Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի բացման թեման արդիական է դարձել` թերեւս անհեռանկար անցակետի բացման, բայց անհրաժեշտ ստեղծված իրավիճակի առումով: Վրացական կողմը, կարծես հատուկ դիտավորությամբ, իսկ ավելի հավանական էՙ հեռահար նպատակով տարբեր առիթներով անդրադառնում է Վերին Լարսի անցակետին` հիմնական մատուցումը համեմելով Հայաստանի համար այդ անցակետի «մեծագույն» կարեւորությամբ:
Թերեւս հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի ֆոնին վրացական կողմը փորձում է հիշեցնել Լարսի անցակետի կարեւորությունը, ընդ որում, ամենայն հոգածությամբ շեշտադրելով, թե Հայաստանին այդ անցակետը ավելի է հարկավոր, քան Վրաստանին, ու բանակցություններ-քննարկումներն էլ Ռուսաստանի հետ անցկացնում է հայկական կողմը:
Ինչեւէ, հերթական անգամ Վրաստանը հայտարարում է, թե Լարսի բացման բանակցություններ, այնուամենայնիվ, անցկացվում են, սակայն տեխնիկական մակարդակով: Վրաց փոխարտգործնախարարի հայտարարությունից հետո նման մի հայտարարություն էլ արել է արտաքին գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն , որն, ի դեպ, երկքաղաքացիության մի մասից` ռուսաստանյանից երկար ժամանակ օգտվելուց հետո, ի վերջո, հրաժարվել է:
Վաշաձեի խոսքերով, որ փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը, անցակետի բացումը կապված է տեխնիկական հարցերի հետ: «Լարսի անցակետի բացման առնչությամբ վրացական կողմը բանակցություններ է վարում հայկական կողմի հետ, որոնք տեխնիկական բնույթ են կրում: Երբ եւ ինչ պայմաններով պիտի բացվի Լարսը, դեռ վաղ է խոսել», նշել է վրաց ԱԳ նախարարըՙ ընդգծելով, թե Ռուսաստանի հետ Վրաստանը այս առնչությամբ որեւէ բանակցություն չի վարում:
Ըստ Վաշաձեի, Լարսի բացման բանակցություններում միջնորդական դերակատարություն ունի հայկական կողմը, որն էլ ռուսաստանյան կողմի հետ համաձայնեցնում է տեխնիկական հարցերը: «Լարսի բացումը կարեւոր ու շահավետ է տնտեսական տեսանկյունից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա Ռուսաստանի կողմից ագրեսիա իրականացնելու ցանկության դեպքում նշանակություն չունի, թե օրինական կհատվի արդյոք սահմանը», նշել է Վաշաձեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ