«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԵՐԻ

Ադանայի ջարդերի հարյուրամյակին նվիրված հիշատակի երեկո է տեղի ունեցել հոկտեմբերի 11-ին Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում, տեղեկացնում է Նորա Ոսպիկյանը : Իրադարձության հովանավորողներն են եղել «Ապրիլ բուքս» գրախանութը, «Կոմիտաս» ինստիտուտը եւ Գլենդեյլի հանրային գրադարանը: Բանախոսներ Կարո Մոմճյանը եւ Արա Սարաֆյանը խոսել են 1909-ի սարսափելի ժամանակների մասին, երբ 20-40 հազար հայեր են սպանվել: Կարո Մոմճյանը մանրամասներ է պատմել վերջերս Անկարայում, թուրքական պատմական ընկերության կազմակերպած, Ադանային նվիրված կոնֆերանսից, որին ներկա է գտնվել: Նա շեշտել է այն միտքը, որ հսկայական աշխատանքներ պետք է կատարվեն` հիմնովին փոխելու կոտորածների վերաբերյալ թուրքական մտայնությունը: Արա Սարաֆյանը մասնավորապես անդրադարձել է 1909-ի իրադարձությունները նկարագրող հայկական աղբյուրներին եւ մեջբերումներ կատարել Հակոբ Թերզյանի «Կիլիկիոյ աղետը» գրքից: Նա շեշտել է, որ այդ դեպքերը կատարվել են խաղաղ ժամանակաշրջանում եւ աչքերի առաջ աշխարհի ժողովուրդների, որոնք դիվանագիտական կապեր են ունեցել Oսմանյան կայսրության հետ: Նա անդրադարձել է Հրանտ Դինքի հիմնադրամի, «Կոմիտաս» ինստիտուտի եւ Բիլգի համալսարանի Ստամբուլում կազմակերպած գիտաժողովին եւ նշել, որ անհրաժեշտ է տարբերակել մյուսներից հայկական հարցերով զբաղվող թուրք գիտնականներին, որոնք ճշմարտությունը չեն թաքցնում:

Գեղարվեստական մասում տեսաֆիլմեր են ներկայացվել Սիամանթոյի եւ Զաբել Եսայանի մասին, ինչպես նաեւ արտասանություններ եւ երաժշտական կատարումներ են հնչել ի հիշատակ զոհվածների: Բացվել է նաեւ լուսանկարների ցուցահանդես Ադանայի ջարդերի վերաբերյալ, որը բաց կլինի մեկ ամիս: Լուսանկարները տրամադրել է «Կոլումբիա» համալսարանի հազվադեպ գրքերի եւ ձեռագրերի գրադարանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4