Yerevan Musicfest-ի վերջին համերգները ուշադրություն գրավեցին անցյալ տարվա փառատոնի երկու երիտասարդ երաժիշտների` ջութակահար Դայշին Կաշիմոտոյի (Ճապոնիա) եւ դաշնակահար Էշլի Վոսի (Մեծ Բրիտանիա) մասնակցությամբ: Իրենց արդեն լավագույն կողմերով դրսեւորած, ծանոթ արվեստագետների այցելությունները տվյալ փառատոնի ժառանգորդության գծերից մեկն են: Դրա համար հատկանշական է նաեւ ակադեմիական սիմֆոնիկ երաժշտության ընդհանուր հայեցակարգում կամերային-գործիքային երաժշտության համերգների ներառումը:
Տվյալ` երրորդ Yerevan Musicfest-ում կար այդպիսի երկու համերգ: Առաջինին մասնակցում էին կլարնետահար Վոլֆգանգ Մեյերը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը, որոնք նվագեցին Յո. Բրամսի եւ Ռ. Շումանի ստեղծագործություններից: Երկրորդին մասնակցում էին Դ. Կաշիմոտոն, Է. Վոսը եւ հայ երաժիշտներ` ջութակահարներ Կարմեն Թոսունյանը, Արամ Ասատրյանը, Մերի Մարգարյանը, ալտահարներ Յանա Դարյանը, Հայկ Տեր-Հովհաննիսյանը, Արտաշես Ասատրյանը, Գոռ Հովհաննիսյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Կարեն Քոչարյանը, Նիկողայոս Վարդանյանը, Սամսոն Թաթոսյանը:
Այդ երկրորդ համերգը հետաքրքրական էր նրանով, որ դաշնակահար Է. Վոսը առաջին անգամ կատարեց Լեւոն Չաուշյանի (ծնվ. 1946) Դաշնամուրի 3-րդ սոնատը` մեկ մասանի ստեղծագործություն, որը լուծված է տվյալ կոմպոզիտորի համար անսպասելի քնարական-բանաստեղծական ոգով: Ի դեպ, շատ բան գալիս էր նաեւ մեկնաբանողից. լոնդոնցի երիտասարդ դաշնակահարի հնչյունային ներկապնակը բնութագրվում էր պաստելային տոներով, մեղմ թավշյա հնչողությամբ եւ ընդսմին անմիջական վստահալից արտահայտության տոնով, ինչը անմիջապես տրամադրում էր ունկնդրելու երաժշտությունը: Նույն հատկանիշները Վոլսը դրսեւորեց փառատոնի եզրափակիչ օրը, որպես մենակատար հանդես գալով Բեթհովենի Դաշնամուրի եւ նվագախմբի 4-րդ կոնցերտում: Ճիշտ է, այդ կոնցերտի մեկնաբանության հարցի շուրջը թերեւս կարելի է վիճել. չափից ավելի էր գերակշռում մելամաղձոտ տրամադրությունը, եւ միայն Է. Թոփչյանի գլխավորած Ֆիլհարմոնիկ նվագախմբի շնորհիվ երկրորդ եւ երրորդ մասերում «վերականգնվեց» Բեթհովենի երաժշտության դրամատիկ բովանդակությունը:
Անսամբլային ստեղծագործությունները` Դ. Շոստակովիչի Լարային օկտետի երկու պիեսները (երկ 11) եւ Յո. Բրամսի 1-ին լարային սեքստետը (երկ 18) ուշագրավ են նրանով, որ ներկայացնում են տվյալ կոմպոզիտորների ամենավաղ գործերը: Շոստակովիչի օկտետային պիեսները ըստ էության 20-րդ դարի ռուսական եւ խորհրդային երաժշտության ապագա դասականի ուսանողական աշխատանքն են: 1924-1925 թթ. նա ավարտում էր Լենինգրադի կոնսերվատորիայի Մ. Շտեյնբերգի կոմպոզիցիայի դասարանը: Այդուհանդերձ այդ պիեսներում (Պրելյուդ եւ Սկերցո) հստակորեն ուրվագծվում են նրա երաժշտական լեզվի արտասովոր սրությունը, ձեւակազմության տրամաբանությունը:
Բրամսի սի-բեմոլ մաժոր Սեքստետում Կաշիմոտոյի ջութակի մենակատար դերը ապահովեց այդ լայնընդգրկուն քառամաս ստեղծագործության ոգեշնչված ընթերցումը: Լուծումների անբավարարությունը, անշուշտ, նկատելիորեն զգացվում էր, բայց համերաշխ միջազգային երաժշտական դաշինքի բուն փաստը զարդարում էր համույթի տեմբրային անհաշվեկշռվածությունը:
Yerevan Musicfest-ի եզրափակիչ օրը կատարվում էր հայ երաժշտության մեթր Ալեքսանդր Հարությունյանի Թավջութակի ու նվագախմբի կոնցերտինոն (1976): Լավատեսական ավարտ ունեցող եռամաս ցիկլում գերակշիռ կերպով զետեղված պարերգային նյութն առավել հետաքրքիր լուծում ստացավ երկրորդ մասում: Կանտիլենային մելոդիկայի հայտնի վարպետ Հարությունյանն այդ մասում մենակատարին ընձեռել է սեփական գործիքի «երգային» ռեսուրսներն ի հայտ բերելու հնարավորություն: Եվ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը դա իրականացրեց մեծ հուզական հատույցով եւ պատասխանատվությամբ: Չէ որ դահլիճում էր հեղինակը, որը եկող տարի կնշի իր 90-ամյակը:
Վերջապես, համերգի բարձրակետը` Ս. Պրոկոֆեւի սոլ մինոր Ջութակի երկրորդ կոնցերտը: Մենակատարը Լոնդոնում ծնված ճապոնացի Դայշին Կաշիմոտոն էր, որը ներկայումս Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երեք կոնցերտմայստերներից մեկն է: Չնայած 30 տարեկան է, բայց աշխարհին արդեն ցուցադրել է իր փայլուն տաղանդը, անցյալ տարի նաեւ Երեւանը հմայելով Չայկովսկու ջութակի կոնցերտի կատարմամբ: Այս անգամ Կաշիմոտոն նվագում էր դարձյալ ռուսական երաժշտություն, ուստի բացառված չէ, որ եկող տարի մենք կկարողանանք ունկնդրել Ի. Ստրավինսկու Ջութակի կոնցերտը: Աստված տա:
Կաշիմոտոն տաղանդի ձեւավորիչ ուժ ունեցող երաժիշտ է: Այն ամենը, ինչ նա նվագում է, ձեռք է բերում դրամատուրգիական ճշգրտություն եւ դասական հավասարակշռություն: Դրա հետ մեկտող, նրա մտածողության ազգային բնույթը, մասնավորապես զգացումների դյուրաբեկությունը, սահուն նրբինությունը, երեւակայության առեղծվածայնությունը անհատական արտահայտչականություն են հաղորդում նրա նվագին: Երկրորդ մասի (Andante assai) վեհ քնարականությունը բնության խանդավառ օրհներգություն է: Եվ մեղեդու օրհներգային-հանդիսավոր այդ վերամբարձ շարժման մեջ Կաշիմոտոյի ջութակի հնչյունները ստանում են առանձնահատուկ հուզավառություն:
Նկատենք, որ Պրոկոֆեւը իր Ջութակի երկրորդ կոնցերտը գրել է «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից անմիջապես առաջ, եւ Ջուլիետի կերպարի մեկնաբանության մեջ ի հայտ եկող թախծոտ քնարականության եւ հստակ ռուսական մելոդիկայի այդ տրամադրությունը առկա է արդեն Կոնցերտում: Օրինակ, դրա առաջին մասում քնարականության եւ սկերցոյի զուգադրությունը դրանց զուտ անդրադարձմամբ շարունակություն է գտնում Ռոմեոյին դեռ չհանդիպած Ջուլիետի երազկոտ կերպարում:
Բացառելով մասերի հակադրականությունը, Պրոկոֆեւը Երկրորդ կոնցերտում անկյունաքար է դարձնում ամբողջ ցիկլի թեմատիկ ամբողջականության խնդիրը, ընդսմին տեխնիկապես բարդ վերջնամասն առանձնացնելով երաժշտության ռիթմիկ առաձգականությամբ: Այդ Կոնցերտի հայտնի մեկնաբանություններից մեկը ֆրանսիացի նշանավոր ջութակահար Զինո Ֆրանչեսկատտիինն է: Կարծում ենք, Դ. Կաշիմոտոն հետեւում է նրա ավանդույթին, ձգտելով նրբին պոստռոմանտիկական քնարերգությունը հավասարակշռել ասելիքի դասական խստությամբ: Վերջնամասում նրա հետ համերաշխ էր Թոփչյանի ղեկավարած նվագախումբը:
Փառատոնն ավարտված է, եւ դրա կազմակերպիչները երեւի արդեն մտածում են հաջորդի մասին: Եվ կրկին, ինչպես մեկ տարի առաջ, ուզում ենք փառատոնին մաղթել որոշակի կոնցեպտուալություն (թեմատիկ, բովանդակային), ծրագրերում հայկական եւ արտասահմանյան նոր երաժշտության արժանավոր ստեղծագործությունների ներառում, ինչպես նաեւ մեր տեղական մենակատարների ու դիրիժորների մասնակցություն, որոնց վիճակված է հարազատ հայրենիքի արվեստը կերտելու դժվարին առաքելությունը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
Նկար 1. Դայշին Կաշիմոտո
Նկար 2. Էշլի Վոս