«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


OՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Նոյեմբերի 6-ին, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» հոկտեմբերի 22-ի համարում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում մեկնարկելու է օտարագիր հայ գրողների 3-րդ համաժողովը, կազմակերպությամբ Հայաստանի գրողների միության, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Կալիֆոռնիա համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի: Երեքօրյա գիտաժողովը մասամբ հովանավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նպատակն է երկխոսություն ծավալել տարբեր երկրներում ապրող եւ ստեղծագործող հեղինակների միջեւ: Նախորդ երկու համաժողովներն անցկացվել էին Երեւանում:

Բացման խոսքով հանդես է գալու Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Մասնակցելու են պրոֆեսորներ Օշին Քեշիշյանը, Դեյվիդ Կալոնը, Բարլոու Տեր-Մկրտիչյանը, Ալան Ուայթհոռնը, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Ալիսա Կիրակոսյանը, Պիթեր Սուրյանը, Մարկ Արաքսը, Շահե Մանկերյանը եւ մի շարք այլ գրականագետներ եւ թարգմանիչներ: Գիտաժողովի օրերին գործելու են նաեւ գրքի ցուցահանդեսը Գլենդեյլի «Ապրիլ բուքս» գրախանութի կազմակերպությամբ եւ Հարավային Կալիֆոռնիայի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը բաց է լինելու «Կերշհոֆ» պատկերասրահում:

Նախատեսված է նաեւ գեղարվեստական մի ծրագիր, որի ընթացքում նոյեմբերի 6-ին ներկայացվելու է Վիլյամ Սարոյանի «Սովածները» պիեսը: Պիեսի հիմքում ընկած են 1920-ական թվերի տնտեսական ճգնաժամի ծանր իրավիճակը եւ մարդկային ոգու անընկճելիությունը: «Արենա փրոդաքշընզի» պատրաստած այս ներկայացման ռեժիսորն է դոկտ. Անահիտ Քեշիշյան Արամունին:

Հաջորդ օրը կայանալու է հայկական երաժշտության համերգ մասնակցությամբ Հայաստանից եւ սփյուռքից ժամանած երաժիշտների: Պրոֆ. Մովսես Պողոսյանի ղեկավարությամբ հնչելու են ինչպես ճանաչված վարպետներ Ալան Հովհաննեսի եւ Տիգրան Մանսուրյանի, այնպես էլ երիտասարդ կոմպոզիտորներՙ Վաչե Շարաֆյանի (Երեւան), Գրիգորի Այրիյանի (Մոսկվա), Գեւորգ Անտոնյանի (Կանադա) եւ Աշոտ Գարթալյանի (Փասադենա) ստեղծագործությունները:

Գիտաժողովի ավարտին նախնական մի ծրագիր է մշակվելու 2012 թվին Երեւանում անցկացնելու միջազգային գրքի փառատոնՙ նվիրված հայկական տպագրության 500-ամյակին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4