«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԶԳՈՒՅՇ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ, ԹԵ՞ ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ԲՅՈՒՋԵ

Երեք կարծիք 2010-ի բյուջեի մասին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մոտավորապես 860 մլրդ դրամ ծախսեր, 183 մլրդ դրամ դեֆիցիտ, 677 մլրդ դրամ էլ եկամուտներ նախատեսող 2010-ի բյուջեն, որ դոլարային տեսքով 2,5 մլրդի սահմաններում է (թեեւ դոլարային կուրսով վերջին երկու տարում մեր բյուջեում հաշվարկներ չեն կառուցում), որպես փաստաթուղթ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովի հանձնաժողովներում եւ տարբեր գնահատականների արժանանում: Երեկ փորձեցինք ստանալ տնտեսագետ պատգամավորներից երեքի գնահատականները բյուջեի նախագծի վերաբերյալ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում էր, որ 2010-ի բյուջեն հետճգնաժամային առաջին տարվա բյուջեն է եւ դրանով է պայմանավորված այն համեստ աճը, որ տնտեսական աճի մեծ անկումից հետո նախատեսված է` 1,2 տոկոս. «Եթե մենք քննարկենք` ինչու է այդ տոկոսը դրվել, պետք է նկատի առնենք, որ բյուջեն նախագծված-վերջացված էր ըստ էության տարվա կեսին: Մեզ մոտ դինամիկ զարգացում է տեղի ունենում տնտեսության մեջ, ինչպես որ աշխարհում է, վերջին տվյալները կարծեք թե ասում են, որ կայունություն գոյունություն ունի, կարծեք թե անկումն ավարտվել է: Սակայն դժվար է ասել, թե այդ կայունության պարագայում ե՞րբ կսկսվի տնտեսական աճը եւ ի՞նչ թափով տեղի կունենա: Այնպես որ 1,2 տոկոսի տնտեսական աճը արդարացված է, այսինքն` դա բավականին պահպանողական կանխատեսում է: Ժամանակը եւ նույնիսկ մոտ ժամանակը կարող է ցույց տալ տնտեսական աճի նոր դրսեւորումներ համաշխարհային մակարդակով, եւ կարծում եմՙ նաեւ հնարավոր կլինի հետագայում դրան արձագանքել բյուջեում»: Գ. Մինասյանը նոր բյուջեն անվանեց պահպանողական-զգուշավոր, որը լավատեսական սցենարով չի կազմված. «Այդ տեսակետից` ավելի վատ զարգացումների պարագայում մենք բավականւին ամուր ռեզերվ կունենանք»:

Մեր դիտարկմանը, թե նախագծի ընդդիմախոսները խոսում են արտաքին ահռելի պարտքի մասին` ՀՆԱ-ի 45-46 տոկոս, որի դեպքում այսպիսի բյուջեն վտանգավոր է, Գ. Մինասյանը համաձայն չէր` արտաքին պարտքի առումով մեր պետությունը միշտ զգուշավոր քաղաքականություն է վարել, յուրաքնաչյուր տարվա դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը` 2 տոկոս, 2-ից էլ ցածր է եղել, ինչը թույլ է տվել 2008 վերջին ունենալ ընդամենը 13 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտք:

Սա չափազանց ցածր տոկոս է` մինչեւ ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով արտաքին պարտքը կրիտիկական չի համարվում: Ըստ նրա` անցնող տարում ներգրավված վարկային միջոցներն ուղղվեցին երկու համակարգաստեղծ ճյուղերին` շինարարություն եւ հանքահումքային արտադրություն, որն ապահովեց նոր պատվերներ, հարակից ճյուղերում` նոր աշխատատեղեր, շուկայում էլ պահանջարկ ձեւավորվեց, որի բացակայությամբ տնտեսական անկումն ավելի խոր կլիներ. «Այդպիսով` այս տարի մենք կավարտենք 29 տոկոս արտաքին պարտքով (13 տոկոսից կհասնի 29-ի) եկող տարի եւս վարկեր ենք ներգրավելու, սակայն դրանց տեմպն էապես կրճատվելու է, եւ մյուս տարի արդեն շուրջ 40 տոկոսի արտաքին պարտք կունենանք, որն անթույլատրելի 50 տոկոսից էապես քիչ է»:

  Վարդան Բոստանջյանը նոր բյուջեն անվանում է մոբիլիզացիոն` հավաքագրային: Ըստ նրա` բյուջեն ուղղակիորեն կազմվել է` ելնելով ֆինանսական ճգնաժամից եկող բոլոր բացասական միտումներից, որոնք անկախ մեր կամքից կարող էին տեղի ունենալ, մասնավորապես Հայաստանի համար ունենալով ամպլիտուդային ավելի մեծ բացասական ազդեցությունը: Մեր դիտարկմանը` թե մինիմալ պահանջները բավարարելու ուղիով են գնացել բյուջեն գրողները, Բոստանջյանը հակադարձեց, թե չէի՞ն ուզի մաքսիմալ պահանջները դնել, բայց այդ մաքսիմալի հնարավորությունը պետք է ունենալ. «Պարզ հարց է` չունենք այդ հնարավորությունը: Պաշտպանությունը, որ այսօր ՀՀ-ի համար չափազանց կարեւոր ոլորտ է, մինչեւ անգամ պաշտպանության հատկացումներն են սահմանափակվել: Հանդես է բերված իրատեսական մոտեցում: Բյուջեի փաստաթուղթը միայն մի թույլ կողմ կարող է ունենալ` դրա տակ թաքնված կառավարման գործառույթները ես կուզեի, որ լինեին ավելի ռացիոնալ, ավելի նպատակամետ. տեսեք` մենք ունենք ֆինանսական միջոցների սուղ հնարավորություն, որն արտացոլված է բյուջեում մեր եկամուտների, ինչպես նաեւ արտաքին կամ ներքին աղբյուրներից ստացած դեֆիցիտի տեսքով, հիմա այս ծախսերը, որ պիտի իրականացնենք` նման իրավիճակից դուրս գալու եւ հետագայում մեծ ակնկալիքներ ունենալու համար, հարկավոր է գերնպատակային եւ արդյունավետ օգտագործել»:

Իսկ նախագիծը քննադատողներին էլ ասաց, որ բոլոր այդպիսի խոսակցությունները պարզապես խոսակցություն են եւ հետապնդում են դիմացինին` կառավարություն, իշխանություն փնովելու նպատակ. իրենց ընդդիմադիր որակողները, այդ թվում` նրանց մեջ կան իրենց էությամբ հոռետես մարդիկ, առանց խորանալու իրավիճակի մեջ ամեն տեսակ քննադատություն կարող են հնչեցնել. «Բայց ավելի ըմբռնող, հասկացող մարդկանց խնդիրը թացը չորից տարանջատելն է: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում այս իրավիճակում նույնիսկ այսպիսի բյուջեի առաջադրումը համարձակ գործ է: Բայց չեմ կասկածում, որ այն կկատարվի»:

Իսկ ԱԺ դահլիճում ինտենսիվ քննադատության բյուջեի նախագիծն, ըստ Վ. Բոստանջյանի, հազիվ թե ենթարկվի` կոալիցիոն ուժերը շատ են, իսկ ընդդիմությունը կասի այնքան վատ բան, որքան կարող է:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը բյուջեի նախագիծը իրականության հետ որեւէ առնչություն չունեցող եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն անպատրաստ համարեց` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մարտահրավերները չեզոքացնելու, Հայաստանի անառողջ տնտեսական համակարգն առողջացնելու եւ իրական մրցակցային տնտեսական կարգեր հաստատելու որեւէ էական գործողություն չի ներառում: Փաստաթուղթն ըստ նրա, Հայաստանի բնակչության կենսապայմանների բարելավման ուղղությամբ որեւէ լուրջ պատասխան չունի իր մեջ. «Եթե մենք խոսում ենք ընդլայնողական մակրոտնտեսական քաղաքականության մասին` սա նշանակում է, թե արտադրական ենթակառուցվածքների կոնկրետ ներդրումները` վարկային ռեսուրսներով բերվածը, պետք է իրականացվեին, բնակչության եկամուտների բարձրացման քաղաքականություն պետք է լիներ բյուջեում, վարկային ռեսուրսների էժանացման քաղաքականություն, որպեսզի տնտեսությունն աշխուժանար: Իսկ կառավարությունը միայն դրա տակ հասկացել է արտադրողների խրախուսման որոշակի ծրագրեր իրականացնելը, բայց իրականում դա էլ ոչ թե ոլորտային քաղաքականություն է, ինչպես որ հայտարարվում էր, այլ ընտրողաբար` այս կամ այն ձեռնարկության հանդեպ, փաստորեն մենաշնորհների խրախուսման քաղաքականություն է տարվում: Կտրուկ պետք է որդեգրվեր հակամենաշնորհային քաղաքականություն, պետք է վերջ տրվեր սահմանի վրա այս կամ այն սուբյեկտին մենաշնորհ ընձեռելու հնարավորությունից, արտահանման քաղաքականությունը պետք է խթանվեր, պետք է շուկաներ նվաճվեին հայկական ապրանքատեսակների համար:

Ազգային ժողովի դիմադրողականությունը ցույց տանք, որ կառավարությունը չգա այստեղ հայտարարի` ինքը իրականացնում է «իքս» քաղաքականությունը, բայց հետո դեմ է տալիս «իգրեկ» գործողություն: Ազգային ժողովի հաստատած ծրագրի պատասխանատվությունը կրո՞ւմ է կառավարությունը, թե՞ ոչ: Վարչապետը քաղաքական մեծամասնության անունից է խոսում, այդ պետք է հասկանա ԱԺ մեծամասնությունը», մեծամասնությանը «թասիբի» գցեց Ա. Մինասյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4