Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայով: Ելույթներ են ունեցել 50 երկրի պատվիրակություններ ու միջազգային կազմակերպություններ: Այս տարի քննարկումները սովորականից ավելի թեժ բնույթ են ունեցել, քանի որ մի քանի անգամ պատասխան ելույթներ են հնչեցրել Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, Իրանը, Սիրիան, Պաղեստինն ու Իսրայելը:
ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության համաձայնՙ Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է վերադասել տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի մյուս սկզբունքներից: Հայաստանի պատվիրակությունն էլ, անդրադառնալով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, կարեւորել է միջագային նորմերին համապատասխան ԼՂ ժողովրդի կատարած ընտրությունը: ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ 21-րդ դարում քաղաքական կամքը գերակշռող պետք է լինի ինքնորոշման իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար` հակառակ դեպքում այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետեւանքների:
Ադրբեջանը փորձել է հակազդել, ինչին ի պատասխան Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների ԼՂ խաղաղ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների, ու, ի վերջո ռազմական ագրեսիայի ու պատերազմի: Նա վերահաստատել է Հայաստանի համոզմունքն առ այն, որ միայն համապարփակ համաձայնությունը կարող է ապահովել կայուն եւ երկարատեւ խաղաղություն տարածաշրջանում:
Հ. Հ.