Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2010 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը: Առավոտյան նիստում ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության հարցերի ոլորտների բյուջետային հատկացումները: Շատ ոլորտներում ֆինանսավորման կրճատումներ են եղել, սակայն, դա չի անդադառնալու ոլորտի աշխատողների աշխատավարձերի վրա:
Հաջորդ տարի բյուջետային հատկացումների կրճատումներ չեն նախատեսվում: Ի դեպ, գիտության ոլորտն այս եզակիներից է, որ կրճատումներ չեն եղել, եւ հաջորդ տարվա բյուջեով կրթության ոլորտի հետ համատեղ համարվելու է առաջնահերթ: Իսկ, մշակույթի ոլորտին վերաբերող հատկացումների ներկայացման ժամանակ Դաշնակցության խմբակցությունից Լիլիթ Գալստյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հիշեցրեց Վերահսկիչ պալատի բացահայտումները` այդ ոլորտում անարդյունավետ ծախսերի վերաբերյալ, որին պարոն Սաֆարյանը պատասխանել է.
«Վերահսկիչ պալատի կողմից մշակույթի նախարարությունում կատարված ստուգումները, ըստ էության, բյուջեի նախագծի տեսակետից եթե նայենք, ապա ես չեմ կարող ասել, որ էապես փոխել են հաջորդ տարվա մեր բյուջեի կառուցվածքը, որովհետեւ անկախ նրանից` հուշարձանների բնագավառում ինչ-որ խախտումներ կան, թե ոչ, երկիրը միշտ էլ այդ ծրագրով անելիքներ ունի, պետք է գումարներ հատկացնի: Իսկ թե որքա՞ն գումար է վերականգնվել, ես այս պահին չունեմ այդ թվերը»:
Ն. Մ.