«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱԿՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԶԿԻԹՆԵՐԸ, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱԶԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Ապրիլին ադրբեջանական իշխանությունները Բաքվի նահատակների ծառուղում գործող թուրքական մզկիթի փակումից հետո հոկտեմբերին փակել են նաեւ Ապշերոնի «Մեհթաբադ» մզկիթը, որը պատկանում է Թուրքիայի կրոնական հիմնադրամին: Պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, «Մեհթաբադի» իմամ Իսմայիլ Սուլեյմանովը հաստատել է փակման փաստը եւ նշել է, որ մզկիթը վերանորոգման պատճառաբանությամբ փակվեց հոկտեմբերի 17-ին, մինչդեռ անցյալ տարի վերանորոգվել է:

Ադրբեջանում, ինչպես երեկ նշել էր «Դունյաբյուլտենի» թուրքական կայքէջը, ոչ միայն փակում են թուրքական մզկիթները, դրանք նաեւ քանդում են եւ արգելում ազանի բարձրաձայն ընթերցումը մինարեթներից: Բաքվում եւ Գանձակում, բացի ցերեկային ազանից, արգելվել է մյուս չորս ազանի ընթերցումը: «Կրոնական հավատարմության եւ խղճի ազատությունների» կենտրոնը, արձագանքելով Բաքվում ազանի ընթերցումներն արգելելու դրսեւորումներին, միանշանակ նշել է, որ այդ մասին մզկիթները պաշտոնապես չեն զգուշացվել:

Ի տարբերություն Բաքվի, օրինակՙ Գանձակում, ազանն արգելվել է կրոնական գործերի պետական վարչության քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Քերիմովի կարգադրությամբ: Երկրում վերջին մի քանի տարիներին մզկիթները փակելու, քանդելու եւ ազանն արգելելու փաստերը մտահոգել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքուր Փաշազադեին, իսկ նրա տեղակալ Հաջի Սալմանն ասել է, որ փաստերն ուսումնասիրվում են:

Ադրբեջանում մզկիթների փակման փաստին վերջերս ուշադրություն է հրավիրել նաեւ BBC-ն եւ այդ փաստը պայմանավորել է կրոնի նոր օրենքի ընդունումով: Ըստ BBC-իՙ մզկիթների փակումը կրոնական ազատությունների պետականորեն սահմանափակման դրսեւորում է, որը կատարվում է «արմատական հոսանքների» դեմ պայքարելու պատրվակով:

Ըստ թուրքական կայքէջիՙ հայտնի չէ, թե Ադրբեջանում ո՞ւմ հրահանգով են փակում կամ քանդում մզկիթները, պարզապես փակելու կամ քանդելու դեպքերը, այն էլ արմատական հոսանքների դեմ պայքարելու պատրվակով, բուռն զայրույթ են պատճառում ադրբեջանցիներին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4