Հայաստանի PR ասոցիացիան եւ ԱՄՆ Զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագիրն արդեն հոկտեմբերից սկսել են «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» վեցամսյա ծրագրի իրականացումը: Նախաձեռնության հիմնական թիրախն, ըստ PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, փոքր եւ միջին բիզնեսն է, քանի որ այստեղ է զբաղվածության զգալի մասն ու նաեւ կոռուպցիոն ռիսկերի:
«Հիմնական գաղափարախոսությունն է փորձել ներկայացնել հանրությանը այն ճանապարհը, որով անհրաժեշտ է շարժվել իրավունքները պաշտպանելու գործում», երեկ հրավիրված ասուլիսում նշեց Սաղաթելյանը , հավելմամբ, որ ծրագրի շրջանակներում համագործակցող մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով կներկայացվեն դատական գործեր, որոնք հաջողակ են որակվում հակակոռուպցիոն տեսանկյունից:
Դրանք հիմնականում, ըստ Արման Սաղաթելյանի, կլինեն մարդկային պատմություններ, «մարդիկ, որոնք ուզում են աշխատել իրենց երկրում եւ որպեսզի իրենց երկրում պաշտպանվեն իրենց իրավունքները այն մարդկանց կողմից, որոնք ապրում են իրենց վճարվող մեր բոլորիս միջոցներով»: Որպես այդպիսի մարդկանց օրինակ Սաղաթելյանը նշեց սփյուռքահայ որոշ գործարարների դատական գործերի մասին, ընդգծելով, որ դրսից եկած մարդու համար գիտակցելու չէ, թե կարելի է այլ կերպ գործարարությամբ զբաղվել, կաշառք տալ, զարտուղի ճանապարհներ գտնել:
Ըստ այդմ, ծրագրի շրջանակներում կներկայացվեն հակակոռուպցիոն պայքարի հաջողված օրինակներ` խրախուսելու սեփական իրավունքների համար պայքարելու օրինական, իրավական ճանապարհով ընթանալու մոտեցումը:
Ա. Հ.