էդ. Խոջայանը պատմության մեջ առաջին հայաստանցին է, որ արժանացել է Իսպանիայի Թագավորության պետական պարգեւի:
«Այս պարգեւը Ձեզ է շնորհվածՙ հաշվի առնելով Ձեր արժանիքները, այն անգնահատելի ծառայությունների ու թե՛ արդյունավետ, թե՛ անշահախնդիր աջակցության համար, որ Դուք դրսեւորեցիք Իսպանիայի քաղաքացիներին Վրաստանից Հայաստան տարհանելու ընթացքում ստեղծված բարդ հանգամանքներում,- Էդ. Խոջայանին ուղղված նամակում գրում է Իսպանիայի արտգործնախարարի ներկայացուցիչ Մարիա Հեսուս Ֆիգա Լոպես-Փալոպը : - Ձեզ շնորհած բարձր պարգեւը ոգեշնչում ու խթանում է մեզ բոլորիսՙ այսուհետեւ եւս ջանքեր գործադրելու, որպեսզի Իսպանիայի արտաքին քաղաքականությունը միշտ պատրաստ լինի ողջ հասարակությանը, այդ թվումՙ մեր քաղաքացիներինՙ անհրաժեշտ օգնություն ու աջակցություն տրամադրել ճգնաժամերի կամ արտակարգ հյուպատոսական հանգամանքների դեպքում»:
Մեր ընդհանուր ջանքերին ներդրած Ձեր ավանդն արժանի ճանաչում ստացավ, նշվում է նամակում: Շնորհավորելով բարձր պարգեւի արժանանալու առիթով, նախարարի ներկայացուցիչը Էդ. Խոջայանին մաղթել է «շարունակություն այն ծառայության, որի վառ օրինակները Դուք մատուցեցիք բոլորիս»:
Շքանշանի այս աստիճանը Հայաստանում Իսպանիայի պատվո հյուպատոսի թագավորական առաջին պարգեւը չէ: 2008 թ. դեկտեմբերին Իսպանիայի թագավորի հրամանագրով նա արժանացել է Իզաբելլա կաթոլիկուհու շքանշանի անդրանիկՙ ասպետի աստիճանի:
Մինչ 2007 թ. Իսպանիայի պատվո հյուպատոս դառնալը Էդ. Խոջայանն անցել է դիվանագիտական ծառայության պատկառելի ուղի: Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտն աշխատել է Ալժիրում (1965-68 թթ.), ԽՍՀՄ ԱԳՆ 2-րդ աֆրիկական (1968-71 թթ.) եւ լատինամերիկյան երկրների (1975-79 թթ.) բաժիններում, եղել Լիբանանում ԽՍՀՄ դեսպանության հյուպատոսական բաժնի փոխհյուպատոս (1971-75 թթ.), Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար (1979-82 թթ.), ԽՍՀՄ ԱԳՆ մշակութային կապերի վարչության խորհրդական (1982-86 թթ.):
Վերադառնալով Հայաստանՙ Էդ. Խոջայանն աշխատել է հանրապետության տեղական արդյունաբերության նախարարությունում, հաշվողական տեխնիկայի մշակմամբ զբաղվող մի շարք արտադրական ձեռնարկություններում: 1992 թ. նա աշխատանքի է հրավիրվում Հայաստանի նորանկախ հանրապետության ԱԳՆ, ուր վարել է ներկայացուցչությունների հետ կապի բաժնի վարիչի (1992-93 թթ.) եւ Եվրոպայի երկրների վարչության պետի (1993-94 եւ 1997 թթ.) պաշտոնները: 1994-96 թթ. ղեկավարել է ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության արտաքին կապերի բաժինը: 1997-99 թթ. եղել է Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական, այնուհետեւՙ ՀՀ արտգործնախարարի խորհրդական:
1999-2004 թթ. Էդ. Խոջայանը Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր առաջին դեսպանն էր:
Հետագայում եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իսկ հետոՙ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականը:
Շնորհավորելով անվանի դիվանագետին բարձր պարգեւի առիթով, ցանկանում ենք նրան նորանոր պարգեւներ:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ
«Ազգ»-ը միանում է շնորհավորանքներին:
Նկար 1. Էդ. Խոջայանը Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հետ: