«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆԸ

«Ջավախքը երկրորդական խնդիր է Հայաստանի տարածաշրջանային եւ ազգային քաղաքականության մեջ: Վրաստան-Հայաստան հարաբերություններում Ջավախքը միշտ եղել է գործոն վրացիների ձեռքումՙ Հայաստանի դեմ ճնշումներ օգտագործելու համար: Եթե Ջավախքի ներուժն ու աշխարհագրական դիրքն օգտագործեր Հայաստանի կառավարությունը, ապա Ջավախքը հայ-վրացական քաղաքական գործընթացներից միայն պետք է շահեր: Սակայն տեղի է ունենում հակառակը. Ջավախքի ու ջավախեցու վիճակն օրեցօր վատթարանում է»: Հայագետ Հայկազուն Ալվրցյանի մտահոգությունը չափազանցություն չէ: Ստացվում է, որ Ջավախքի խնդրով մտահոգվողներն այնքան էլ շատ չեն, համենայն դեպս կառավարության եւ արտգործնախարարության դիրքն այս հարցում հենց այդ կարծիքն է ձեւավորում: Իսկ եկեղեցիների խնդրում Մայր աթոռի շարունակական լռությունն էլ բացահայտ անտարբերության ապացույց է:

Հայկազուն Ալվրցյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից եւ սահմանի բացումից հետո Ջավախքի նկատմամբ ուշադրությունն ավելի կնվազի եւ որպես գործոն կանհետանա: «Այսօր էլ Ջավախքին առանձնապես ուշադրություն չեն դարձնում: Եթե հիմա մեկ-մեկ իշխանություններն ինչ-որ հայտարարություններ են անում, ապա սահմանի բացումից հետո այդ հայտարարություններից էլ կհրաժարվեն», ասում է հայագետը:

Շատերն այն տեսակետն են հայտնում, որ սահմանի բացումից հետո Հայաստանի ձեռքերն այլեւս կապված չեն լինի, ու պետական մակարդակով հնարավոր կլինի լուրջ ու հետեւողական քայլեր ձեռնարկել Ջավախքում խնդիրները լուծելու ուղությամբ: Սակայն հայագետն այդ խոսակցություններին չի հավատում` որակելով «անմիտ լարախաղացություն»: «Եթե ճիշտ քաղաքականություն որդեգրվեր, ապա կապն ավելի կամրանար եւ Վրաստանի նկատմամբ ավելի կտրուկ ու արժանապատիվ կեցվածք կընդունեին: Ջավախքը հենարան էրՙ ազդեցություն ունենալու Վրաստանում, դեր խաղալու վիրահայության, տեղի եկեղեցիների ու մշակութային օջախների պաշտպանության հարցում: Երբ Հայաստանը ճանապարհի առումով այլընտրանք ունենա ու Ջավախքը Հայաստանի տնտեսական կյանքում որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, ո՞վ է հիշելու Ջավախքի մասին», մտահոգություն է հայտնում Ալվրցյանը:

Նա նկատում է, որ հիմնական մտահոգությունները վերաբերում են տնտեսական ոլորտին: «Ջավախեցու արտադրանքը գյուղատնտեսական մթերքներ են: Սահմանի բացումից հայ գյուղացին է տուժելու, որովհետեւ թուրքական մթերքները լցվելու են մեր շուկան, ու գյուղացին չի կարողանա իրացնել իր մշակածը: Հետեւաբար ջավախեցու համար բոլոր դռները կփակվեն, եւ նա հնարավորություն չի ունենա որեւէ գործունեություն ծավալելու Հայաստանում: Ջավախեցու մշակած գյուղմթերքները Հայաստանին այլեւս չեն հետաքրքրի: Ջավախեցու վիճակն ավելի է վատանալու»:

Հայագետը մտահոգություն է հայտնում, որ թուրքական ապրանքները հետագայում կլցվեն Ջավախք: «Դա կնպաստի Ջավախքի հայաթափմանը: Եթե գյուղացին իր արտադրածը, մշակածը չկարողանա վաճառել, որպեսզի պահպանի իր ընտանիքի գոյությունը, պետք է մեկնի Ռուսաստան, այլ երկրներՙ աշխատանք փնտրելու համար: Գյուղացու միակ եկամուտը հող մշակելն է: Ջավախքում հնարավոր չէ արդյունաբերական գործունեություն ծավալել, այնտեղ գործարաններ, ֆաբրիկաներ չկան», ասում է հայագետը: Ալվրցյանը փաստում է, որ ջավախեցու արտադրանքը չի վաճառվի նաեւ Վրաստանում: «Եթե նախկինում Վրաստանը Հայաստանից էր կարտոֆիլ գնում, արդեն մի քանի տարի վրացական շուկան ողողված է թուրքական կարտոֆիլով: Ջավախեցու արտադրած կարտոֆիլն էլ որեւէ արժեք չունի եւ Վրաստանում մրցունակ չէ: Այսպես ,ջավախեցու արտադրանքը դուրս կմղվի շուկայից, ու գյուղացին կբռնի խոպանի ճանապարհը»:

Հայագետը փաստում է, որ գոյություն ունի նաեւ խնդրի բարոյահոգեբանական կողմը: «Հայաստանը համայն հայության շահերի պաշտպանն է, բայց եթե Հայաստանն իր տարածքում իր ազատագրված հողը չի ցանկանում պաշտպանել, ապա ջավախեցին կհարցնի, իսկ ինչո՞ւ պետք է պաշտպանի Ջավախքի շահերը: Ջավախեցու համար էլ հայկական հարցը բավական ցավոտ է: Չէ՞ որ Ջավախքի մի մասը Արեւմտյան Հայաստանից է գաղթել: Հայաստանի պարտությունը Ջավախքի պարտությունն է: Որքան շատ է հայրենիքը պարտվում, այնքան շատ է ջավախեցին իրեն անպաշտպան զգում», ասաց Ալվրցյանը` նշելով, որ բազմաթիվ ջավախահայեր մտահոգված են հայ-թուրքական գործընթացով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4